Կապանում «Ագապե» ՍՊԸ-ի հանրային քննարկմանը գրանցվել է ընդամենը 40 մարդ

Դեկտեմբերի 11-ին Կապան քաղաքում «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում Կապան համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումն անցել է լարված մթնոլորտում, սակայն տեղի է ունեցել և արձանագրությունը շուտով կուղարկվի Բնապահպանության նախարարություն: 

«Դեկտեմբերի 11-ին հանրային լսումը տեղի ունեցել է, նախորդ քննարկումը չէր կայացել: Այս անգամ ևս եկել էին բնապահպանական, հանրային դաշտի ներկայացուցիչները, ներկայացրեցին իրենց դժգոհությունները, բայց հանրային լսումը տեղի ունեցավ: Երկխոսությունը եղել է շատ ակտիվ, կարելի է ասել նաև մի քիչ կոպիտ, իրենց պահանջները խստագույն դրված են: Փոխանակվեցին մտքերով, կային նաև կողմ մարդիկ, կային նաև դեմ բնակիչներ: Մենք գրանցել են և՛ այս, և՛ այն կողմերի ելույթները: Արձանագրություն ենք կազմել ու պետք է ներկայացնենք բնապահպանության նախարարությանը, որպեսզի հետագայում ճակատագիրը որոշեն, բայց սա երրորդ՝ վերջին փուլն է, հետազոտման վերջին փուլն է»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետարանի աշխատակից Ավետիք Համբարձումյանը:

Վերջինս նշեց, որ հանրային քննարկմանը գրանցվել է մոտավորապես 40-45 հոգի, սակայն շատերը ներկա են եղել և չեն գրանցվել: «Արձանագրությունը մինչև երկուշաբթի օրը կվերջացնենք: Եղել են դեմ արտահայտվողներ 5-6 հոգի, պարզապես լքել են դահլիճն ու քննարկումը: Վեր կացան, դուրս եկան, չստորագրեցին արձանագրությունը»,- ասաց նա:

Նշենք, որ 2016թ.-ի տվյալներով Սյունիք մարզի Կապան քաղաքի բնակչությունը կազմում է 42 600 մարդ: 2017թ.-ին «Ագապե» ՍՊԸ Սյունիքի մարզում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու մասին հայտը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժել է փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով:

Հանրային քննարկման կայացած լինելու մասին տեղեկությունը հաստատեցին նաև Բնապահպանության նախարարությունից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում