Կարմիրգրքյան թռչունը՝ ռեստորանում. հանրային սննդի օբյեկտում կենդանի պահելը վտանգավոր է (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ստանալ ահազանգեր տարբեր վայրերում անազատության մեջ պահվող կենդանիների մասին:

Այս անգամ ևս կանդրադառնանք հանրային սննդի օբյեկտում՝ ռեստորանում պահվող կարմիրգրքյան թռչունի դեպքի: Մասնավորապես, խոսքը գնում է Թբիլիսյան խճուղիում գտնվող «Այգի» ռեստորանի մասին, որտեղ վանդակում պահվում է գիշատիչ թռչուն: Ինչպես մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նշեց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը՝ լուսանկարում Բվեճ (Bubo bubo) է: «Թռչունը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում Vulnerable VU B1a; C2a(i); D1. կարգավիճակով, անօրինական որսի համար նախատեսվում է պատիժ՝ 100 հազ. դրամի սահմաններում»,- մանրամասնեց նա:

ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով բնադրում է քարանձավներում, ժայռերի միջև և խուլ կիրճերում: Սնվում է, առավելապես, կրծողներով և թռչուններով: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Որպես վտանգման հիմնական գործոններ Կարմիր գրքում նշված է. «Հավանական է մարդու կողմից ուղղակի հետապնդվելը: Բազմաթիվ են անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը: Թունաքիմիկատների օգտագործման պետական անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի` կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար»:

Իսկ թե առհասարակ ի՞նչ ռիսկեր կարող են լինել հանրային սննդի օբյեկտում վայրի կենդանի պահելու դեպքում, պարզեցինք Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանից, ով ասաց. «Սկսեմ նրանից, որ հանրային սննդի օբյեկտում կենդանի պահելն արդեն խախտում է: Կախված կենդանուց, կախված տեսակից զանազան ռիսկեր ու վտանգներ կարող են լինել: Օրինակ, եթե թռչունը թևերը թափ է տալիս, և դա ռիսկ է, ապա արդեն բավարար է, որ կասեցնեն գործունեությունը: Բվեճները, քանի որ մսով են սնվում, այս դեպքում ռիսկը մի քիչ ավելի շատ կարող է լինել, որովհետև կենդանին կարող է նաև ցիկլի մեջ լինել մի շարք զոոնոզ հիվանդությունների հետ. միսը կուլ տան, իրենց աղիներով անցնի հարուցիչը, դուրս գա ու տարածվի արտաթորանքի հետ, իսկ եթե կրծողներով են կերակրում, ապա մի ամբողջ ծաղկեփունջ է ստացվում հիվանդությունների:

Եթե թռչունն ազատ չի տեղաշարժվում, ապա իրենք կարող են կոնկրետ իրենց վանդակի շրջակայքն աղտոտել հարուցիչով: Եթե վանդակին մոտենա երեխա ու հանկարծակի ձեռքերով դիպչի վանդակի ճաղերին, հատակին, հետո ձեռքերը տանի բերանը, շատ հնարավոր է, որ երեխան վարակվի հարուցիչով, նույն օրնիթոզի հարուցիչով, որը վտանգավոր զոոնոզ է»:

Նշենք, որ այս ռեստորանում պահվում է նաև սիրամարգ, աղավնիներ, նապաստակներ: «Եղանակային պայմաններից ելնելով, նապաստակներին ենք հավաքել, չենք կարող բաց թողնել, բայց մյուսներին կարող եք տեսնել վանդակներում»,- պոտենցիալ հաճախորդի հետ զրույցում ասաց ռեստորանի աշխատակիցը:

«Մի քանի կենդանու դեպքում ռիսկը մեծանում է, նույնիսկ այդ պահվող կենդանիների մեջ կարող է ցիկլ առաջանալ, իրար փոխանցեն հիվանդությունը վերջում մարդուն վարակեն: Դա մի ցավալի հարց է, որն ընդհանրապես ընդունելի չէ»,- մեզ հետ զրույցում ասաց կենդանաբույժ Գրիգոր Գրիգորյանը՝ պարզաբանելով, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ հանրային սննդի օբյեկտում կենդանիների պահելու դեպքում:

ՀՀ կարմիր գրքում սահմանված են նաև պահպանության միջոցառումները. «Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է պետական մի շարք արգելոցներում և արգելավայրերում: Անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ կատարելու համար: Մշակել մի շարք միջոցառումներ ինչպես բնադրավայրերը պահպանելու, այնպես էլ բնակչության էկոլոգիական դաստիարակման ուղղությամբ: Վերանայել բվեճի բնադրավայրերում հողային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի մեթոդները` կիրառելով էկոլոգիապես ավելի անվտանգ միջոցներ: Մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի համար»:

Հավելենք նաև, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, հոդված 27-ի 1-ին մասը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի ոչ լիարժեքության, ժամանակին անհամահունչ և զարգացած երկրիների փորձին անհամապատասխան լինելու մասին ոլորտային մասնագետները բարձրաձայնում են տարիներ շարունակ: Նշված օրենքն այժմ գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ լրամշակման փուլում:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, բնապահպանության նախարարության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ուշադրությունը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում