«Սաբոտաժ»՝ կենդանիների հաշվին. նոր մանրամասներ զեբրի թունավորման դեպքից

Երևանի կենդանաբանական այգու շուրջ ձևավորված «աղմուկը» սահուն կերպով անցում կատարեց «հանցագործ սաբոտաժի». հավանականությունը մեծ է, որ մարդկային փոխհարաբերությունների, անձնական շահերի բախման և դաժանության զոհը դարձավ այգու նոր բնակիչը՝ զեբրը:

Կենդանու միտումնավոր թունավորման համար պատասխանատու անձին սպասվում է ազատազրկում: ՀՀ Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Քննչական կոմիտեն նշված դեպքով հարուցված քրեական գործը ստացել է նոյեմբերի 27-ի ուշ երեկոյան և վարույթ է ընդունել, որով իրականացվում է նախաքննություն: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասով»:

Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ զեբրի անկման մասին հայտարարվել է դեռ նոյեմբերի 13-ին: Ոստիկանությունից Քննչական կոմիտե նշված գործն անհայտ պատճառներով հասել է 10 օր հետո միայն: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ դեպքով քրեական գործ է հարուցվել նոյեմբերի 17-ին և ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե:

Կենդանու հետ տեղի ունեցած միջադեպի և անկման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի կենդանաբանական այգու կողմից տրամադրվեց ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները (06.11.2018), ռենտգեն լուսանկարները (1, 2, 3), ինչպես նաև գործընթացին մասնակից եղած տարբեր երկրների կենդանաբույժերի կողմից տրամադրված խորհրդատվության արձանագրությունները:

Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Կենդանաբանական այգու հավաքածուի մեջ հաշվառվող թվով 1 զեբրը բերվել էր Թբիլիսիի կենդանաբանական այգուց ս.թ ապրիլի 30-ին: Կենդանին ներմուծվել էր լիովին առողջ, առանց որևէ խնդիրների: Սթ. նոյեմբերի 6-ին, ցերեկը կենդանին հայտնաբերվել էր իր ազատավանդակում, նստած տեսակին ոչ հատուկ ձևով: Բերանի հատվածում նկատվել է արնահոսություն, շուրջը՝ արյան հետքեր:

Ակնադիտական զննմամբ կենդանու հետին վերջույթը պարալիզացված էր, որի հետևանքով կենդանին չի կարողացել կանգնել: Նախնական ենթադրությամբ կասկածվել է աջ ազդոսկրի տրավմա: Կատարվել է ազդոսկրի ռենտգեն, որը սակայն չի հաստատել ենթադրությունը (կից):

Վերցվել են կենսանմուշներ՝ լաբորատոր պայմաններում անհրաժեշտ ստուգումներ կատարելու համար, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով, թունաբանություն (արսեն, ցիանիդ) և մեզի հետազոտություն: Հետազոտման է ենթարկվել նաև կենդանու կողմից նույն օրը կերած խոտն ու ծղոտը:

Կենդանու մոտ առկա են եղել թունավորման ախտանիշներ` ընդհանուր թուլություն, ակնաբբի լայնացում, առանձին մկանների պարալիզ, թքահոսություն, կլման ակտի դժվարացում, փքանք, միզազատության նվազում և դժվարացում (զեբրի դեպքում՝ ապացուցված լաբորատոր անալիզներով՝ կից (CREA)), վերջավորության ջղաձիգ կծկումներ: Փսխում և փորլուծություն չի նկատվել (արսենով թունավորման ախտանիշների պարտադիր պայման չէ): Կենդանու մարմնի ջեմաստիճանը նույն օրը եղել է նորմայից ցածր՝ 34.5 C:

Հարկ ենք համարում նշել, որ արսենի թունավոր դոզաները տատանվում են մեծ սահմաններում։ Օրինակ` որոշ ձիեր երբեմն դիմանում են արսենի անհիդրիդի 30 գ-ին, իսկ մյուսները անկում են 3 գ-ից: Պարալիտիկ ձևը առաջ է գալիս արյան մեջ մեծ քանակությամբ արսեն (136 – 137) ներծծվելիս (տե՛ս Անասնաբուժական թունաբանության դասագիրք, հեղինակներ՝ Ա. Վ. Մանասյան, Ֆ.Բ. Ադամյան):

Կենսանմուշների լաբորատոր անալիզներով պարզվել է (կից)՝ արսենի պարունակություն արյան շիճուկում՝ 950մկգ/լ, արսենի պարունակություն արյան մեջ՝ 559 մկգ/լ, արսենի պարունակություն մեզի մեջ՝ 264 մկգ/լ: 

Հաստատվել է կենդանու թունավորման վարկածը:

Արսեն է հայտնաբերվել նաև կենդանու կեր հանդիսացող ծղոտի մեջ, 4 բաղադրամասերում՝ 1.5 մգ/կգ, 2.3 մգ/կգ, 2.8 մգ/կգ և 3 մգ/կգ: Հարցում է կատարվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՝ ճշտելու համար կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական և անօրգանական թունավոր անցանկալի նյութերի առավելագույն թույլատրելի քանակները ճշտելու համար: Ներկայացնում ենք ստացված պատասխանը ամբողջությամբ:

Կենդանուն հայտնաբերելու նույն օրը զեբրը տեղափոխվել է ջեռուցվող ձմեռանոց, հայտարարվել է կարանտին: Կենդանաբույժի նշանակմամբ իրականացվել են հետևյալ բուժումներն ու ներարակային ներարկումները (IV) ՝ ռինգերի լուծույթ, գլյուկոզա 40%, կալցիումի քլորիդ, ֆուրոսեմիդ, ունիտիոլ, B Vit կոմպլեքս, կետոպրոֆեն, դեքսամետազոն, վիտոլ, պրոզերին, ցիպրոմագ, ացեպրոմազին:

Տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով կենդանուն 24 ժամ հետևել են նաև արտասահմանցի կենդանաբույժները, ապահովել անհրաժեշտ խորհրդատվություն և առօրյա վերահսկողություն (տե՛ս կից նամակները):

Կենդանու վերջույթների վրա հայտնված արյունն, ամենայն հավանականությամբ, հետևանք է արսենի նյարդապալատիկ ազդեցության հետևանքով կենդանու հանկարծակի կոլապսի (ընկնելու), ինչի արդյունքում վնասվել է կենդանու դիմածնոտային հատվածը (դեռևս չպարզված հանգամանքներում):

Կենդանու մոտ դիտվել է բուժման դրական դինամիկա 09.11 -12.11թթ. ընկած ժամանակահատվածում. նկատվել է վերջավորությունների շարժ, կենդանին խմել է ջուր, արյան մեջ արսենի պարունակությունը նվազել է մինչև 475 մկգ/լ: Նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան սակայն կենդանին գտնվել է անշարժացած վիճակում: Գրանցվել է կենդանու անկում: Կենդանու պահման տարածքում տեսանկարահանող սարքեր չկան»:

Ներկայացնենք նաև Երևանի կենդանաբանական այգուն խորհրդատվություն տրամադրած մի քանի կենդանաբույժների գրությունները (թարգմանությունը՝ խմբագրության): «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու կենդանաբույժ Մարնո Ուոլթերսը (Doctor of Veterinary Medicine) գրում է. «2011թ.-ից «Արտիս»-ի կենդանաբույժերի թիմը ներգրավված է եղել Երևանի կենդանաբանական այգուն խորհրդատվությամբ և դեղորայքի, սարքավորումների տրամադրման միջոցով օգնություն ցուցաբերելու գործում՝ նպատակ ունենալով բարձրացնել տեղի կենդանաբուժական անձնակազմի աշխատանքի որակի և հմտությունների մակարդակը: Հանդիսանալով «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու կենդանաբուժական անձնակազմի անդամ, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգու մենթորներից մեկը, ես անմիջապես տեղեկացվել եմ Երևանի կենդանաբանական այգում պահվող միակ զեբրի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

Չնայած, զեբրի վարքագծի առաջին կլինիկական ախտանիշները ոչ ամբողջությամբ են համընկնում մկնդեղով թունավորման աշխատանիշների հետ, այն հետագայում հաստատվել է լաբորատոր արդյունքներով:

Ես կապի մեջ եմ եղել Երևանի կենդանաբանական այգու թիմի հետ և խորհրդատվություն եմ տրամադրել նման դեպքերում կիրառվող լավագույն բուժման եղանակների մասին: Այնուամենայնիվ, դեպքերի մեծամասնությամբ, կենդանուն բուժելն անհնար է լինում և մկնդեղով թունավորումը տանում է կենդանու անմիջական մահվան: Ես նաև տեղեկացվել եմ կենդանու բնական մահվան մասին, չնայած նման դեպքերում էֆթանազիան հաճախ կենդանու համար լավագույն լուծումն է: Երևանի կենդանաբանական այգու թիմն արել է ամեն հնարավորը զեբրին բուժելու համար, բայց ելնելով իմ փորձից, կենդանիները սովորաբար չեն հաղթահարում այսպիսի թունավորումը, հետևաբար կենդանու մահը սպասելի էր, չնայած Երևանի կենդանաբանական այգու թիմի բոլոր ջանքերին» (ամբողջությամբ՝ հղումով):

Մեկ այլ կենդանաբույժ, Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների /ЕАРАЗА/ կենդանաբույժների խմբի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը (Doctor of Veterinary Medicine) գրում է. « (...) Զեբրայի մարմնի դիրքը բնորոշ չէր կոտրվածքի համար։ Նման դեպքում, զեբրերը պահպանում են կանգնած դիրքը՝ չհենվելով վերջույթներից մեկի վրա։ Քանի որ վեր կենալու և փախչելու կարողության բացակայությունը զեբրերի մոտ առաջացնում է ուժեղ սթրեսային իրավիճակ, որն ինքնըստինքյան կարող է ունենալ մահվան ելք, ապա իմ առաջնային խորհրդատվությունը եղել է հանգստացնող միջոցների, ցավազրկողների ու հակաբորբոքային միջոցներ կիրառումը: (...) Վերջնական ախտորոշումն էր սուր թունավորում մկնդեղով։ Մկնդեղով սուր թունավորման ժամանակ ձիազգիները պառկում են տանջալից վիճակով կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսիայի պատճառով։ Սուր թունավորման և սպեցիֆիկ հակաթույնի (Dicaptol) բացակայության պայմաններում կանխատեսումը վատ է լինում։ (...) Կարծում եմ, որ կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի և Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից իրականացված ախտորոշիչային բուժումը եղել է ճշգրիտ՝ պահպանելով մեր բոլոր առաջարկությունները» (ամբողջությամբ՝ հղումով):

Մեզ են տրամադրվել նաև Թեհրանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Իման Մեմարիանի և Վարշավայի կենդանաբանական այգու կենդանաբույժ Ագնեշկա Չույկովսկայի գրությունները, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով:

Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը դիտավորություն է տեսնում տեղի ունեցածի մեջ, ինչի մասին հայտնել է նաև լրագրողների հետ զրույցում: Միևնույն ժամանակ, մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցներ, պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Ուսումնասիրելով աշխարհում կենդանաբանական այգիների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հայտնաբերեցինք ներկայումս Երևանում ծավալվող իրադարձությունների սցենարով ընթացքող մի շարք պատահարներ: Պարզվում է՝ աշխարհում, և հատկապես ԱՊՀ երկրներում «ընդունված» տարբերակ է կենդանիներին վնասելու միջոցով նպատակներին հասնելը: Տարբեր երկրների կենդանաբանական այգիներում արձանագրված նման միջադեպերը հետապնդել են տարբեր շահեր, սակայն ըստ էության ունեցել են մեկ ընդհանուր գիծ:

Օրինակ, 2009թ.-ին Յալթայի կենդանաբանական այգում թունավորումից անկել է միանգամից 10 կենդանի: Տնօրեն Օլեգ Զուբկովը կենդանիներին միտումնավոր թունավորման մեջ մեղադրել է այգուն հարակից ավտոկայանի աշխատակիցներին, որոնք պարբերաբար խնդիրներ և շահեր են ունեցել այգու գործունեության հետ կապված:

2010թ.-ին Կիևի կենդանաբանական այգում թունավորել են Բոյ անունով փղին, որը նույնպես անկել է: Տնօրեն Սվետլանա Բերզինայի կարծիքով կենդանու թունավորման մեջ մեղավոր են եղել այգու նախկին աշխատակիցները, որոնք հետապնդել են բիզնես շահեր: Բերզինան հատկապես նշել է, թե ինչ պատճառներով են հեռացվել աշխատակիցները և արդյունքում եկամտի ինչ աղբյուրներից են զրկվել, որոնցից են օրինակ՝ մանկական կենդանաբանական այգին կամ էկզոտարիումը: Տվյալ դեպքում, Սվետլանա Բերզինան ինքնակամ է հեռացել այգուց և այգու տնօրինությունը փոխվել է: Թունավորման դեպք է արձանագրվել նաև 2011թ.-ին, երբ անկել է այգում պահվող հազվագյուտ դավթի եղջերուն: Նոր տնօրինությունը կրկին այգու տարածքը գրավելու միտում է նկատել տեղի ունեցածի մեջ:

Առավել ուշագրավ է 2016թ.-ին Նիկոլաևսկի կենդանաբանական այգում արձանագրված պումայի և իրբիսի/ձյունահովազի անկման դեպքը: Լաբորատոր ուսումնասիրության արդյունքում կրկին պարզվել է, որ կենդանիներին թունավորել են մկնդեղով: Տնօրեն Նիկոլայ Տոպչիյը հայտարարել է, որ թունավորման ժամանակահատվածը պատահաբար չի ընտրվել, այլ գործողությունն իրականացվել է, երբ այգի է ժամանել Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) հանձնաժողովը: Հիշեցնենք, որ զեբրի հետ կապված միջադեպից օրեր առաջ Երևանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների (ЕАРАЗА) միջազգային կոնֆերանսը:

Առավել խորը ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ շատ հեռու գնալ պետք չէ. կենդանիների թունավորման դեպքեր արձանագրվել են նաև 1990-ական թվականներին Երևանի կենդանաբանական այգում: Մենք կապ հաստատեցինք կենդանաբանական այգու այդ տարիների փոխտնօրեն Արտյոմ Մակարյանի հետ, ով ասաց. «Ես շատ վաղուց այստեղ աշխատել եմ փոխտնօրեն ու այդ ժամանակ էլ կային նմանատիպ երևույթներ: Այն ժամանակ փղին էին թունավորել, բայց դրանից առաջ եղել են էլի վատ, բացասական երևույթներ, էլի թունավորումներ, մտել էին փասիանների վանդակում գլուխները քաշել, գցել էին և այլն: Բայց դա այն տարիներին է եղել, երբ շունը տիրոջը չէր ճանաչում՝ 1991-1993 թվականներին էր: Ապոգեյը եղավ այն, որ փիղը ընկավ և չէինք կարողանում հասկանալ ինչն է պատճառը, սատկելուց հետո տեսանք, որ կենդանին թունավորված էր: Վերևից ուտելիք էին տվել, մեջը մկնդեղը և փիղը սատկեց: Այս մթնոլորտը, որը հիմա կա, նորություն չէ. սա «ամենաընդուված» տարբերակն է այն առումով, որ երբ խոսքը գնում է քեզ վատություն անելու մասին, ապա կենդանուն են թունավորում, որ քեզ վատ լինի: Ամենավատ տարբերակն է և դրա համար էլ այստեղ անցնում է, հասկանո՞ւմ եք: Կարող են անգամ մի թթու խոսք էլ չասել, պարզապես գնալ և կենդանուն թունավորել ու դրանից քեզ վատ կլինի, նախ և առաջ, քանի որ դու մարդ ես, սիրում ես կենդանուն, փայփայում ես, պահում ես, դժվարություններով, պատկերացնո՞ւմ եք կենդանիներին ինչ դժվար էր այգում պահելը: Էլի քրեական գործ բացվեց, երկար գնաց, տարան լաբորատորիայում էլ ստուգեցին... ինձ համար դա շատ մեծ սթրես էր և ես այգուց դուրս եկա»: 

Ըստ էության, տարբեր երկրների կենդանաբանական այգիներում մասնավոր շահերի նպատակով կենդանիներին որպես սաբոտաժի միջոց օգտագործելու փորձը պրոյեկտվում է նաև Հայաստանի վրա և անգամ նախկինում կիրառվել է Երևանի կենդանաբանական այգում: Հավանաբար, նման դեպքերի, հատկապես նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գրանցվելու հիմնական պատճառը հասարակության որոշ շերտերում առկա գիտակցության, անհրաժեշտ գիտելիքների ոչ բավարար մակարդակն է, ինչպես նաև ստեղծված սոցիալական իրավիճակը, որոնք մեկ տեղում միավորում են նաև անձնական շահադիտական նկրտումները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում