Մի քանի ջրօգտագործողների մոտ բազմաթիվ թերացումներ և խախտումներ են հայտնաբերվել

Պետական Վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման տարածքում: Վերջին օրերին ուսումնասիրող խումբը Ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շրջայցեր են կատարել ընկերության Բուրաստան, Բաղրամյան, Կանաչուտ և Ազատավան տեղամասեր, որտեղ պետական դրամաշնորհի շրջանակում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից:

Խոսքը ջրօգտագործողների ընկերություններին հատկացվող ամենամյա պետական դրամաշնորհների մասին է, որոնք ուղղվում են անհետաձգելի հիմնանորոգման աշխատանքներին: Այդ նպատակով դեռևս 13.06.2018թ. ՋՕԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքված պայմանագրի հիման վրա նախատեսված էր կատարել 59.379.000 դրամի աշխատանքներ և որպես կանխավճար հոկտեմբերի 10-ին ընկերությանն է փոխանցվել նախատեսվածի 40%-ի չափով՝ 23.836.000 դրամ:

Իսկ որքանո՞վ է պետական աջակցությունն արդյունավետ օգտագործվում, որքանո՞վ է ծառայում նպատակին և որքանո՞վ են աշխատանքներն իրականացվում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան. հենց այս հարցադրումներով ուսումնասիրություններ են կատարվում բոլոր ՋՕԸ-ներում, ներառյալ «Արտաշատը»:

Ուսումնասիրությունների ընթացքում տեղամասերում ակնհայտ մի շարք թերացումներ են նկատվել, որոնց շուրջ արձանագրություն է կազմվել ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի գլխավորած աշխատանքային խմբի և այնուհետև Ջրային կոմիտեի համապատասխան հանձնաժողովի կողմից:

Աշխատանքային խումբն Արարատի մարզի Բուրաստան համայնքում արձանագրել է, որ մոտ 120մ երկաթբետոնե կիսախողովակների տեղադրման աշխատանքներն արդեն իսկ կատարված էին և այցելության պահին բնահողի հետլիցքի ավարտական աշխատանքներ էին կատարում «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցները՝ ընկերությանը պատկանող տեխնիկայով:

Հատկանշական է, որ այս և մյուս շինտեղամասերում աշխատանքները կատարվել են առանձնակի շտապողականությամբ, ավելի ինտենսիվ՝ հանգստյան օրերին, ինչն էլ ավելի շատ կասկածների տեղիք է տվել աշխատանքի որակի և ապրանքների ձեռքբերման հետ կապված հարցերում: Հատկապես, որ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության կողմից առաջին իսկ ահազանգից հետո հանձնարարական է եղել՝ դադարեցնել աշխատանքները: Այնինչ դրանք շարունակվել են, ակնհայտ փորձելով հողի տակ թողնել առնվազն անփույթ ու անորակ իրականացվող շինարարության հետքերը:

Կանաչուտ համայնքում մոտ 80մ երկաթբետոնե կիսախողովակներ էին տեղադրված: բնահողի հետլիցքի աշխատանքները կատարվել էին կիրակի օրը՝ 25.11.2018թ.-ի վաղ առավոտյան:

Բաղրամյան համայնքում մոտ 110մ ջրագծի երկաթբետոնե կիսախողովակները տեղադրված էին, սակայն բացակայում էին կիսախողովակների համար հիմք-հենարան հանդիսացող բետոնե հենակները և խճային նախապատրաստական շերտը, որոնց փոխարեն դրված էին ինչ-որ անհայտ ծագման տձև քարեր: Սա հետագայում, ջրանցքի շահագործման ժամանակ, կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ ջրանցքի տարբեր հատվածների իջեցումներ, թեքվածություններ, որոնք էլ իրենց հերթին կբերեն ջրանցքից ջրի արտահոսքի, հետհոսքի և այլ խոչընդոտների:

Ազատավանում հապշտապ տեղադրված և հողային լիցքով ամրացված ջրագծերի երկու կողմերով բազմաթիվ փոսեր էին մնացել, շինաղբի կույտեր, որոնք հետագայում ջրափոսերի վերածվելով, շատ արագ կնպաստեն ջրանցքների, ի դեպ, առանց այն էլ նորմերի խախտմամբ տեղադրված կիսախողովակների արագ քայքայմանը:

Ակնառու թերություններից բացի, բացահայտվել են նաև այլ խնդիրներ: Մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կապիտալ շինարարության, կառուցման և հիմնանորոգման աշխատանքների հիմնական և կարևոր գործողություններից են գեոդեզիական և ջրային համակարգի համար հիմք հանդիսացող հողային շերտի (բնահողի) հարթեցման-մշակման աշխատանքները, նախապատրաստական շերտի խճապատումը: Կարևոր է նաև բնահողի հետադարձ լիցքից առաջ՝ կիսախողովակների միացման կարերի հատվածում քսուքային ջրամեկուսիչ բիտումով 1-2-ական շերտապատումը, ինչը ևս արված չէր: Բացի այս բոլոր բացթողումներից, որոշ հատվածներում կիսախողովակները դրված էին անմիջապես հողային շերտի վրա կամ նախկին՝ 30-40 տարվա շահագործման փուլ անցած համակարգից մնացած՝ քայքայված հենասյուների վրա:

Բազմաթիվ հարցեր են ծագել նաև աշխատանքների իրականացման իրավաչափության, պայմանագրային, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման դաշտում։

Այնինչ, ի դեմ Ջրային կոմիտեի, ոլորտի պետական քաղաքականութունը կայանում է նրանում, որ հիմնանորոգման հիմքում դրվեն ոռոգման ջրապահովման բարձրացման, ծառայությունների որակի և քանակի բարելավման, ջրի կորուստների, ծախսերի կրճատման նպատակները, որի համար ՀՀ կառավարությունն իր սուղ հնարավորություններից միջոցներ է տրամադրում՝ ակնկալելով արդյունավետ ու որակյալ շինաշխատանքներ, այլ ոչ թե՝ որոշ Ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ առնվազն գումարների անարդյունավետ օգտագործում: Հետևաբար, Ջրօգտագործող ընկերության կողմից անտեսել իրենց իսկ ձեռքով կազմված՝ թերությունների տեղեկագրերով ամրագրված միջոցառումների լիարժեք կատարումը, նշանակում է ուղղակի հարված՝ հենց ինքն իրեն:

Շրջայցից հետո պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են «Արտաշատ» ՋՕԸ գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանի և աշխատակիցների հետ: Նրանց են ներկայացվել արձանագրված բոլոր թերություններն ու մտահոգությունները, որոնց շուրջ հիմնավոր փաստարկներ ու բացատրություններ այդպես էլ չեն հնչել:

Ջրային կոմիտեի նախագահի կողմից առաջարկվել է՝

  1. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Սեյսմշին» ՍՊԸ-ի տեխհսկող մասնագետին՝ արձանագրված բոլոր թերություններին ՋՕԸ-ի տնօրենի և գլխավոր ճարտարագետի մասնակցությամբ անդրադառնալ մեկ առ մեկ և սպառիչ պարզաբանումներ ապահովել:
  2. «Արտաշատ» ՋՕԸ-ի վարչական խորհրդին առաջարկվել է անհապաղ հրավիրել խորհրդի նիստ, օրակարգում դնել կատարված թերի աշխատանքների վերականգնման հարցը, ինչպես նաև նման իրավիճակ առաջացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում