Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը. «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ծրագրի բնապահպանական մաս

Նոյեմբերի 26-ից մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում են 11 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ: Քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կներկայացնի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերում առկա բնապահպանական բաղադրիչը: 

Հինգերորդ համարի տակ հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է բնապահպանական բաղադրիչ, ինչպես նաև բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող մի քանի առանձին կետեր: 

«Բնապահպանություն» ենթակետում ասվում է. «Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:

Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:

Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը»: 

Կուսակցությունն առանձին ենթակետով ներկայացրել է նաև բնական պաշարների օգտագործման տեսլականը. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է մեր երկրի բնական պաշարներն արդյունավետ և թափանցիկ օգտագործելու խնդիրը, քանի որ դրանք այսօրվա և ապագա մեր սերունդների անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից են»: 

Ջրային տնտեսությունը. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է ջրային տնտեսության համակարգի հետագա զարգացման ու բարեփոխումների, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովումը, ենթակառուցվածքների ու ոլորտային հաստատությունների ինքնաբավ և տնտեսապես անկախ գործունեությանը նպաստող կառավարման նոր համակարգերի ներդրումը, տարբեր համայնքների բաշխիչ ցանցերի բարելավումը՝ ջրակորուստների կրճատման, ջրի բաշխվածության ապահովման նպատակով, ջրի որակի բարձրացումը, սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավումը, խմելու ջրի նոր ռազմավարության ներդրումը:

Կարևորվում է նաև ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային, ինչպես նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ոռոգման համակարգի զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը, նոր տեխնոլոգիաների և կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ոռոգման արդյունավետության բարձրացման, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգի ներդրումը»:

Էներգետիկ համակարգի արդիականացում. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում երկրի ունեցած զգալի ներուժի իրացումը, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացումը, էներգախնայողության ապահովումը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ապահովումը` հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման, էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա:

Զբոսաշրջություն. «Ամբողջ աշխարհում Հայաստանի զբոսաշրջության մրցունակության շարունակական բարձրացումը, զբոսաշրջիկների թվի շարունակական և զգալի աճը պետք է հանդիսանան մեր կարևոր նպատակներից մեկը:

ՀՀ տուրիզմի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրականացվեն բարեփոխումներ հետևյալ հիմնական ուղղություներով՝

  • ճանապարհային ենթակառուցվածքներին զուգահեռ տուրիստական ենթակառուցվածքների խտության ավելացում,
  • էկոլոգիական, գյուղական ապրելակերպի տուրիզմի զարգացման պետական օժանադակություն, ազգային բաղադրիչների խթանում,
  • տուրիստական խաչմերուկների գաղափարի ներդնում՝ ներառելով տեղեկատվական օգնություն և ոստիկանության, արագ արձագանքման պետական կառույցների օժանդակություն, կապի, համացանցի հասանելիության ապահովում տուրիստական խաչմերուկներում,
  • ՀՀ ջրային ավազանների մերձակա տարածքների բարեկարգում և ջրային սպորտաձևերին առնչվող տուրիստական հոսքի կազմակերպում,
  • թարգմանչական ծառայությունների ավելացում, բուհերի հետ սերտ համագործակցություն էքսկուրսավարների պատրաստման բնագավառում,
  • Գյումրի և Սևան ուղղություններով Էլեկտրական շարժակազմերի սեզոնային չվացուցակի ներդնում,
  • բժշկական տուրիզմի զարգացում,
  • համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների ստեղծում՝ դրանք միասնական «Տուրիզմ» շտեմարան-ռեեստրին միացնելու համացանցային լուծումով»:

Կուսակցության «Գյուղատնտեսություն» ենթակետում ևս նշվում է մի քանի բնապահպանական բաղադրիչ. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է.

  • գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը,
  • բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը,
  • գյուղատնտեսական արտադրանքի ավելացումը,
  • պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը,
  • արդիական տեխնոլոգիաների ներդրումը,
  • ներմուծման փոխարինումը, արտահանման ծավալների ավելացումը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
  • գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցությունը,
  • ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը,
  • հակակարկտային ցանցերի ներդրմանն ուղղված պետական աջակցությունը,
  • գյուղատնտեսական մթերքներ վերամշակող հատվածին աջակցության տրամադրումը, այդ թվում՝ գյուղվերամշակման ոլորտի վարկավորման սուբսիդավորումը,
  • գինեգործության մրցունակության և գինու որակի բարձրացումը,
  • գյուղատնտեսական վարկերի տրամադրման պետական աջակցությունը,
  • գյուղատնտեսական ապահովագրության աստիճանական ներդրումը,
  • ցանքաշրջանառության համապետական քարտեզի ձևավորում,
  • ՀԷԿ շինարարության թույլատրում միայն բարձր լեռնային շրջաններում,
  • համայնքների հողային ֆոնդի քարտեզագրում և տիեզերական նկարահանում»: 
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում