Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության ներկայացուցիչներին. մանրամասներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը և զարգացման ծրագրերին։

Հիշեցնենք, որ 2004 թ.-ին ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա սեփականատերերն են` «ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ (60%), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ (15%), «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ (12,5%), «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ (12,5%): 

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը մեր երկրում, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների շարունակական ներգրավումը Հայաստանի տնտեսությունում և կառավարման առաջադեմ մշակույթի ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների կողմից բնապահպանական և աշխատանքային չափանիշների պահպանման կարևորությունը: Գյունթեր Պիլարսկին, կարևորելով Նիկոլ Փաշինյանի նախանշած ստանդարտների դերը, նշել է, որ ընկերությունը շարունակաբար աշխատում է գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Նշենք, որ այժմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Դեռ սեպտեմբերից մեկնարկած ստուգման ընթացքը վերջերս երկարացվեց 75 աշխատանքային օրով: Բացի այդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հանքի և կոմբինատի շահագործման աշխատանքները:

Սեպտեմբեր ամսին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նամակով դիմել էր ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքերի ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիրգորյանին՝ ընդգծելով նոր պոչամբարի կառուցման անհրաժեշտությունը:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում