ՀՀ-ը բավարար տեղեկատվություն չունի Ամուլսարի բնապահպանական ազդեցությունների մասով. Էրիկ Գրիգորյան

«Խնդրի լուծումը ես ընդհանրական եմ տեսնում: ՀՀ-ը ըստ էության, բավարար տեղեկատվություն չունի այդ հանքի բնապահպանական ազդեցությունների մասով, սակայն դա կապված է նախկինում գործող և այժմ էլ գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրության հետ, ըստ որի նախաձեռնողն ինքն է իրականացնում բոլոր հետազոտությունները, ինքն է իրականացնում ազդեցության գնահատման բոլոր աշխատանքները և այնուհետև ներկայացնում է բնապահպանության նախարարություն փորձաքննության»,- այս մասին օրերս հարցազրույցներից մեկում հայտարարեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ առաջացած խնդրին:

«Կոնկրետ Ամուլսարի պարագայում, երբ ծախսվել է մի քանի միլիոն դոլար, ներգրավվել են մի քանի ինստիտուտներ, այդ գնահատումն իրականացնող փորձաքննական ՊՈԱԿ-ն ունի ընդամենը 4-5 մասնագետ և միայն 1 կամ 2 մասնագետ է ներգրավում այդ ամբողջ աշխատանքը գնահատելու համար: Բազմաթիվ հետազոտություններ վերաբերվող իզոտոպային կամ հիդրոերկրաբանական հետազոտություններին, ես հեռու եմ այն մտքից, որ բավարար կարողություններ են եղել դա գնահատելու, սակայն դա է եղել օրենսդրության պահանջը: Ըստ էության ոչ միայն այս կազմակերպությունն, այլ նաև մյուս կազմակերպություններն անցել են որոշակի օրենսդրական ընթացակարգեր և ստացել են թույլտվություններ. դրանք կլինեն փորձաքննական թույլտվություններ, թե ընդերքօգտագործման պայմանագիր, ընդերքօգտագործման լիցենզիա, որն էներգետիկայի նախարարության կողմից է տրամադրվել: Տարբեր երկրներում այդ կարգավորումները տարբեր կերպ են լինում, այսինքն, այս պահի դրությամբ մեր աշխատանքի շրջանակն ընդգրկում է նաև այդ լրացուցիչ հետազոտությունները, որպեսզի վերջիվերջո Կառավարությունը և պետական մարմինները բավարար տեղեկատվություն ունենան ազդեցությունների մասով»,- մանրամասնեց նա:

Նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս պահի դրությամբ մենք չունենք այդ տեղեկատվությունը, սակայն խնդիրը այնուամենայնիվ գալիս է օրենսդրական կարգավորումից: «ԱՄՆ-ում ՇՄԱԳ գործընթացն իրականացնում է անռատային ծառայությունը, այսինքն նախաձեռնողը դիմում է ծառայությանը և նշում է, որ այսպիսի հանքարդյունաբերական գործունեություն իրականացնի: Այդ մարմինն ինքն է վարձում կազմակերպությունների՝ խորհրդատվական, երկրաբանական, ջրային ռեսուրսների մասով, որոնք տալիս են եզրակացություններ, և դրա հիման վրա արդեն այդ մարմինը դրական կամ բացասական եզրակացություն է տալիս:

Այս պահին և՛ միջազգային փորձագետների ներգրավմամբ, և՛ բնապահպանության նախարարությունն իր կարողությունների շրջանակներում որոշակի հետազոտություններ է իրականացնում, մասնավորապես՝ իզոտոպային հետազոտություների մասով, թույլտվությունների մասով, ինչպես նաև Հայաստանի գործող մասնագետների, և ոչ միայն Հայաստանի, մենք շատ ակտիվորեն այս ժամանակահատվածում աշխատել ենք, բավական քննարկումներ և հետազոտություններ ենք ունեցել»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: 

Լրագրողի հարցադրմանը, թե այս օրերին շատ են հնչում մեղադրանքներ ուղղված նախկին Կառավարությանը տրված թույլտվությունների, լիցենզիաների մասով, նրանց կոռումպացված լինելու մասով, նախարարն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ իրավական գնահատականները պետք է տան իրավապահ մարմինները, սակայն ոչ միայն չեմ բացառում, այլև անձամբ համոզված եմ, որ ոչ միայն հանքերի մասով, այլ նաև այլ ռեսուրսների, որովհետև բնապահպանության նախարարությունը ոչ միայն հանքարդյունաբերության հետ կապված թույլտվություններ է տվել, մասնավորապես՝ ՇՄԱԳ փորձաքննության մասով, այլ նաև ջրային ռեսուրսների տրամադրման: Օրինակ՝ Արարատյան դաշտի ձկնաբուծարանների մասով տրված ՋԹ-ները կամ փոքր ՀԷԿ-երի հետ կապված թույլտվությունները»: 

Խոսելով Էրիկ Գրիգորյանի անձի շուրջ որպես «հանքարդյունաբերության ջատագով» հնչող տեսակետի մասին, վերջինս ասաց. «Երբ ջատագովի հարցը շեշտվում է, ես որևիցե կերպ չեմ կարողանում հասկանալ այդ ջատագովի տակ ամեն դեպքում ի՞նչ նպատակ ունեն: Ասում են՝ խոսել եք հանքարդյունաբերության զարգացման մասին, պատասխանում եմ՝ երբևիցէ չեմ խոսել, ասում են գործել եք հանքարդյունաբերության զարգացման համար, պատասխանում եմ՝ երբեք չեմ գործել եք»:

Հարցազրույցի ընթացքում անդրադաձ եղավ նաև վերջերս լայն քննարկման առարկա դարձած կարմիրգրքյան ապոլլո թիթեռի շուրջ ծավալված խոսակցություններին: Նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց. «Որևիցէ մեկը չի բացառում, որ թիթեռն այնտեղ եղել է, սակայն օրենսդրությունն ունի հստակ ձևակերպումներ կապված բույսերի և կենդանիների հետ: Բույսերի պարագայում էական է, թե կան արդյո՞ք կարմիրգրքային բույսեր գտնված, որոնք նախկինում չեն ֆիքսվել: Սակայն, նույնիսկ այն մարդը, որը հայտնաբերել էր բույսը և նշել էր, որ դա մատնունի ծիրանավորն է, տեսչական ստուգումների ղեկավարի, ակադեմիայի ներկայացուցիչների, մի մեծ խմբով գնացել են այդ նույն վայրը և բոլորը ֆիքսել են, գիտնականները՝ առնվազն, որ դա այդ բույսը չէ: Իհարկե, հնարավոր չէ մեկ կամ երկու օրում գնալ ու կրկին այդ ամբողջ հետազոտությունը իրականացնել, որովհետև դրա համար տարիներ են պետք, սակայն խումբն ուղղակի գնացել է այնտեղ, որտեղ ֆիքսվել է բույսը, սակայն պարզվել է, որ դա այդ բույսը չէ, այլ ուրիշ բույս է»:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում