Արարատի աղբավայրից մարդու և շրջակա միջավայրի համար վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի. ԲՆ

Փոխվարչապաետ Տիգրան Ավինյանը և Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն աշխատանքային այց են կատարել Արարատի մարզ և ծանոթացել Բնապահպանության նախարարության կողմից իրականացված Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին։ Աշխատանքային խմբին միացել են նաև Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արարատի համայնքապետ Հայկ Հայկյանը։

Հայաստանում առաջին անգամ է, որ աղբավայրում կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ են ստեղծվում։ Աշխատանքները կատարվել են ԳԵՀ-ի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը՝ բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում։

Նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ ներդրված ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս աղբավայրում իրականացնել աղբի տեսակավորում, դրանով լուծվում է առաջնային բնապահպանական նպատակը՝ այրվող աղբավայրերից մարդու առողջության համար վտանգավոր դիոքսինների արտանետման բացառումը։ Առանձնացված պլաստիկը կվերամշակվի, իսկ օրգանական աղբը մշակվելուց հետո հնարավոր է օգտագործել գյուղատնտեսության մեջ։

Հիմնախնդիրը արդիական է մեր երկրի համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ։ Նոր պոլիգոնների ստեղծումը պետությունից կպահանջի ժամանակ և ներդրումներ, իսկ իրականացված ծրագիրը ցույց է տալիս, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը՝ կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները։

Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Աֆանասի Լազարևը ներկայացրել են իրականացրած աշխատանքների ընթացքը և արդյունքները՝ շեշտելով որ տվյալ աղբավայրում այլևս աղբ չի այրվելու։ Աշխատանքային խմբի անդամները հետևել են աղբի տեսակավորման և մամլման հոսքագծի աշխատանքներին, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին։

Իրականացված ծրագրի շրջանակներում հավաքվել և թաղվել են աղբավայրում առկա սուր ծակող առարկաները, քիմիական նյութերի տարաները և նյութերը, կառուցվել են ջրագիծ, լուսավորության համակարգ, դիօքսիններով հարուստ երկար տարիների մոխրային շերտը հավաքվել և թաղվել է աղբավայրի կավային ամրացված շերտի հատվածում, կառուցվել է դրենաժային համակարգ և մաքրման կայան, ձեռք են բերվել և տեղադրվել հոսքագիծ և մամլիչ սարքավորում, տրակտոր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում