Արամ Հարությունյանի շուրջ օղակը նեղանում է

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց աղմկահարույց գործի մասին, որի հետևանքով կբացահայտվի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ»:

Վերջինս մանրամասնեց, որ դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է ձգձգվում է: «Մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է այլ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասաց նա:

Նախաքննության գաղտնիքից ելնելով Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը դեռ տեղեկություններ չեն հրապարակել գործի առընչությամբ: Ըստ շրջանառվող նախնական տեղեկությունների՝ կա հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանն ի նկատի է ունեցել Բնապահպանության նախկին նախարար, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանին: 

Նշենք, որ հուլիս ամսին (մոտ 3 ամիս առաջ) հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն իրենից 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել: «Խոսքը Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, ով ինձնից 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել և այդ գործով ես 2015թ.-ին հայտարարություն եմ տվել 6-րդ վարչություն, գնացել է Հատուկ քնչական ծառայություն, այնտեղ կասեցվել է հիմքերի անբավարարության պատճառով, հետո 2017թ.-ին հիմքերը ապահովվել է, բայց նորից կարճել են ու երբ իմ Դուբայի գործընկերներն ասացին, որ ուղարկել են բոլոր բանկային փաստաթղթերը, ես դիմեցի հանրապետության դատախազին, հիմա վերսկսել են գործը»,- եթերներից մեկում ասաց նա:

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը կին գործարար է, ով Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ոլորտում բիզնես գործունեությամբ է զբաղվել: Վերջինս մշտապես գտնվել է սկանդալային իրադարձությունների կենտրոնում, խնդիրներ է ունեցել նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանի հետ: Նախկին մարզպետն անգամ հարվածել էր գործարար կնոջ դեմքին: Սիլվա Համբարձումյանը մի քանի անգամ բարձրաձայնել է խնդիրների մասին, սակայն դրանք հետագա ընթացք չեն ստացել տարբեր պատճառաբանություններով:

Հուլիս ամսին մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ տեղեկությունների համաձայն, Արամ Հարությունյանին արդեն այցելել էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջինիս ստորագրությամբ արգելվել է դուրս գալ հանրապետության տարածքից: 

Հայտնենք նաև, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Արամ Հարությանը անշարժ գույք ունի Եվրոպայում (Ֆրանսիա), նրա դստրերը ուսում են ստացել Մեծ Բրիտանիայում: Անգամ կան տեղեկություններ, որ Արամ Հարությանը «հատուկ նախասիրություն» ունի օտարերկրյա աշխատուժի նկատմամբ և պարբերաբար տնային տնտեսվարողներ, մաքրուհիներ և այլ աշխատողներ է հրավիրել արտերկրից, որպեսզի «ներքին տեղեկությունները» հասանելի չլինեն հասարակությանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում