Եթե վտանգ կա Սևանի և Ջերմուկի համար, ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ տա Ամուլսարը շահագործվի. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է, ով պատասխանում է պատգամավորների հարցերին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին տնտեսական աճի ցուցանիշին սպառնացող վտանգի մասին՝ ասելով. «Օրեր առաջ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց մակրոտնտեսական ցուցանիշները հունվար-սեպտեմբեր ամիսների, համաձայն որոնց մեր վիճակն այնքան էլ լավ չէ: Տնտեսական աճի տեմպերը շարունակում են գահավիժել և կան մտահոգություններ, որ մինչև տարեվերջ ՀՆԱ աճի տեմպն էլ նվազելու և հաշվի առնելով, որ արտահանման ծավալներն էլ են նվազել, սա կարող է հանգեցնել առաջիկա ամիսներին դրամի արժեզրկման»:

Իվետա Տոնոյանը խնդրեց «փարատել» մտահոգությունները: Ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հունիս ամսին վերջին տարիների համեմատ աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել՝ 11 տոկոս, սակայն պարզվել է, որ այդ ամսին ընթացել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն և քաղաքացիները գնացել են բուքմեյքերական գրասենյակներում «ստավկաներ» են դրել և արձանագրվել է 11 տոկոս տնտեսական աճ:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է Ավալերդու պղնձաձուլական գործարանը և պարզվում է, որ երկար տարիներ արտանետումներն օրինակ 20 անգամ գերազանցում են թույլատրելի ծավալը: Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, չի լինի այսպես, եկե՛ք աշխատենք, որովհետև աշխատատեղը կարևոր է, մենք ուզում ենք, որ աշխատեք գործարանում, բայց մարդկանց վիճակագրություն կա, քաղցկեղ և այլն: Հո՞ չենք թունավորելու մեր մարդկանց: Եվ ինչ է ռեակցիան՝ ոչ թե՝ այո՛, եկեք աշխատենք, այլ դուրս գանք փողոցը փակենք, մենք աշխատատեղ ենք ուզում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս խոսեց նաև հանքարդյունաբերության ոլորտի ևս մեկ վիճահարույց խնդրի մասին: «Հաջորդը՝ Ամուլսարի խնդիրը: Մենք ասում ենք, որ մեզ պետք է փաստ ու փաստարկ, որ Սևանի համար վտանգներ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, հավատացե՛ք մեր փաստաթղթերին: Իմիջայլոց, քնչական կոմիտեում գործ է հարուցված ՇՄԱԳ-ում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Լավ, հավատանք... հիշո՞ւմ եք Թեղուտում ի՞նչ է տեղի ունենում: Որ մարդիկ ասում էին՝ մի՛ արեք դա, մի՛ արեք, հիմա Թեղուտում ի՞նչ է կատարվում, Թեղուտը կանգնած է և պարզ չէ, թե ի՞նչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցին, հանքը բացեցին, սկսեցին աշխատել, իսկ հիմա չգիտենք, այդ խնդիրը ինչպե՞ս ենք լուծելու: Նկատի ունեմ, որ այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տնտեսական աճի ցուցանիշների մասին նախկինում եղած պնդումները եղել են «ֆեյք» պնդումներ. «Մեր տնտեսությունը եղել է հետևյալը՝ մեր ընդերքը քանդել ենք, վաճառել, ասել ենք՝ արտահանում ենք: Ով ասես, այդպես կարտահանի, մենք այդ ենք ուզո՞ւմ: Մենք չենք ուզում գնանք այդ ճանապարհով, մենք ուզում ենք կայուն տնտեսական աճի հիմքի վրա դնենք երկիրը»:

Իվետա Տոնոյանը արձագանքեց՝ խնդրելով նաև անդրադառնալ երկրում ներդրումային վիճակի պատկերի մասին: Վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Թեղուտի հանքի շուրջ մենք իրավիճակ ունենք, երբ 380 մլն դոլար վարկի մասին է գնում խոսքը: Ռուսական բանկը, որն այդ վարկը տվել է, հիմա խնդրի առջև է կանգնել, որովհետև իր վարկը, ոչ ոք չի վճարում: Հիմա, ի՞նչ անեն այդ վարկի հետ: Բա դա ներդրումային միջավայրի խնդի՞ր չէ, որտեղ մի երկրում, ինչ-որ առումով նաև քաղաքական աջակցությամբ, մի բանկ վարկ է տալիս, հետո պարզվում է, որ այդ վարկը ոչ ոք չի պատրաստվում փակել և ճգնաժամի առաջ են: Այո՛, Ամուլսարի շուրջ ստեղծված վիճակը որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում, բայց ես ասում եմ, որ Սևանի հարցը Ղարաբաղի հարցի նման հարց է. չի կարելի փակ աչքերով գնալ այդտեղ: Ես ասում եմ, երբ կլինի հիմնավորում, որ դա անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի վրա, այո՛, այդ նախագիծը կաշխատի. Եթե վտանգ կա Սևանի և ջրային համակարգի համար, ի հեճուկս որևէ բանի, ես որպես վարչապետ թույլ չեմ կարող տալ, որ այն աշխատի, որովհետև ասում եմ՝ Սևանի հարցն ինձ համար Ղարաբաղի նման հարց է»:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում