Ահազանգ. հերթական անմարդկային դաժան վերաբերմունքը՝ կենդանու նկատմամբ (ֆոտո)

 

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժանության հերթական դեպքն է արձանագրվել: Հոկտեմբերի 18-ին համացանցում հայտնվեց լուսանկար, որը հերթական ապացույցն էր կենդանիների նկատմամբ դրսևորվող անմարդկային դաժանության: 

Լիլիա Հովհաննսիյան անունով օգտատերը հրապարակեց ծառից պարանով կախված շան լուսանկար, որն արագ արձագանք ստացավ կենդանասերների և կենդանապաշտպանների կողմից: Օգտատերը հայտնում էր, որ կենդանին ողջ չի եղել:

Նախնական տեղեկությունների համաձայն դեպքը գրանցվել է Սիլիկյան թաղամասում. 27 երթուղային տաքսու վերջին կանգառին հարակից տարածքում: 

Նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող և դաժանության դրսորումները կանոնակարգող օրենքի անհրաժեշտության մասին կենդանասերներն ու կենդանապաշտպանները բարձրաձայնում են տարիներ շարունակ, սակայն դաշտը շարունակում է անվերահսկելի մնալ: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև ՀՀ ոստիկանության հետ, որոնք դեռ դեպքը չէին ընդունել որպես ահազանգ:

Մարդու կողմից կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի պատճառների մասին խոսել ենք հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ, ով նշեց, որ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»: 

Հիշեցնենք նաև, որ օրերս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ևս մեկ դեպք է արձանագրվել: Դիլիջան քաղաքում հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա: Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:

Այս դեպքի առընչությամբ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է պարզաբանում. « ...Հրապարակման հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնում ստեղծված նյութերով պարզվել է շան ուղղությամբ կրակողը ոչ թե ոստիկանության ծառայող է, այլ Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակից։ Ըստ նրա բացատրության՝ իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակել է փողոցում դրված աղբարկղին, արդյունքում վնասել է աղբարկղի մոտ գտնվող շանը։ Պատահարին առնչվող մյուս հանգամանքները պարզվում են»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում