Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան

«Այս պահին հանքարդյունաբերության ռազմավարություն է մշակվում: Ես կարծում եմ, որ մենք ոլորտում և օրենսդրության մեջ ունենք լրջագույն բացեր, որոնք կառավարության լուծելիք խնդիրն են: Բնապահպանության նախարարության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ լուծում ենք այդ երկու հարցերը՝ օրենսդրության և ռազմավարության: Ունենք խնդրահարույց կետեր, ինչպես տեղյակ եք և պետք է փորձենք գնալ խնդիրները լուծելու ճանապարհով: Մի կողմից պետք է հաշվի առնել բնապահպանկան խնդիրները, մեր առողջությունը, մեր սերունդների առողջությունը և մյուս կողմից նաև որոշակիորեն բալանսավորել տնտեսության զարգացման կոմպոնենտով»,- այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս անդրադարձել է ՀՀ-ում այս պահին կրիտիկական և վիճելի կարգավիճակ ունեցող երեք հանքավայրերի ճակատագրին: Խոսքը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին է: 

«Երեքն էլ շատ-շատ լուրջ խնդիրներ ունեն: Տարբեր են խնդիրները. Թեղուտի մասով կարող եմ ասել, որ այնտեղ պոչամբարի հետ կապված լուրջ խնդիր ունենք, նաև սնանկացման գործընթաց է գնում ՎՏԲ բանկի հետ: Այս փուլում այդ բանակցություններն են ընթանում և կառավարման կազմն է փոխվում:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը բավական ցածր արդյունավետությամբ է աշխատում և շատ մեծ վնասակարությամբ հենց Ալավերդու բնակչության համար: Այն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա ավելի մեծ պղնձաձուլարանի պրոյեկտում, որը մոտավորապես տասնապատիկ անգամ ավել հումք պետք է օգտագործի, բայց որը նաև կունենա լուծված ծծմբական թթվի խնդիրը:

Իսկ ինչ վերաբերում է Լիդիանին. Ամուլսարի հետ կապված մենք այս պահի դրությամբ անցկացնում ենք փորձաքննություն, որպեսզի հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանն այն հայտարարությունները, որոնք արվել են տարբեր բնապահպանների կողմից, տարբեր փորձագետների կողմից»,- մանրամասնեց նա:

Լրագրողի հարցին, թե միջազգային ազդակները (նկատի ունենալով մի քանի երկրների դեսպանների հայտարարությունները) Կառավարությանը չեն ուղղորդում արդյո՞ք, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, չեն ուղղորդում: Մենք ելնում ենք մեկ սկզբունքից. բնապահպանական խնդիրները մեզ համար առաջնային են, բայց և այնպես, եթե բնապահպանական խնդիրները չեն ապացուցվում, այլ զուտ ենթադրությունների ու ոչ հիմնավոր փաստարկների վրա են հիմնված, չենք կարող կանգնեցնել նաև տնտեսվարողին, որովհետև դեռևս շատ կոնկրետ փաստարկ, փաստ և ապացույց չունենք մենք, որը մեզ թույլ կտա հայտարարել, որ բնապահպանական աղետ է մեզ սպասվում:

Կան հայտարարություններ, որ կարող է ունենալ ազդեցություն Սևանի վրա, Ջերմուկի ջրերի վրա, բայց այդպիսի ապացույց մենք չունենք: Ունենք 9000 էջանոց ՇՄԱԳ կոչեցյալը, որն արվել է Լիդիանի կողմից: Մենք ինքներս այս փուլում այդ փորձաքննությունն ենք իրականացնում, մենք ասելով միջազգային փորձագետների, այդ ոլորտում կայացած ընկերությունների ներգրավմամբ»:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում