«Քայքայում են իրենց առողջությունը, որ երեխաներն օրվա հաց ունենան». ավելի շատ արտանետումներ՝ Ալավերդիում

Օրերս Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բողոքի ակցիա էր: Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն անորոշության մեջ են. ըստ որոշ տեղեկությունների գործարանն այլևս չի աշխատելու և արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Գործարանի աշխատակիցներն ի նշան բողոքի փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին հարցի լուծում:

Ալավերդի՝ բողոքի ակցիա, հոկտեմբերի 10, 2018թ.

«Ճանապարհները բացվեցին, ժամանեց Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը գործարանի աշխատակիցների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց հարցը քննարկել Ալավերդիում և տեղի ունեցավ քննարկում: Այս քաննարկման արդյունքում Կառավարությանը երեք պահանջ-առաջարկ ներկայացվեց: Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, ինչպես նաև գործարանի տնօրինությունը: Այդ առաջարկությունների պատասխանները պետք է, որ պատրաստ լինեն երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: Մինչ այդ օրն ակցիաները դադարեցված են, որպեսզի տեսնեն, թե կառավարությունից ինչ պատասխաններ են ստանում»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրուցում ասաց «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյան

Վերջինս հայտնեց, որ ինքնաբուխ ցույցերը մեկնարկեցին, քանի որ չկար հստակ պատասխան, թե ինչի համար են գործարանը փակում: Պարզապես աշխատակիցները լսել էին, որ գործարանը պետք է փակվի և սկսեցին իրականացնել բողոքի ցույցեր, քանի որ չկային հստակ պատասխաններ: «Ակցիայի մասնակիցները Կառավարությանը առաջարկ-պահանջներ ներկայացրեցին, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով: Պահանջներից մեկն այն է, որ գործարանը չի կարող այդ տրված նորմաների սահմաններում արտանետումներ իրականացնել և պահանջում է, որպեսզի կառավարությունն օրենքով թույլ տա իրենց 38 000 տոննա արտանետելու իրավունք, այսինքն 33 000-ից էլ բարձր: Նրանց պնդմամբ, դա թույլ կտա, որպեսզի իրենք այդ ծավալներով ապահովեն գործարանի գոյատևումը: 

Ալավերդի՝ բողոքի ակցիա, հոկտեմբերի 10, 2018թ.

Երկրորդ պահանջը նրանում է, որպեսզի Կառավարությունը մի քանի ակտեր վավերացնի, որոնք թույլ կտան մեկնարկել հայ-չինական համագործակցության շրջանակներում նոր պղնձաձուլարանի կառուցումը և 3-րդ խնդիրն այն է, որ կառավարությունը միջամտի, որպեսզի ՎՏԲ բանկի հետ հարաբերությունները կարգավորվեն և գումարի դիմաց բանկը գործարանը չվերցնի: Սակայն, երեկ արդեն տեղեկություններ հայտնի դարձան, որ գործարանն արդեն իսկ հանդիսանում է բանկի սեփականությունը և որպես գրավ վերցվել է բանկի կողմից: Այդ երեք պահանջները, որոնք ներկայացվել են, միմյանցից բավականաչափ տարբեր են և չգիտես թե նրանցից մեկը կամ երկուսը գոնե երաշխավորվում է գործարանի հետագա աշխատանքը, որովհետև արտանետումների համապատասխան ծավալը թույլ տալու նույնիսկ դեպքում դեռ հստակ չէ նոր սեփականատեր է արդյո՞ք ՎՏԲ բանկը և ի՞նչ դիրքորոշում կընդունի՝ կաշխատեցնի գործարանը, կհանի վաճառքի, կկանգնեցի, կքանդի... դեռևս ոչինչ պարզ չէ:

Որքան ես հասկանում եմ, իմ անձնական դիտարկմամբ, այս հարցերը միմյանց հետ փոխկապակցվել են, որպեսզի ինչ-որ չափով, եթե փակվի գործարանը նաև մեղավոր երևա այստեղ պետությունը, Կառավարությունը, որն օրինակ՝ թույլ չի տվել, որպեսզի արտանետումների ծավալը ավելացվի, մի բան էլ ավել՝ տուգանել են: Բայց այդյո՞ք եթե կառավարությունը թույլ տվեց գործարանը շարունակելու է իր բնականոն աշխատանքը: Ոչ ոք այդպիսի երաշխիք չի տվել և այս պահին պարզ չի գործարանի հետագա ճակատագիրը: Մի քիչ նման է Թեղուտի դեպքին, երբ Թեղուտը փակեցին, ասում էին մոտ 3 ամիս հետո կբացվի և այլն, բայց ի՞նչ եղավ: ՎՏԲ բանկը վերցրեց Թեղուտը և հիմա բացելու մասին ոչ ոք չի խոսում»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսվա վերջին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր. «Ստուգման արդյունքներից ելնելով՝ տեսչական մարմինը պետք է ընկերությանը հանձնարարական տա խախտումները վերացնելու մասին: Նախապես որոշվել էր ընկերությանը պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու համար, սակայն ընկերության ներկայացուցչի հետ այդ հարցը քննարկելիս եկանք այն եզրահանգման, որ դա ինքնախաբեություն է, որով զբաղվել են նախորդ իշխանությունները՝ տրված թույլտվությանը զուգահեռ 2013-2017 թվականների համար նմանօրինակ պայմաններ ներկայացնելով»:

Ալավերդի. գործարանի արտանետումները տեսանելի են, հունիս, 2018թ.

Այնուհետև տեղի է ունեցել հանրային քննարկում, որի մասին մեր զրուցակիցն ասաց. «Հոկտեմբերի 1-ին Ալավերդիում հանրային բաց լսումներ տեղի ունեցան ու հենց այդ օրը ես հարց ուղղեցի ընկերությանը, թե կա արդյո՞ք վտանգ, որ ՎՏԲ բանկին անցնի գործարանը, ինձ պատասխանեցին, որ նման վտանգներ, ռիսկեր առայժմ չկան, չեն երևում: Ստացվում է այնպես, որ արդեն այդ ժամանակ ժողովրդից, աշպատակիցներից ինչ-որ բաներ թաքցնում էին:

Հանդիպումը միակողմանի էր, քանի որ այն կազմակերպել էր գործարանի տնօրինությունը՝ տեսչական մարմնի առաջարկությամբ: Մասնակիցների 99 տոկոսը գրեթե հենց գործարանի աշխատակիցներն էին և բնականաբար այնտեղ մեկ այլախոհ կարծիքը մեծ դժգոհությունների ալիք էր բարձրացնում, որովհետև միայն մեկ կողմն է մասնակցում՝ գործարանի աշխատակիցները: Ես նման վնասների վերաբերյալ իրազեկում այնտեղ ուղղակի հնարավորություն չեղավ ներկայացնելու: Բայց բնականաբար բոլոր մասնակիցներն էլ գիտակցում են, որ այդ քանակի արտանետումներն այնքան են ազդում իրենց և շրջակա միջավայրի վրա, բայց այստեղ կա խիստ սոցիալական խնդիր: Մարդիկ, մոտ 600-700 հոգի, աշխատում են գործարանում և Թեղուտի հանքավայրի փակվելուց հետո սոցիալական վիճակն ավելի է վատացել Ալավերդիում և եթե այդ գործարանն էլ փակվում է, ապա կարելի է ասել ալավերդցիներն ընդհանրապես մնում են առանց աշխատանքի: Այս պահին այդպես է»:

Ըստ Օլեգ Դուլգարյանի, գործարանը պետք է աշխատի և պետք է համապատասխանաբար երաշխիքներ տրվեն բնակչությանը, աշխատակիցներին, թե ինչպես պետք է աշխատի, թերությունները պետք է վերացվեն, ամեն ինչ պետք է լինի սահմաններում:

Ալավերդու պղնձի կոմբինատի (PlanetScope արբանյակային պատկեր 07.06.2018թ.): Ծխատարը նշված է դեղին կետով, իսկ ամպանման զանգվածը՝ ծխի տարածման տարածական պատկերն է /PlanetScope արբանյակային պատկեր 07.06.2018թ/

Մեր հարցադրմանը, թե՞ բնակչությանհամար այս պահին այլընտրանքներ ընդհանրապես չկան, վերջինս պատասխանեց. «Այլընտրանքային տարբերակներ միշտ էլ հնարավոր է լինեն, բայց այդ ուղղությամբ պետությունն իր ռազմավարությունը պետք է ունենար և իրականացներ շատ տարիներ առաջ: Այսպես շուտափույթ ինչ-որ այլընտրանքային աշխատատեղեր ստեղծելն անհնար է: Դա պետք է լինի տևական աշխատանքի արդյունքում: Եթե այսօր սկսենք, կհասնենք դրան տարիներ հետո, բայց այս պահին, եթե մարդն ունի օրվա հացի խնդիր, ի դեպ գործարանի աշխատակիցները հենց այդ վիճակում էլ գտնվում են, որովհետև իրենք քայքայում են իրենց առողջությունը վառարանների թույների առաջ, որպեսզի իրենց երեխաներն օրվա հացն ունենան: Այնպես չէ, որ մարդկանց աշխատավարձերը շատ բարձր են, պարզապես այլընտրանքը բացակայում է: Այստեղ մի քիչ էլ մենտալիտետի խնդիր կա, Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք է եղել, ազգաբնակչության մեջ կա մի որոշակի խավ ու իրենք զգալի մաս են կազմում, որոնք առանց հանքարդյունաբերության այս քաղաքում իրենց ապագան չեն պատկերացնում: Այդ կարծրատիպն էլ տարիներ է պահանջվում որպեսզի կոտրվի, ինչպես նաև այլընտրանքներ է պահանջվում, որպեսզի մարդիկ գնան, այլ տեղ աշխատեն, այլ զբաղվածությամբ եկամուտ բերեն իրենց ընտանիք»: 

Այս պահի դրությամբ Ալավերիում «հրադադար» է. գործարանի աշխատակիցները սպասում են Կառավարության դիրքորոշմանը:

Հայտնենք նաև, որ այս տարվա հունիս ամսին Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Ալավերդու մոնիթորինգի դիտակետերից օդի նմուշառում էր կատարվել։

Ալավերդի քաղաքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացվել է 3 ստացիոնար դիտակայանում և 18 պասիվ նմուշառման դիտակետերում: Համաձայն 2018 թվականի հունիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված մոնիթորինգի արդյունքների, ծծմբի երկօքսիդի պարունակությունն Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,05 մգ/մ3-ը։ Առավել բարձր գերազանցումներ դիտվել են հունիսի 15-ին (12,5 անգամ) և 16-ին (10,4 անգամ):

Ամսաթիվ --------------------------Միջին կոնցենտրացիա, մգ/մ3

15.06.2018 -----------------------------0.6266

16.06.2018 -----------------------------0.5205

17.06.2018 -----------------------------0.0794

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա,----------------------0.05 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում