«Երևանի ՋԷԿ»-ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։ Այս մասին տեղեկանում ենք Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: 

Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով էներգաբլոկը ներկայումս համալիր ռեժիմային կարգավորման փուլում է:

Նախարարությունը հիշեցնում է, որ վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը: Կերկարաձգվի նաև կայանի կապիտալ նորոգումն իրականացնելու ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։

Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել ամերիկյան «General Electric» և ճապոնական «FUJI Electric» հայտնի ընկերությունները:

Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում