«Արմօյլ» ՓԲԸ-ն խոչընդոտում է ստուգումների իրականացմանը. տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ս.թ․ սեպտեմբերի 3-ին, 6-ին և 16-ին օրենքով սահմանված կարգով «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Արմօյլ» ՓԲԸ, սակայն թվարկված բոլոր դեպքերում ընկերության ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ստուգման ընթացքը, չեն կատարվել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները, ինչի հետևանքով ԲԸՏՄ-ի կողմից հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընկերությունը ս.թ․ սեպտեմբերի 24-ին ենթարկվել է վարչական տույժի՝ 250.000 ՀՀ դրամ գումարի չափով»,- այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «ԲԸՏՄ ղեկավարի հանձնարականի հիման վրա ս.թ․ հոկտեմբերի 8-ին ստուգում անցկացնելու նպատակով ստուգող խումբը կրկին այցելել է «Արմօյլ» ՓԲԸ, սակայն ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կողմից հերթական անգամ խոչընդոտվել է ստուգման անցկացումը։ Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն»։

Նշենք, որ ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների, ընկերությունը տարածքում իրականացնում է շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ կառուցում է անգար: Ընկերությունը մինչ օրս չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն: Բնապահպանության նախարարությունը հայտնել էր՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված յուղի և բիտումի արտադրամասերի կառուցման տեխնիկական փաստաթղթերը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով վերադարձրել է լրակազմման: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ և կասեցրել ընկերության գործունեությունը: Չնայած, վարույթը բողոքարկվել էր, այնուամենայնիվ ընկերությունը դեռ չունի գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ օրենքով սահմանված փաստաթղթեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում