Ինչու չի կարելի «սիրել» հանկարծակի հայտնված արջերին (ֆոտո)

Հոկտեմբերի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կենդանիների համաշխարհային օր (World Animal Day): Օրվա խորհրդին ընդառաջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պատրաստել է հոդված Հայաստանում արդիական՝ կենդանիներին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու խնդիրների մասին:

Օրերս ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը համացանց բեռնեց մի տեսանյութ, որը հակասական արձագանքներ առաջացրեց՝ կենդանասերներն ու կենդանապաշտպանները անհանգստացած էին, իսկ օգտատերերի զգալի մասը զարմացած, թե ի՞նչն է զայրույթի պատճառը: Տեսանյութի գլխավոր հերոսները երկու քոթոթներն են, որոնք արժանացել են վարչապետի ու վերջինիս ուղեկիցների «ուշադրությանը»:

«Արցախում շրջում էինք և հանկարծ մեր մեքենայի դիմաց դուրս եկան երկու սիրուն արջուկներ»,- վերնագրված էր տեսանյութը: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը որոշեց մասնագետների ներգրավմամբ պարզաբանել, թե ինչու չի կարելի «սիրել» վայրի կենդանիներին, ինչու են անհանգստացել կենդանապաշտպանները, ինչպես նաև՝ ուսումնասիրել խնդրի այլ կողմերը:

«Այդ արջերը հաստատ ձեռքի պահված արջեր են եղել, հնարավոր է նաև պլանավորված բաց են թողել իրենց առջև: Եթե կենդանիների հետևից 15 րոպե գնայինք, պարզ կլիներ, թե այդ արջերն ուր են գնում: Ոչ մի վայրի կենդանու նման ձևով չենք էլ կարող կերակրել, քանի որ այդքան մոտ երբեք վայրի կենդանին չի թողնի մարդուն: Դրանք մարդու կողմից խնամված արջեր են եղել, դրա համար այդպես միանգամից հայտնվեցին ու սկսեցին մարդկանց ձեռքից կեր ուտել»,- մեզ հետ զրույցում ասում է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը և շարունակում,- «Արջը կարմիրգրքյան կենդանի է և ի՞նչ գործ ունի մարդկանց մոտ: Ոչ մի վայրի կենդանու հետ չի կարելի նման կերպ վարվել: Այդ կենդանիները, որքան էլ սովոր լինեն մարդուն, որոշ ժամանակ հետո իրենք իրենցից վտանգ են ներկայացնելու: Իրականում, կենդանիներն արդեն վտանգավոր են, մի քանի ամիս հետո, երբ սեռահասուն դարձան, արդեն լուրջ վտանգ կարող են ներկայացնել մինչև անգամ մահացու, մարդու կյանքին վտանգ սպառնացող դեպքերով»:

Մանուկ Մանուկյանը նշեց, որ քոթոթներն այս տարվա ծնված են՝ դեկտեմբեր, հունվար ամիսներին: Վերջինս շատ էր ուզում գնալ ու տեսնել այդ արջերին, սակայն կենդանիների հստակ գտնվելու վայրն այդպես էլ չհստակեցվեց:

Տեսանյութում երևացող արջերի մասին մենք ավելի մանրամասն տեղեկություններ ճշտեցինք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանից: Վերջինս նշեց. «Անտառ էր, զորամասի մոտ էր: Արջերը մայր չունեն, չգիտեմ ինչ պատճառով և երբվանից: Գիտեմ, որ զինվորները պարբերաբար իրենց կերակրում են: Իրենց երբեք վանդակի մեջ չեն եղել, իրենց չեն վարժեցրել, միշտ ապրել են ազատ և երջանիկ: Մենք իրենց իսկապես պատահական ենք հանդիպել, այդ պահին ճանապարհն էին անցնում»:

Մանուկ Մանուկյան, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր

Կենդանաբույժ Մանուկ Մանուկյանը մանրամասնեց. «Երբ մարդու ձեռքից կենդանիները խնամք են ստանում, կեր են ուտում, մարդամոտ են դառնում, իհարկե, դա լավ բան չէ. վայրի կենդանու մեջից վերանում է բնազդը: Կան տարբերակներ, որոնցով հնարավոր կլինի քոթոթներին վերադարձնել վայրի բնություն: Չի կարելի պարզապես տանել ու բաց թողնել բնության մեջ. վախեցնելու տարբերակներ կան, մեծ, հարմարավետ տարածքներում պահելու տարբերակներ կան, մարդկանցից հեռվացնել է հարկավոր, նոր բաց թողնել: Բայց այս դեպքում, այս արջերը, եթե այս տարիքում գնան դեպի բնություն, շատ հնարավոր է, որ չապրեն. գայլն իրենց շատ հանգիստ կարող է վնասել: Բնություն վերադարձնելու շանսեր կան, իհարկե, որոշ աշխատանքներ իրականացնելուց հետո»:

Մեր դիտարկմանը, թե կան պնդումներ, որ արջերը վանդակում չեն ապրում, պարոն Մանուկյանը նշեց, որ մեծ հավանականությամբ կենդանիները վանդակից եկել են և հետ են գնալու վանդակ: «Պարզ երևում էր այդ ամենը: Դրա համար եմ ասում ընդամենը մի քանի րոպե արջերի հետևից գնանք, կիմանաք՝ ուր են գնում: Իրենք վանդակում են պահվում փոքր տարիքից, այսպես ասեմ՝ մարտ կամ ապրիլ ամիսներից այդ արջերին ձեռք են բերել քոթոթ ժամանակ, երբ որսի է դուրս եկել մոր հետ, թե ոնց են մորից վերցրել չգիտեմ: Կարող է անգամ ինչ-որ մեկի մոտ էգ արջ լինի, ումից վերցրել են ձագերին, շատ պարզ երևում էր, որ դրանք մարդու կողմից խնամված կենդանիներ են: Անհնար բան է այդ տարիքի քոթոթները մորից առանձնից լինեն, բնության մեջ չկա նման բան: Մոռացե՛ք, որ Հայաստանում հնարավոր է վայրի արջն այդպես մոտենա մարդու ձեռքից կեր վերցնի: Դրանք խնամված, ամեն օր ձեռքից կերակրված քոթոթներ են»:

Այսպիսով, քանի որ քոթոթները մայր արջի ուղեկցությամբ չեն եղել, ապա հնարավոր է վերջինս դարձել է որսի զոհ կամ քոթոթները պարզապես բերվել այլ մարդու տիրապետման տակ գտնվող էգ արջից: Այդպիսի դեպքերն Արցախում և նաև Հայաստանում բազմաթիվ են:

«Այս դեպքում ո՛չ վարչապետը, ո՛չ օգնականը մեղավոր չեն: Եթե նրանք մի քիչ գոնե հասկանային բնությունից կամ վայրի կենդանուց, կարող է նաև վախենային մեքենայից իջնել ու մոտենալ, որովհետև կենդանիները կարող են արդեն այդ տարիքում լուրջ վնասներ հասցնել մարդուն: Նրանք չեն պատկերացրել ու այդպես հանգիստ իջել են: Օրինակ, եթե ես լինեի, մինչև չզգայի, չհասկանայի, որ անվտանգ են, չէի իջնի, չէի մոտենա»,- եզրափակեց նա:

Մարդու կողմից «խնամված» արջի քոթոթների մասին զրուցեցինք նաև «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյան հետ, ով ասաց. «Անդրադառնալով առանձին դեպքին կարող ենք արձանագրել հետևյալը. անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները և նրանց ձագերը, հատկապես անազատության մեջ ծնվածները սովոր են մարդու շրջապատին և չեն դրսևորում բնականոնին հատուկ խուսափողական վարք, հատկապես, երբ մշտական թերսնության պատճառով վարժվում են սննդի աղբյուր տեսնել մարդուն, ցավոք՝ ոչ ուղիղ իմաստով։ Եթե պնդենք, որ քոթոթները վայրի բնությունից են, ապա մարդկանց համար վտանգ ներկայացնող մայր արջը պետք է գտնվեր ոչ հեռու և հարձակվեր, եթե իհարկե նրան մինչ այդ չեն որսացել, ինչի համար նախատեսված է պատիժ. այսպիսով ստեղծվում է ավելի բարդ իրավիճակ»։

Տիկին Արամյանն ընդգծեց, որ ազատության մեջ գտնվող, անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող վայրի, հատկապես գիշատիչ կենդանիների հետ անմիջական շփումն առանց համապատասխան պատրաստվածության խստիվ արգելվում է մի շարք պատճառներով, իհարկե նախևառաջ անվտանգության, և ուրեմն այն պետք է լինի կանխատեսելի և վերահսկելի։

Նարե Արամյան, «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ

«Մինչ կենդանիների պաշտպանության ոլորտի համակողմանի կարգավորմանն ուղղված առաջարկվող բարեփոխումների իրականացումը երկարաժամկետում, անհրաժեշտ է նախատեսել հանձնախումբ կամ խորհրդականներ առնվազն հասարակական հիմունքներով, որոնք կապահովեն կենդանիների նկատմամբ վերաբերմունքի նվազագույն տեղեկություններ, այդ թվում՝ պաշտոնյաների, իրավապահների և հատուկ ծառայությունների համար, քանի որ ոլորտի հետ առնչություն չունեցող անձինք չեն տիրապետում կենդանիների մասին նվազագույն իմացությանը և չեն կարող կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։ Պետք է հստակեցնել, որ այս իմաստով կարևոր է պատկան մարմինների արագ արձագանքն ու մասնագիտական կարծիքը՝ ընդհանուր և յուրաքանչյուր դեպքով առանձին։ Այսօր, երբ մենք արդեն իսկ ունենք կառավարության պատրաստակամությունն աջակցելու ոլորտի զարգացման ռազմավարությանը, շատ հուզիչ է տեսնել, թե ինչպես է վարչապետը շոյում քոթոթներին, քանի որ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ակներև է և հավատ է ներշնչում, որ մեր երկրում կենդանապաշտպանական հիմնախնդիրները վերջապես կլուծվեն։ Ուստի ուրախությամբ Վարչապետին ընտանիքի և ընկերների հետ միասին հրավիրում ենք մեր բնասիրական դասընթացներին և առաջիկա միջոցառումներին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նարե Արամյանը նաև նշեց, որ նման տեսանյութի տարածումը հասարակության շրջանում հեղինակություն ունեցող անձի կողմից կարող է դիտվել որպես «քարոզ», քանի որ քաղաքացիները՝ խորամուխ չլինելով երևույթի բացասական կողմերի մեջ, այն կարող են ընկալել, որպես զվարճանքի կամ որևէ այլ դրական դրսևորում:

Հավելենք, որ վերոնշյալ դեպքը միակը չէ Արցախում: Ըստ տարբեր աղբյուրների՝ Արցախում կենդանիների պաշտպանվածության մակարդակը և ընդհանրապես գոյատևման հավանականությունը վտանգվում է բազմաթիվ գործոնների ազդեցության ներքո: Բազմաթիվ վայրի կենդանիներ և հատկապես՝ թռչուններ դառնում եմ մարդկանց տեղեկացվածության ցածր մակարդակի, չիմացության կամ հաճախ նաև դաժանության զոհ:

Ստորև հրապարակված լուսանկարներն արվել են Շուշի-Ասկերան ճանապարհին գտնվող գազաալցակայանում, որտեղ կրկին անազատ պայմաններում արջեր են պահվում:

Արցախ

Մանուկ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց. «Որքանով հնարավոր է եզրակացնել լուսանկարներից, դրանք մոտ 5-7 տարեկան արջեր են: Հնարավոր է նաև որձ ու էգ լինեն: Տարածքում ջրի խնդիր կա. միայն փոքր տարրա է ջրի, լողավազան չկա: Կա նաև զբաղվածության խնդիր, որը հաստատ չի ապահովվում, քանի որ արջերին ամեն օր զբաղվածություն է հարկավոր: Դե տարածքն էլ փոքր է, հատակն էլ բետոնապատ է, ինչը նույնպես սխալ է. արջերն այն կենդանիներն են, որոնք սիրում են քանդել, քաշել, տակից կեր հանել և դա արվում է նրա համար, որ հեշտ մարսեն կերածը»:

Արցախ

Նշենք, որ ՀՀ-ում վերջին տարիներին ակտիվ պայքար է տարվում նման երևույթների դեմ: Կենդանապաշտպանները դեմ են արտահայտվում մասնավոր տարածքում անազատության մեջ վայրի կենդանիներ պահելուն: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Բնապահպանության նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ Հայաստանի տարբեր վայրերից ցավալի պայմաններում պահվող տասնյակից ավել արջեր տեղափոխվել են առավել հարմար պայմաններ ապահովող կացարան, քանի որ դրանց մեծ մասին այլևս հնարավոր չէ վերադարձնել վայրի բնություն՝ կենդանու բնազդները վերջնականապես կորած լինելու պատճառով: Դեպքերից վերջինը, կարելի է ասել նաև ամենաաղմկահարույցն, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող մասնավոր տարածքում պահվող վայրի կենդանիներն են՝ վագր, արջեր և այլն: Առավել խորն ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ այս երևույթի հիմքերում հենց «անտառում հանկարծակի վազվզող և մարդկանցից սնունդ վերցնող» քոթոթներն են: Մանվել Գրիգորյանի կողմից պահվող կենդանիների միջադեպը լայն քննադատության և պախարակման արժանացավ հասարակության կողմից:

Հավելենք նաև, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): Շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում: «Անհրաժեշտ է ուժեղացնել արջերի և դրանց բիոտոպերի վրա մարդածին գործոնների ազդեցության վերահսկողությունը»,- փաստում է ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը, սակայն մեր իրականության մեջ թղթին գրվածը հաճախ իրականություն չի դառնում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում