«Դեռ ոչ մեկն ինձ չի մեղադրել կողմնակալ և ոչ օբյեկտիվ աշխատանքի մեջ». Գեորգի Ֆայվուշ

Ինչպես հայտնել ենք, օրերս Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մանրամասներ հայտնեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի տարածքում հայտնաբերված կարմիրգրքյան բույսի և կենդանու մասին, ինչը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ թե՛ բնասեր հասարակության, թե՛ նեղ մասնագետների կողմից: Մասնավորապես Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց գործընթացի շուրջ առաջացած մի քանի խնդիրներ: 

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը գրավոր նամակով դիմել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրություն՝ մի քանի դիտարկում անելով հրապարակված նյութի առնչությամբ: Խմբագրությունը նամակը հրապարակում է ամբողջությամբ: Ցանկանում ենք նշել նաև, որ սկզբնական հրապարակման մեջ տեղ է գտել մի քանի վրիպակ, որոնք անմիջապես ուղղվել են, սակայն դրանց մասին մանրամասն հայտնում ենք սույն հրապարակման վերջում: 

«Մի տեսակ զարմանքով կարդացի Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հարցազրույցը Ամուլսարի վերաբերյալ, որը տեղադրվել էր անմիջապես ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հարցազրույցից հետո: Ցավով պետք է նշեմ, որ վերջին ժամանակներս պրն. Մանվելյանը սկսել է հաճախակի դրսևորել ոչ մասնագիտական պահվածք, երբեմն անգամ ուղղակի վիրավորական հայտարարություններով: Ես ուշադրություն չէի դարձնի այս հարցազրույցին, եթե ամենատհաճ համատեքստում չհնչեր իմ անունը:

Հենց հարցազրույցի սկզբում ի հայտ է գալիս պրն. Մանվելյանի ցանկությունը եթե ոչ աղավաղել, ապա քողարկել դեպքերի իրական պատկերը: Մեջբերում եմ՝ «Ընդամենը 20-25 րոպե ենք աշխատել այդ տարածքում ու հիմնականում այն մարդիկ էին, ովքեր ֆինանսավորվել են «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից»:

Առաջին հերթին նա չի նշում կատարված այցի նպատակը: Իրականում այցի նպատակը եղել է ոչ թե Ամուլսարի տարածքի ուսումնասիրությունը, քանի որ այս սարի բուսական բազմազանությունը մանրակրկիտ ուսումնասիրվել է 2012 թվականից սկսած, այլ WWF-ի աշխատակցիների կողմից «հայտնաբերված» 2 կարմիրգրքային տեսակների վերաբերյալ իրավիճակի ճշգրտումն ու պարզումը: Այսինքն, այցի ընթացքում պետք է ուսումնասիրվեին միայն այն տարածքները, որտեղ «հայտնաբերվել» էին այս տեսակները: Երկրորդ, այցին մասնակցում էին ինչպես WWF-ի բոլոր այն մասնագետները, որոնք մասնակցել էին նախորդ ուսումնասիրությանը և «հայտնաբերել» էին կարմիրգրքային տեսակները, այնպես էլ ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից հրավիրված ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և Մոսկվայի պետական համալսարանի առաջատար մասնագետները: Բացի այդ, ներկա էին նաև ՀՀ Բնապահպանության նախարարության և Բնապահպանական տեսչության ներկայացուցիչները: Հետաքրքիր է՝ ովքեր են այս խմբից, ըստ պրն. Մանվելյանի, ֆինանսավորվում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Եթե նա ի նկատի ուներ ինձ, ապա ես այդ ընկերության աշխատակից չեմ, իսկ Ամուլսար լեռնազանգվածում իրականացված բուսաբանական ուսումնասիրությունների համար ես, իհարկե, ստացել եմ համապատասխան աշխատավարձ: Միգուցե ես սխալվում եմ, բայց լավ կատարված աշխատանքը պետք է վճարվի, իսկ իմ ու ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից իրականցված ուսումնասիրությունների հավաստիությունն ու որակը մինչ այժմ ոչ մեկի մոտ կասկած չեն հարուցել: Ես պարզապես զարմանում եմ՝ միթե հենց ինքը՝ պրն. Մանվելյանը, որպես Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ներկայումս աշխատավարձ չի ստանում և իր գործունեությունն իրականացնում է անվճար:

Ես չեմ կարող պրն. Մանվելյանին մեղադրել հարցազրույցում թույլ տված բուսաբանական սխալների համար, որովհետև նա կարծեմ կենդանաբան է, սակայն ոզնափուշ ցեղի տեսակներից մեկի շուրջ ծավալված հարցի վերաբերյալ նպատակահարմար եմ գտնում կատարել հստակեցում: Նախ՝ առաջին այցի ժամանակ Ա. Ներսեսյանի կողմից հատնաբերված այս բուսատեսակի նմուշը այնպիսի վիճակում էր գտնվում, որ ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի (այլ ոչ Երևանի բուսաբանական այգու, ինչպես նշում է պրն. Մանվելյանը *1) բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Մ. Հովհաննիսյանը չի կարողացել որոշել նյութի տեսակային պատկանելությունը, այլ միայն ենթադրել է, իսկ Ա. Ներսեսյանն իր եզրակացությունում հենց այդպես էլ նշել է. «Շատ հնարավոր է, որ սա Acantholimon caryophyllaceum տեսակն է»: Ցավոք, Բնապահպանական տեսչության եզրակացությունում «շատ հնարավոր է» բառերը բացակայում էին: Ամեն դեպքում, ոչ մեծ հատվածի վրա, ըստ Ա. Ներսեսյանի խոսքերի, որտեղից հավաքվել էր նյութը, միաժամանակ հայտնաբերվել էր այս ցեղի 3 տեսակ՝ Acantholimon takhtadjanii (պրն. Մանվելյանի կողմից չգիտես ինչու անվանված ոզնաթուփ փշաբարձ այն դեպքում, երբ այս տեսակի հայերեն անվանումը ոզնաթուփ Թախտաջյանի է)*2, Acanthoilimon glumaceum և Acantrholimon vedicum: Վերջին տեսակը ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ Բույսերի կարմիր գրքում, այլ նշված է հավելվածում որպես DD (տվյալների անբավարարություն) կատեգորիայի բույս: Մի տեսակ զարմանալի է պրն. Մանվելյանի մեկնաբանությունն այս կատեգորիայի վերաբերյալ, համաձայն որի՝ այս կատեգորիայի բուսատեսակը ևս պետք է պահպանվի ճիշտ այնպես, ինչպես մյուս կատեգորիաների բույսերը: Օրինակ ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է պահպանել այն տեսակը, որի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ: Համաձայն Բնության պահպանության միջազգային միության (IUCN) «Տաքսոնը պատկանում է DD (տվյալների անբավարարություն) կատեգորիային այն դեպքում, եթե նրա թվաքանակի և կամ արեալի վիճակի վերաբերյալ առկա տեղեկատվությունն անբավարար է անհետացման ռիսկի ուղղակի կամ անուղղակի գնահատման համար: Այս կատեգորիայի տաքսոնը կարող է լինել լավ ուսումնասիրված, նրա կենսաբանական առանձնահատկությունները կարող են հայտնի լինել, սակայն գնահատման համապատասխան տվյալները նրա քանակի և կամ տարածման վերաբերյալ բավարար կարող են չլինեն: DD (տվյալների անբավարարություն) կատեգորիան անհետացման վտանգի տակ գտնվող կատեգորիա չէ: Այս կատեգորիայում տաքսոնի ընդգկումը ցույց է տալիս, որ անհրաժեշտ են նրա վերաբերյալ ավելի շատ տվյալներ, և ենթադրվում է, որ հետագա ուսումնասիրությունները կարող են հնարավոր դարձնել այս տեսակի տեղափոխումը անհետացման վտանգի որևէ կատոգորիա»:

2009 թվականին, երբ պատրաստվում էր ՀՀ Բույսերի կարմիր գիրքը, այս տեսակի վերաբերյալ տվյալները գրեթե բացակայում էին, իսկ այսօր դոկտոր Մ. Հովհաննիսյանը իրականացրել է հատուկ ուսումնասիրություններ՝ նվիրված Acantholimon ցեղի ուսումնասիրմանը, և երբ պատրաստվի նոր ՀՀ Բույսերի կարմիր գիրքը, այս տեսակն իհարկե նորից գնահատվելու է:

Հասկանալի չէր նաև պրն. Մանվելյանի մեղադրանքը «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին, որ այս տարածքը չի մտնում նրանց հետաքրքրությունների շրջանակի մեջ և չի օգտագործվելու գործարանի աշխատանքների դեպքում: Ինչ վատ բան է տեսնում պրն. Մանվելյանը դրանում: Առավել ևս, որ նրանք ընդհանրապես չէին առարկում, որ հաջորդ տարվա ամռանը այստեղ իրականցվեն լրացուցիչ ուսումնասիրություններ (միգուցե պրն. Մանվելյանը չգիտի, որ համալիրի ողջ տարածքում ամեն տարի իրականցվել և իրականցվելու են կենսաբազմազանության վիճակի մշտադիտարկումներ): Իսկ ինչ վերաբերում է Ամուլսար լեռնազանգվածի տարածքում Acantholimon caryophyllaceum կարմիրգրքային տեսակի առկայությանը, ապա դրա մասին խոսվել էր դեռևս ՇՄԱԳ-ում:

Ինձ ուղղակի ցնցեց հարցազրույցի հետևյալ արտահայտությունը. «Ինչը վերաբերում է թիթեռին. դե պարզ է, որ էլի ընկերության կողմից վճարված մարդիկ են բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտից՝ Մարկը Քալաշյան (ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ, միջատաբան), Գեորգի Ֆայվուշը (ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ), Մարինա Հովհաննիսյանը, Անուշ Ներսեսյանն էր, ես ու ռուս գիտնականը՝ Ալեքսանդր Դաչենկոն» *3: Կարելի էր վիրավորվել նրանից, որ պրն. Մանվելյանը ինձ անվանում է «վճարված» անձ, եթե չլիներ այն փաստը, որ նա իրեն ևս ընդգրկել է «վճարված» անձանց ցուցակում: Իրականում այս ամենը կարելի էր և վիրավորական չհամարել, եթե մեղադրանք չհնչեր ոչ օբյեկտիվ լինելու մեջ, ինչը ուղղակի վիրավորանք է առաջատար գիտնականների համար: Մեղադրել կողմնակալության մեջ մարդուն միայն հիմնվելով այն փաստի վրա, որ նա ինչ որ մեկի ընկերն է, ուղղակի նախապաշարմունքների գագաթնակետն է: Հատկապես, երբ դա ասում է իրեն կենդանաբան համարող մարդը, սակայն աշխատանքի ժամանակ չի տեսնում թիթեռի և նրա թրթուրի կերաբույսերի տարբերությունը, և ով չի հասկանում «բազմացման վայր» և «սնման կամ անգամ պատահական տարածման վայր» հասկացությունների տարբերությունը *4: Հետաքրքիր է՝ արդյոք պրն. Մանվելյանը երբևէ մտածում է, թե ինչու են առաջնահերթ պահպանվում թռչունների բնադրման վայրերը, այլ ոչ սնման: Չէ որ թռչունների համար սնման վայրերը շատ ավելի կարևոր են, քան թիթեռների համար, քանի որ թիթեռները կարող են սնվել տարբեր բույսերի նեկտարով:

Եվս մեկ սպանիչ արտահայտություն պրն. Մանվելյանի հարցազրույցից «Ապոլոն թիթեռն ուտում է երեքնուկ և գրականության մեջ էլ կա, որ կենդանին սնվում է երեքնուկի ծաղիկներով և ընդհանրապես մեղրատու ծաղիկներից օգտվում է»: Այս արտահայտությունը հետևում է այն տեքստին, որ ուսումնասիրված տարածքում հայտնաբերվել է Ապոլոն թիթեռի համար երկրորդ կերաբույսը: Կրկին պրն. Մանվելյանը խառնում է թիթեռի և թրթուրի կերաբույսերը: Երկրորդ բույսը, որի մասին նա նշում է, ոչ թե երեքնուկն է (Trifolium), այլ գառանդմակը (Sempervivum): Ըստ էնտոմոլոգ Ա. Դատչենկոյի, ապոլոնի թրթուրներն այս բույսով (գառանդմակ) կսնվեն միայն արհեստական պայմաններում, սովից, և երբեք թիթեռը նրա վրա չի ձվադրի:

Կանգ չեմ առնի այն փաստացի վիրավորական հայտարարության վրա, որ 20 րոպեն շատ կարճ ժամանակ է ուսումնասիրությունների համար: Անկասկած, 20 րոպեն շատ քիչ է, իսկ 5-6 տարի կատարված նպատակաուղղված ուսումնասիրութուններն արդեն հաշվի չեն առնվում, քանի որ բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատել են այս տարածքում, «գնված» են «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից:

Մինչ օրս դեռ ոչ մեկն ինձ չի մեղադրել կողմնակալ և ոչ օբյեկտիվ աշխատանքի մեջ: Դե ինչ, դրան էլ հասանք: Թող պրն. Մանվելյանը փորձի ապացուցել իմ ոչ օբյեկտիվությունը փաստերով, այլ ոչ միայն բանավոր մեղադրանքներով:

Հարգանքով,
ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի
երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
Գեորգի Ֆայվուշ»:

 

*1 - խմբագրությունը հայտնում է ընթերցողի ներողամտությունը՝ նշելով, որ հրապարակման սկզբնական տարբերակում թույլ է տրվել վրիպակ:

*2 - ոզնաթուփ փշաբարձ անվանումն օգտագործվել է խմբագրության որոշմամբ: Անվանումը նույնպես կիրառելի է ՀՀ-ում, բացի այդ՝ նշված է նաև «Թախտաջյանի» տարբերակը:

*3 - առկա է նախադասության թյուրըմբռնման կամ երկակի ըմբռնման խնդիր:

*4 - խմբագրությունը հայտնում է ընթերցողի ներողամտությունը՝ նշելով, որ հոդվածի հրապարակման նախնական տարբերակում թույլ է տրվել վրիպակ. «Առաջին բուսատեսակը, որից թրթուռներն օգտվում են, չկար, բայց երկրորդ տեսակը (երեքնուկ)՝ կար»: Սկզբնական հրապարակման մեջ նշված է եղել «թիթեռներն օգտվում են» արտահայտությունը, որն անմիջապես ուղղվել է: Հավանաբար, վրիպակը թյուրըմբռնման պատճառ է հանդիսացել: Սակայն հոդվածի մեջ հստակ տարանջատվում են «աճելավայր» և «բնադրավայր» հասկացությունները, որոնք էլ հենց դարձել են բուռն քննարկման առարկա: Այս հասկացությունների տարբերությանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հետագայում մանրամասնորեն կանդրադառնա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում