Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն Ամուլսարում կուսումնասիրի ջրերի վրա ազդեցությունը. նախարար

«Ես ինքս կարծում եմ, որ Ամուլսարի ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա հիմնական հարցն է և հիմնական խնդիրն է, որը պետք է ուսումնասիրվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը պարզաբանեց, որ ցանկացած հանքի դեպքում ըստ ՀՀ օրենսդրության ՇՄԱԳ փորձաքննությունն իրականացնում է նախաձեռնողը: Վերջինս նշեց, որ ըստ էության, Ամուլսարի ծրագրի եզրակացությունը տվել է մեկ փորձագետ. «Ընդհանրապես ԲՆ այդ ՊՈԱԿ-ն ունի 5-6 փորձագետ և մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետներն ունեն բավարար գիտելիքներ այդ բազմաբնույթ և տարբեր ուսումնասիրությունները որակական և բովազնդակային առումով գնահատելու: Այդ պատճառով, երբ ներկայացվում է նրանց իզոտոպային հետազոտությունները կամ մոդելավորված ստորգետնյա ջրերի կառուցվածը պետք է ընդունենք, որ գնահատելու կարողություններն ուղղակի չեն եղել և ավելի շատ ֆիկտիվ բնույթ են կրել: Այս պահին ՇՄԱԳ օրենքի նախագիծ կա Կառավարությունում, որտեղ մենք նշել ենք, որ այսպիսի մեծածավալ ծրագրերի ժամանակ պետությունը կարող է ներդրողների ֆինանսական միջոցներով ներգրավել միջազգային կազմակերպությունների, փորձագետների և անձինք, որպեսզի պետության համար էլ իրականացնեն այդ գնահատումը և պետությունը վերջիվերջո հասկանա այդ ազդեցությունը կա թե չկա, որովհետև այս պահին, ինչը կա՝ կազմակերպության կողմից տրամադրված տվյալներն են»: 

Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ երկու ամիս աշխատանքներ են տարվել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի մասնագետներ հրավիրվեն ՀՀ և իրականացնեն համապատասխան հետազոտություններ: «Այս ամսվա 17-ին մենք ակնկալում ենք միջազգային բավական հեղինակավոր կազմակերպության այց Հայաստան, որի հետ պայամանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի ուսումնասիրեն Ամուլսարի երկրաբանական, հիդրոերկրաբանական և ընդհանրապես ջրերի վրա հնարավոր ազդեցությունները: Սա մենք ենք անում, մեր միջոցներով այս պահի դրությամբ: Պետք է գան, գնահատեն և տան գնային առաջարկ, որից հետո կարծում եմ Կառավարությունն ինքը որոշակի միջոցներ կտրամադրի, որպեսզի վերջիվերջո պետությունը ևս ունենա պատասխաններ, որովհետև այսօրվա դրությամբ կան պատասխաններ, որոնք ըստ գործող օրենսդրության տվել է կազմակերպությունը»,- մանրամասնեց նա:

Նախարարը հայտնեց, որ հնարավոր է հետազոտություններ իրականացնեն նաև տեղի մասնագետները.«Նաև մեր երկրաբանության ինստիտուտի հետ ենք խոսել, տեսնելու համար՝ իրենք ի՞նչ մասով կարող են աշխատանքներ կատարել»:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում