«Եթե Սևանը կորցնենք, միլիարդներով չենք կարողանալու հետ բերել». սուսերով մարտեր հանուն Սևանի

Ինչպես հայտնել ենք, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց, ինչը նշանակում է, որ Սևանա լճից կիրականացվի հավելյալ ջրառ:

Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց. «Ընդհանուր Բնապահպանության նախարարությունում մեր դիրքորոշումը բացասական էր՝ հաշվի առնելով նաև վերջին զարգացումները: Սա ստիպված քայլ է եղել Կառավարության կողմից: Ջրային կոմիտեի նախագահն էլ հստակ ասեց, որ Բնապահպանության նախարարությունը դեմ է: Ես, որպես ՀՀ քաղաքացի, լրիվ դեմ եմ, շատ հստակ և ռադիկալ: Ջրային կոմիտե կոչված կառույցը պետք է հստակ ցույց տա բոլոր հողերը՝ որտե՞ղ են դրանք տարածական, ի՞նչ հողեր են, որքա՞ն է ջրի նորման, որքա՞ն է պահանջվում, ինչը երբեք նորմալ ձևով չեն արել: Դա լուրջ խնդիր է: Այսինքն, Ջրային կոմիտեն «սովորել է» ու ցանկացած տարբերակով հենվել է Սևանի վրա որպես պահեստային տարբերակ»:

Փոխնախարարը պնդում է, որ այդ ամենը պետք է հստակ հատկորոշվի և այդ շղթան պարզ երևա, իսկ խնդիրները պետք է առանցքային ձևով լուծվեն:

«Միգուցե գյուղացին միլիոնների վնաս է կրելու, բայց եթե Սևանը կորցրեցինք, ապա միլիարդներով չենք կարողանալու հետ բերել, որովհետև Սևանի վիճակը լուրջ է: Ինձ համար ժամանակավոր լուծումներ, «յոլլա» գնալն ընդունելի չէ: Այդ խնդիրը մեկ օր պետք է լուծվի, որովհետև Սևանը հիվանդ է: Սա խաղ ու պար չէ»,- ասաց Այսեր Ղազարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ԱԺ իր ելույթում ասաց. «Ցավով պետք է նշեմ, որ այսօր այն օրը չէ, երբ մենք կարող ենք առանց Սևանի ապահովել ոռոգելի տարածքները ջրով: Հստակ արձանագրեմ՝ հավելյալ ջրառի պահանջարկը չի ձևավորվել մեկ օրում, այլ տարվա բնակլիմայական պայմանների թելադրանք է: Հուլիս ամսից Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ ոռոգման համակարգն անցել է խնայողության խստագույն ռեժիմի: Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, որը կազմում էր 120 մլն խմ, այսօր նվազեցրել ենք մինչև 40 միլիոն խմ-ի։ Ամեն ինչ անելու ենք, որ առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ ջուրը չգերազանցենք, եթե իհարկե ամառն իր լիազորությունները շատ չչարաշահի»:

Կառավարության որոշման և լրացուցիչ ջրառի նկատմամբ ունեցած դիրքորոշման մասին զրուցեցինք նաև «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ. «Շատ վատ, պատերազմական եմ տրամադրված: Երկու ամիս շարունակ մենք այդքան հիմնավորում ներկայացրեցինք, այդքան խորհրդակցություններ արեցինք, որպեսզի ապացուցենք, որ Ջրային կոմիտեն ճիշտ չի կառավարում այդ ռեսուրսը, ՀԷԿ-երը միլիարդների ավել հոսանք են արտադրել և այլն... մենք այդ ամենը ցույց տանք, վերջում նորից նույնը: Բոլոր քննարկումների մասնակցել եմ բացի վերջին երկուսից, քանի որ արդեն դիրքորոշումը հայտնի էր, մենք էլ բոյկոտեցինք: Անձամբ վարչապետի հետ խոսակցություններ է եղել, ես ճիշտն ասած չէի սպասում, որ Սևանից բաց կթողնեն: Ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների, եթե 25 մլն խմ-ից ավել ջուր բաց թողնվի Սևանը բացասական հաշվեկշիռ է գրանցելու: Այդ պատճառով է շեշտվում 25 մլն խմը, որպեսզի բացառվի Սևանա լճի բացասական բալանսը: Միևնույն է, չեն կարողանում համոզել, որ այդ ջուրն այնտեղ պետք է: Իրականում իրարամերժ բաներ շատ կան. ասում են արարատյան դաշտ չենք տանում այդ ջուրը, բայց չորանալու խնդիրը հենց այնտեղ է: Նշում են նաև Կոտայք, Արագածոտնի մարզի այգիները, բայց այդ փաստարկները մեզ համար ընդհանրապես համոզիչ չեն»:

Ինչպես նշում է Վահե Գուլանյանը, Բնապահպանության նախարարն ու փոխնարար Սանոսյանը մինչև վերջ էլ դեմ են եղել և «կռիվ են տվել» որոշման ընդունման դեմ:
«Մյուս կողմը դեմ է տալիս գյուղացուն, բերում քաղաքական հարցեր: Խնդիրը գյուղացիները չէին, տիկին Գաբայանն Ավինյանի հետ խորհրդակցության ժամանակ ասում է՝ «շատ վտանգավոր իրավիճակ է, ժողովուրդը բողոքում է, ՀՀԿ-ն էլ իրենց ուղղորդում է, թե տեսեք մենք ձեզ ջուր էինք տալիս, իրենք չեն տալիս»: Դա կոչվում է «մակլյորություն» ընդամենը: Չի՛ կարելի, ինձ էլ ասում են՝ գնա Սևանի ջրի որակի մասին մտածի»,- մանրամասնում է Վ. Գուլանյանը:

Պարկի տնօրենը նշում է, որ «Սևանի» ազգային պարկը միշտ դեմ է եղել հավելյալ ջրառին: 

«Մենք լիճն ավտոմատ տանում ենք ակտիվ ջրամբարային ռեժիմի, որը մեր լճի համար անթույլատրելի է: Մեր լիճը չի սիրում շատ ջուր լցնել, շատ ջուր թափել, այն ստաբիլություն է սիրում: Օրինակ, այս տարվա ծաղկումը, որի մասին մենք ձմեռվանից խոսում ենք: Տեսական բոլոր գրականություններում ասվում է, որ ակտիվ ջրամբարային ռեժիմը նպաստում է ջրիմուռների ավելացմանը: Բնությունն այնպես է, որ շատ հանգամանքներ են իրար հետ կապված: Աննախադեպ բարձր էր ջերմաստիճանը, ինչ խոսք, բայց մենք գիտենք, որ ունենք նաև այլ խնդիրներ: Մենք դանդաղ փչում ենք մի փուչիկ, որը պայթելու է: Տարիներով աշխատում ենք մի բանի վրա, օրինակ՝ ձկնային ռեսուրսների վերականգնման վրա: Երբ ես ընդունել եմ, իսկապես, մայրական կազմ չէինք կարողանում հայտնաբերել: Այժմ, այսքան տարիների աշխատանքի շնորհիվ, մենք խոսում ենք նաև արդյունաբերական ձկնորսի մասին: Այդքան աշխատանք ենք անում, բայց այդ ամենն օժանդակող միջոցներ են, մեր վերջնական նպատակը լճի ջրի որակի պահպանությունն է: Եթե այդ ամենը պետք է անենք, ու ջուրը որակ չունենա, ապա իմաստը ո՞րն է: Եկեք ազգային պարկն էլ փակենք, հողերը բաժանենք համայնքներին, ինչ ուզում են թող անեն, լիճն էլ կմնա որպես «գյոլ» էլի: Ինչների՞ս է այդ էկոհամակարգը պետք:

Սևանա լիճը մեր ազգային անվտանգության երաշխիքն է, ինչպես ուրիշ պետություններում՝ նավթը: Մենք դա չենք գնահատում:

Որքան էլ ասեն խոշորացույցով նայելու ենք, ո՞վ է գնալու նայի, ի՞նչն են նայելու, ո՞վ է որոշելու հողը լավ ջրեցին, թե՞ վատ, կիսատ թե՞ շատ, ո՞վ է ասելու հերիք է, փակե՛ք: Հեքիաթներ են, որոնց ես չեմ հավատում: Ջրային կոմիտեն թվարկում է՝ բազմամյա տնկարկ, այգի, միամյա տնկարկ, տնամերձեր: Տնամերձերը ՀԱ-երով հաշվել են ու մտցրել են ջրի պահանջարկի մեջ. Ի՞նչ է չորանալու տնամերձ տարածքներում կամ թող մի քանի հատ էլ կանաչի չորանա: Հասկանանք, այդ չորացածն ի՞նչ արժեք է ներկայացնում: Այստեղ ղեկավարներին մեղադրելու հարցը չէ, Կառավարությունից դժգոհելու խնդիր չէ, բայց մենք մայիս ամսից հայտարարում ենք, որ Սևանից այս տարի ջուր չենք տալու: Այդ ամիսներին ինչո՞ւ ջուրն այնպես չեն օգտագործել, որ սրա կարիքը չլիներ»,- եզրափակեց «Աևան» ագային պարկի տնօրենը:

Նշենք նաև, որ ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը ևս դեմ է արտահայտվել Սևանից նախատեսվող հավելյալ ջրառին. «Սևանի Էկոլոգիական վիճակը այս տարի ապացույցն էր այն բանի, որ լիճն անկայուն վիճակում է գտնվում, և ցանկացած սթրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել: Մենք կտրուկ դեմ ենք ցանկացած 1 խմ ավել ջրառին: Այս շոգ տարիներին ստեղծվում է մի իրավիճակ, որ գյուղատնտեսությանը զարգանալու հնարավորություն պետք է տանք, բայց եթե Արարատյան դաշտում երաշտ է, նշանակում է Սևանում էլ է նույն վիճակը, Սևանի ավազանի գետերը նույնքան պակաս ջուր են բերում, մեծանում է ջրի գոլորշունակությունը և նույն վտանգավոր վիճակում գտնվում է նաև Սևանա լիճը: Եվ ամեն անգամ հույսը դնել Սևանի վրա, կարծես դարձել է ավանդույթ»:

Հավելենք, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշանակվել է տվյալ պաշտոնին այս տարվա հուլիս ամսից: Վերջինս «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Գաբայանի դուստրն է ու այդ ընկերության տնօրենը։ Նշված ընկերությունը զբաղվում է փոքր ՀԷԿ-երի նախագծմամբ և այդ ոլորտում խորհրդատվական աշխատանքներով։

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում