Եթե ամառն իր լիազորությունները չչարաշահի, կբավարարվենք 25 մլն խմ ջրով. Ինեսսա Գաբայան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր Սևանա լճից հավելյալ ջրառ իրականցնելու հարցը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 68 կողմ, 1 դեմ քվեարկությամբ:

Նշենք, որ օգոստոսի 23-ին Կառավարության նիստում որոշում կայացվեց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնել ոռոգման նպատակով: «Շատ բուռն քննարկումներ եղան և այդ քննարկումների ընթացքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ և մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական վատ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է Կառավարության համար կրկնակի՝ մի դեպքում գյուղատնտեսության համար, մյուս կողմից այն քաղաքական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես տարրա և ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մենք պետք է անպայմանորեն այդ հարցերի պատասխանները ստանանք»,- ասել է վարչապետը: 

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն այսօր ԱԺ իր ելույթում ասաց. «Ցավով պետք է նշեմ, որ այսօր այն օրը չէ, երբ մենք կարող ենք առանց Սևանի ապահովել ոռոգելի տարածքները ջրով: Հստակ արձանագրեմ՝ հավելյալ ջրառի պահանջարկը չի ձևավորվել մեկ օրում, այլ տարվա բնակլիմայական պայմանների թելադրանք է: Հուլիս ամսից Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ ոռոգման համակարգն անցել է խնայողության խստագույն ռեժիմի: Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, որը կազմում էր 120 մլն խմ, այսօր նվազեցրել ենք մինչև 40 միլիոն խմ-ի։ Ամեն ինչ անելու ենք, որ առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ ջուրը չգերազանցենք, եթե իհարկե ամառն իր լիազորությունները շատ չչարաշահի»:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ջրառն անհիմն է, իսկ կորուստները՝ չհաշվարկված, տիկին Գաբոյանը նշեց, որ նշված հարցերն անցյալ տարի հնարավորություն կար տալու նախորդ ղեկավարին, ինքն այս պաշտոնին նշանակվել է հուլիսի 10-ից: 

Ջրային կոմիտեն տարվա սկզբին ներկայացրել է 80 մլն խմ դեֆիցիտի պահանջ, սակայն քննարկումների արդյունքում դեֆիցիտի պահանջը սահմանվել է 40 մլն խմ ծավալի ջուր: «Մենք քննարկել ենք մեր բոլոր հնարավորությունները: Սա երկար քննարկումների արդյունք է և հիմա խորանալ բոլոր քննարկումների, թվերի մեջ չունենք ժամանակ անգամ: Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները: 40 մլն-ը հիմնավորված թիվ է: Մենք կարող ենք Ձեզ հրավիրել և բոլոր հիմնավորումները ցույց տալ: Արդյունքում մենք ունենալու ենք 55 հազար գյուղատնտեսական ընտանիքների հողի մշակված արդյունքը ստանալու հնարավորությունը»: 

Նշենք, որ նիստի ընթացքում ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել բնասերներն ու բնապահպանները: Նրանց պահանջն ու բողոքը հստակ է. Սևանից ջրառ չպետք է իրականացվի:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում