Մարտունիում շներին մեքենայի հետևից կապած քարշ են տվել փողոցով. հերթական դաժանությունը (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դրսևորումն ի հայտ եկավ: Միջադեպն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ: Համացանցում ահազանգ հնչեց, որ Մարտունի քաղաքում անհայտ անձը երկու շուն է կապել մեքենայի հետևից և քարշ է տալիս կենդանիներին: 

Դեպքին անմիջապես արձագանքեց Հայաստանի կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը: «Դինգո թիմի» անդամները գնացին ահազանգի հետքերով և հայտնաբերեցին վերոնշյալ անձին: «Նա Ճամբարակի Այգուտ գյուղի բնակիչ Դավիթ Լազարյանն էր: Այսօր գնացինք Ճամբարակ, գտանք նրան: Նման բան իհարկե չէին սպասում, քանի որ Հայաստանում դեռ սովոր չեն, որ կենդանիներին նեղացնելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ: Սկզբից հազար ու մի տեսակի ստեր հորինեց: Նախ ասաց, որ իրեն անծանոթ թափառական շներ էին, որոնք կերել էին իր կենդանիներին: Հետո ասաց, որ իր շներն էին, որոնց ինքն ուղղակի մեքենայից կապել էր՝ պատժելու նպատակով, ու քարշ չէր տվել ու էլի մեկը մեկին հակասող տարբեր ստեր»,- տեղեկանում ենք «Դինգո թիմի» անդամներից: 

 

Բազմիցս նշել ենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող մարդիկ կարող են վտանգ ներկայացնել նաև մարդկային հասարակության համար: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- մեզ հետ զրույցում ասել է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

«Դինգո թիմը» դեպքի առնչությամբ նաև գրում է. «Մենք մոտակա գոմի միջից գտանք շներին: Շների վրա հայտնաբերված բազմաթիվ նոր վերքերը խոսում էին այն մասին, որ նրանց լավ էլ քարշ են տվել, իսկ հին սպիացած վերքերը խոսում էին այն մասին, որ սա առաջին դեպքը չէր... Նշենք, որ շներին գոմում հայտնաբերելուց հետո, Դավիթը մեր ահից ուղղակի փախել ու թաքնվել էր տանը և նրան այնտեղից կարողացան դուրս բերել ոստիկանները ... շներին բերեցինք մեզ հետ: Այժմ նրանք մեր կենտրոնում են, ստացել են առաջին օգնություն, վաղը կգնան բժշկի: Նրանց կոչել ենք Առչո և Բուռչո»:

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող և դաժանության դրսորումները կանոնակարգող օրենքի անհրաժեշտության մասին կենդանասերներն ու կենդանապաշտպանները բարձրաձայնում են տարիներ շարունակ, սակայն դաշտը շարունակում է անվերահսկելի մնալ:

Նշենք, որ Մարտունի այցելած կենդանասերները ՀՀ ոստիկանություն են ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կլինի հետևողական գործի հետագա ընթացքի ուսումնասիրման հարցում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում