«Շատ լավ եմ, ընտի՛ր». Սևան ազգային պարկի տնօրենի «ֆլեշմոբին» միացել է ևս 50 մարդ (տեսանյութ)

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը որոշել է սեփական փորձով ապացուցել, որ Սևանա լճի ջուրն անվտանգ է: Վերջինս տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու ևս երկու մարդ հենց լճից բաժակով խմում են ջուրը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:

 

Մենք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետաքրքրվեցինք, թե ինչպես է այսօր իրեն զգում «Սևան» ազգային պարկի տնօրենը. «Շատ լավ եմ, ընտիր,- ծիծաղելով պատասխանում է նա ու շարունակում,- «Ասեմ, որ միայն ես չեմ խմել, առնվազն 50 մարդ ևս խմել են ինձ հետ: Երեկ հայտարարվել է ֆլեշմոբ և իմ խմելուց հետո լիքը տնտեսվարող սուբյեկտներ, հանգստացողներ, ջրային սպորտով զբաղվողներ ևս խմել են, նկարել են և տեղադրել են սոցիալական ցանցում: Ազգային պարկի մի քանի աշխատակիցներ ևս միացել են ֆլեշմոբին: Վիճակներս շատ լավ է: Ես ինքս 100 տոկոսով համոզված եմ, որ ջուրը մաքուր է, սա արտառոց երևույթ չէ, Սևանն իր ամբողջ պատմական զարգացման ընթացքում այս երևույթներն ապրում է»:

Մեր հարցադրմանը, թե արդյո՞ք պարոն Գուլանյանը հակադրվում է Առողջապահության նախարարության հայտարարությանը, վերջինս պատասխանեց. «Ես ուզում էի ուղղակի ապացուցել, որ մեկ անգամ հետազոտելով չէ և միշտ չէ, որ հետազոտություններն ու թվերն արտացոլում են իրականությունը: Ի վերջո, ես ևս գիտությունից եկած մարդ եմ և գիտեմ, որ փորձերի արդյունքում կամ ինչ-որ եզրահանգման գալու համար այդ փորձերը պետք է բազմակի լինեն: Ասածս հենց այն է, որ եթե այն կառույցները, որոնք ունեն այդ իրավունքը հայտարարություն անելու այդ երևույթի վերաբերյալ և մեր ասածները, մեր հետզոտությունները և մեր անձնական կարծիքը, մեր փորձը զրոյացնում են, ինձ ուրիշ բան չէր մնում, քան ուղղակի փորձով մարդկանց ցույց տալ: Եվ ասեմ, որ մոտ կես լիտրի չափ խմել եմ, բավական մեծ բաժակ. ոչ հոտ, ոչ այլ համ չկար, շատ ընտիր ջուր էր: Ընդհանրապես Սևանի ջուրը շատ հաճելի է խմելու համար, լավ հագեցնում է: Սովորական Սևանի ջուրն է, որը մենք միշտ խմել ենք: Ասեմ, որ լճի կողքի ապրող մարդիկ այս ջուրը մշտապես օգտագործում են և ձուկն էլ այդ ջրով են եփում: Երեկ էլ ամբողջ հանրությանը ցուցադրեցի, որ այստեղ ոչ մի բան չկա, ոչ նոր բան էր, ոչ էլ հերոսություն»: 

 

Վահե Գուլանյանը մանրամասնում է, որ իրենց նավակը մտել է թերակղզուց և շարժվել այնքան, մինչև հանդիպել են այն երևացող սպիտակ հատվածին, որտեղ մնացել էր ջրիմուռների հետքը:

Անդրադառնալով այս քայլը տգիտություն կամ նաև խաբեություն անվանող մեկնաբանություններին, տնօրենը հավաստիացրեց, որ պատրաստ է, եթե ինչ-որ մեկն այլ տեղ, այլ հատված ցույց կտա, այդ տեղից էլ խմել:

«Միշտ հիշում եմ, մի գովազդ կար: Հետաքրքիր պարամետրեր էր ցուցադրվում և իշամեղվի մասին էր խոսվում: Ցույց էր տալիս, որ իշամեղվի թևերն այնքան փոքր են, որ կյանքում չի կարող այդ մեծ մարմինը օդ բարձրացնել: Ու հենց այդ գովազդի մեջ ասվում էր՝ բայց իշամեղուն չգիտի այդ մասին և շարունակում է թռչել: Միշտ չէ, որ մասնագետների ասածը ճիշտ է: Ես համոզված եմ, որ այն գործընթացները, որոնք կատարվում են, որևիցէ մեկը, բացի մեզանից գաղափար չունի այդ մասին: Միմիայն մենք գիտենք, թե ինչ է կատարվում, հավատացե՛ք: Դա իրականություն է: Ոչ ոք խորամուխ չի եղել, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում: Հետաքրքիրն այն է, որ մեր բոլոր կանխատեսումներն իրականանում են: Ես ասել էի, որ ջրի արտաքին շերտը շատ տաք է լինելու և դա նպաստելու է ջրիմուռների բուռն զարգացման գործընթացներին: Դա կատարվեց, բոլորս տեսանք: Այժմ էլ սպիտակ զանգված է առաջացել: Կալցիումի իոնները սառը ջրի մեջ լուծվում են, բայց տաք ջրի մեջ՝ ոչ: Երբ ալեհարություններ սկսվեցին ներքևի սառը շերտի ջրերը բարձրացան վերև, խառնվեցին տաք ջրերի հետ և կալցիումի իոնները դարձան անլուծելի և սպիտակ երանգ ստացվեց»:

Դեռ մինչև ԱՆ հայտարարությունը պարոն Գուլանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր. «Կարծում եմ մտավախություն չկա, որովհետև ոչ մեկ կուլ չի տա այդ զանգվածը և առավել ևս այդ ծավալի: Բնականաբար, 18-20-30 լիտր ոչ մեկ չի խմի: Վտանգավոր չի, միայն տեսքն ու հոտն է տհաճ տեղ-տեղ, որտեղ կուտակումները շատ են կամ հայտնվում է ափին ու սկսում է չորանալ, մեռնել, միայն այդ ժամանակ կարող է ծծմբաջրածնի թեթև հոտ՝ մամուռներին բնորոշ հոտ լինի»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում