«Շնասահնակ» Ծաղկաձորում. կենդանապաշտպաններն ահազանգում են (ֆոտո)

Կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը շարունակում է բարձրաձայնել կենդանական աշխարհի հետ կապված ՀՀ-ում առկա խնդիրների մասին: Օրերս կենդանապաշտպան հասարակությունն ակտիվորեն քննարկում է Ծաղկաձորում գործող «Action Park» կոչվող զվարճանքի կենտրոնում կենդանիների օգտագործմամբ ծառայությունների մատուցման դեպքը: 

Մասնավորապես, խոսքը գնում է հասկի տեսակի շների մասին, որոնք Ծաղկաձորում զվարճանքի կենտրոնի հաճախորդներին հատուկ «շնասահնակի» միջոցով տեղափոխում են մեկ կետից մյուսը: 

 

«Դինգո թիմն» իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամառվա 40+ ջերմաստիճանի պայմաններում այս շները, որոնք նախատեսված են հյուսիսում ապրելու համար, օրը մի քանի ժամ զվարճացնում են մարդկանց ու հարստացնում տերերին։

 

Սա խայտառակություն է համ դրանից օգտվողների, համ շներին գումարի համար չարչարողների, համ էլ պետության համար, որտեղ չկա օրենք ու կենդանիները օրենքով դասվում են գույքի շարքում։

Կոչ ենք անում չօգտվել կենդանիների տանջանքի հաշվին ստեղծված այս զվարճությունից ու բոյկոտել action park -ը»։

Այս կոչին արձագանքեցին բազմաթիվ կենդանասերներ և հաշված ժամերի ընթացքում նշված զվարճանքի կենտրոնի վարկանիշը կտրուկ անկում ապրեց: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Action Park»-ի ներկայացուցչի հետ, ով հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել անհանգստություն հայտնած քաղաքացիների հետ («Դինգո թիմ») կենտրոն այցելելու և տեղում կենդանիների պայմաններին ծանոթանալու: 

Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք շատ են զարմացել նման արձագանքից: «Մենք առաջարկել ենք իրենց գալ, տեսնել մեզ մոտ պահվող շների պայմանները, խոսել, քննարկել, տեսնել, թե մենք ինչ պայմաններ չենք ապահովում: Մենք ամեն ինչ փորձել ենք անել, որպեսզի որևէ կենդանու համար վատ չլինի: Մենք լավ բան ենք ցանկացել կազմակերպել, վատ բան չենք փորձել անել ու նման վատ արձագանք չէինք սպասում, անկեղծ ասած: Ով մեզ մոտ եկել է, արձագանքը միայն լավն է եղել: Մենք Մանվել Գրիգորյանն էինք հա՞ երևի, այդպիսի՞ տպավորություն էր: Մենք կենդանիներին պատշաճ խնամում ենք. սկսած ներարկումներից, դեղորայքից, սննդից: Իրենց անձնագրերի մեջ ամբողջ տեղեկատվությունը կա»,- ասաց նա: 

Մեր զրուցակիցը նշեց, որ Ծաղկաձորում եղանակային պայմանները տարբերվում են Երևանից: Ըստ նրա, նշված 40 աստիճան ջերմությունը Երևանին է վերաբերում, իսկ Ծաղկաձորում մարդիկ անգամ վերարկու են հագնում: Վերջինս նաև նշեց, որ ընկերությունը պատրաստ է քննարկել կենդանիների պահման հետ կապված ցանկացած պայման, սակայն, ի սկզբանե նրանց ոչ ոք չի տեղեկացրել: 

Կենտրոնի ներկայացուցիչը հայտնեց, որ այժմ այնտեղ պահվում են 6 շուն, ունեն նաև համապատասխան մասնագետ, ով վերահսկում է կենդանիների վիճակը: Կենդանիների խնամքի և վարժեցման վրա մեծ գումարներ են ծախսվել: Շները գնվել են Հայաստանից ձագ վիճակում, այժմ կենդանիները մոտ 1 տարեկան են: Տարածքը, որտեղ շները քշում են «սահնալը», ըստ մեր զրուցակցի, կազմում է մոտ 100 մետր:

Նշենք, որ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող օրենքի բացակայության մասին ահազանգել ենք բազմիցս: Նշված օրենքի բացակայության պատճառով էլ հաճախ նման իրավիճակներ են ստեղծվում, երբ չկա պետական մակարդակով վերահսկողություն: Այս մասին զրուցեցինք նաև «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով ասաց. «Տարիներ շարունակ մենք ահազանգել ենք այս օրենքի բացակայության մասին: Չէ՞ որ, եթե իրավիճակը վերահսկելի չէ, մենք չգիտենք ընդուպ՝ ի՞նչ են ուտում այդ կենդանիները, ինչպե՞ս են օգտագործվում այդ կենդանիները, ի՞նչ պայմաններում են դրանք պահվում և ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել իրենք իրենց և շրջապատի համար, այդ թվում՝ մարկային հասարակության»,- ասաց նա:

Մանրամասները՝ շուտով: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում