Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես միանշանակ թույլ չէի տա. Նիկոլ Փաշինյան

«Ես շատ հստակ հայտարարել եմ հետևյալը, եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես միանշանակ դեմ կարտահայտվեի և թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր: Սա միանշանակ, ես սա հայտարարել եմ: Ոչ թե նրա համար, որ կարծում եմ, թե ընդհանրապես հանքարդյունաբերություն ՀՀ-ում չպետք է լինի, այլ նրա համար, որ կարծում եմ՝ աբսուրդ է Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի, ըստ էության, տարածքում հանքարդյունաբերություն ձևավորել, ինչպիսին էլ լինի այդ հանքարդյունաբերությունը»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ընթացքում՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին:

Վարչապետը նշեց, որ կա նաև երկրորդ խնդիր. «Մենք որպես Կառավարություն որևէ գործողություն չեն կարող իրականացնել, եթե չունենք դրա համար անհրաժեշտ որևէ «դե յուրե» հիմնավորում: Հիմա շատերն ասում են՝ գնացեք, փակեք հանքը: Գնանք, փակենք հանքն առանց որևէ հիմնավորման, բա ամենաթողությունը հենց այդ ժամանակ է սկսվում: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ իրավիճակում ենք գտնվում և ինչպե՞ս կարող ենք որոշումներ կայացնել:

Գիտեք, որ բնապահպանական տեսչությունը ստուգումներ է սկսել և մենք այս իրավիճակը քննում ենք: Ես հույս ունեի, որ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները նույնպես քայլ կանեն, որպեսզի այս իրավիճակը մենք կարողանանք քննարկումների մթնոլորտում հասկանանք, թե ինչ կարող ենք անել, որովհետև էլի եմ ասում մեր կառավարությունը կոնկրետ ժառանգել է իրավիճակ, երբ միջազգային բորսայում ներկայացված ընկերությունը, որը հանքարդյունաբերության ոլորտում միակ ընկերությունն է, որը բորսայում ներկայացված է, իրականացրել է մոտավորապես, իրենց պնդմամբ, 400 մլն դոլարի ներդրում և այնտեղ մենք ունենք իրավիճակ, որը պետք է հասկանանք, թե մենք ինչ ենք անում:

Ես շատ եմ մտահոգված Ամուլսարում ստեղծված իրավիճակով, նախ և առաջ բնապահպանական տեսակետից եմ մտագոհված, որովհետև ինձ հասկանալի չէ նախորդ կառավարության տրամաբանությունը, որ տարել են Ջերմուկում հանքի թույլտվության լիցենզիա են տվել, բայց էլի եկեք ճիշտ հասկանանք՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ասում է՝ ձեր երկու կառավարությունները մեզ այս թույլտվությունը տվել է, եկել ենք ներդրում ենք արել: Այսօր եթե այդ պրոցեսը սկսեր ես բացառում եմ, որ այդպիսի պրոցես սկսեր, ի սկզբանե կասեի՝ «ոչ, մեզ այդպիսի նախագիծ Ջերմուկում պետք չէ»: 

Ցավում եմ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, համենայնդեպս, իմ այցի շրջանակներում կառուցողական մոտեցում չցուցաբերեց»,- եզրափակեց վարչապետը: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում