Հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ. նախարար

«Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանական իր հարստությամբ, իր բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ հիմնական բնապահպանական կետերից մեկն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Հանքարդյունաբերության նման ծավալները որևիցէ ձևով երկարաժամկետ կտրվածքով արդարացված չեն, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է նաև՝ այն գործունեությունը, որը արգելված չէ՝ թույլատրված է: Կրկին անգամ ուզում եմ շեշտել, որ կան իրավական գործընթացներ, կան բովանդակային գործընթացներ: Ես դեմ եմ հանքարդյունաբերությանն ընդհանրապես այս ծավալներով զարգացմանը ՀՀ-ում: Մնացած գործողություններն իրականացվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում: Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնք ազատ են իրենց ելույթներում, մեկնաբանություններում, կարծիքներում, տեսակետներում, մենք սահամանափակված ենք օրենսդրությամբ մեզ տրված լիազորությունների շրջանակներով»,- մանրամասնեց նա:

Խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին և անդրադառնալով վերջերս հնչեցված մտքերին, որ շահագործող ընկերությունն ունի նախագծից շեղումներ, նախարար Էրիկ Գրիգորյանը մանրամասնեց. «Քանի որ և՛ գևավոր, և՛ բանավոր եղել են որոշակի մեկնաբանություններ, որ լուծումները տարբեր են, մենք նախապատրաստել ենք գրություն, որն այսօր կուղարկենք կազմակերպությանը: Եթե կան նախագծային որոշակի փոփոխություններ, ապա ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրության, այդ փոփոխությունների դեպքում նոր փորձաքննական գործընթաց պետք է անցկացվի: Առաջին քայլով մենք ուղղակի դիմել ենք հասկանալու համար, որովհետև կազմակերպությունից պաշտոնապես չկա որևիցէ դիմում կամ գրագրություն, որ նախագիծը փոփոխության է ենթարկվել»:

Նախարարը նշեց նաև, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արդեն սկսել է ստուգումները և այս պահին այնտեղ արդեն ստուգումներ են իրականացվում: Ստուգումները մի քանի բաղադրիչով են լինելու՝ և՛ բնապահպանական մասով, և՛ փաստաթղթային առումով: Նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված տուգումներն ավարտին հասցնելու համար:

«Եթե բացահայտվի որևէ կոռուպցիոն դեպք, խնդիր, այդ դեպքում կա իրավական գործընթաց ու կարծում եմ որևիցէ միջազգային գործընթաց չի կարող պաշտպանել մի բան, որտեղ արդեն կան իրավական խնդիրներ: 10 աշխատանքային օրվա մեջ տեսչական մարմինը կունենա նախնական տեղեկատվություն, որից հետո ավելի առարկայական կկարողանանք խոսել»,- մանրամասնեց նա:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում