Քաղաքացիների պայքարն Ամուլսարի հանքի դեմ ամբողջությամբ օրինավոր է. «Ամուլսարն առանց հանքի»

Այսօր՝ հուլիսի 9-ին, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները ներկայացրեցին Ամուլսարի ոսկու հանքի շուրջ պայքարի իրենց տեսլականը, խոսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործելաոճի մասին:

Նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը նշեց, որ իրենց գործունեության առաջնային նպատակն է եղել իրազեկել մարդկանց, որ գոյություն ունի նման խնդիր, ինչը որոշվեց անել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակի միջոցով: Ակցիան հասավ նպատակին. այդ օրը բոլորը խոսում էին Ամուլսարի խնդրի մասին: Նախաձեռնության անդամները նաև աշխատել ու համագործակցել են տեղի բնակիչների հետ՝ աջակցելով նրանց հանքի գործունեության դեմ տարվող աշխատանքներում: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն պարբերաբար վրանային գիշերակացով այցելում են Ամուլսար՝ աջակցություն հայտնելով դեպի հանք տանող ճանապարհները փակ պահող քաղաքացիներին:

Նախաձեռնության մասնակիցները նշում են, որ ընկերության գործունեության բացասական հետևանքներն ակնհայտ են անգամ շինարարության փուլում: Ջերմուկ համայնքի բնակիչներն ականատեսն են լինում փոշու առկայության, հանքում շինարարական աշխատանքների հետևանքով կեղտաջրերը լցվել են Արփա գետ, որտեղից էլ տարածքի ձկնաբուծարան, պայթեցումների հետևանքով վնասվել են ջրատար խողովակներ և այլն:

Նախաձեռնության անդամ իրավաբան Մերի Սերոբյանն ասաց. «Նշեմ, որ հասարակության և տեղի բնակիչների պայքարը հանքի գործունեության դադարեցման համար ամբողջությամբ օրինավոր է: Հենց հանքի գործունեության դադարեցումն էլ մենք պատկերացնում ենք օրենքի շրջանակներում և իրականում օրենքը մեզ այդ հնարավորությունը տալիս է»:

Մերի Սերոբյանը նշեց, որ կարող են դիտարկվել 3 ուղղություններ, որոնք թույլ կտան լուծել խնդիրը: Առաջինն ընդերքի մասին ՀՀ օրենքն է, որը նախատեսում է տրված թույլտվության դադարեցում խախտումների դեպքում: Այսպիսի օրինակ է Ջերմուկ քաղաքում տարածված փոշին: Հաջորդ տարբերակը ՇՄԱԳ փորձաքննության ուժը կորցրած ճանաչելն է, որը ևս սահմանվում է օրենքով: Եվս մեկ ուղղություն է բնապահպանական օրենքների և նորմերի խստացումը, որը ոչ շահեկան կդարձնի հանքերի շահագործումը:

«Պետությունը ճանապարհներ ունի: Եվս մեկ ճանապարհ էլ կա. ընդերքօգտագործման թույլտվությունը համարվում է վարչական ակտ, իսկ ակտն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ձեռք է բերվել օրենքի խախտումներով»,- նշեց նա:

Նախաձեռնության անդամ Սոնա Ռուշանյանը խոսեց Ջերմուկ վարչապետի այցելության մասին. «Խնդիրը ստացավ այնպիսի հնչեղություն, որ վարչապետը որոշեց անձամբ այցելել տարածք և տեղում ծանոթանալ հարցին: Բոլորս էլ հասկանում ենք, որ վարչապետը նպատակադրված է խնդիրը լուծել օրենքի շրջանակներում և գերակայությամբ: Վարչապետի հետ հանդիպումը գնահատում ենք դրական, թե՛ իր ազդեցությամբ ջերմուկցիների վրա, թե՛ նաև հանքարդյունաբերողի մոտեցումը հասկանալու տեսանկյունից: Վարչապետի հետ հանդիպումից հետո եղել եմ Ջերմուկում և տեղացիները շատ գոհ ու ոգևորված էին»:

Լրագրողի դիտարկմանը՝ կան արդյո՞ք գիտական հիմքեր, որոնք ապացուցում են՝ Ջերմուկում փոշին հենց հանքարդյունաբերության հետևանքով է, թե՞ դրանք սիրողական գնահատականներ են, Գեղամ Օհանյանը պատասխանեց. «Գիտեք, այդ սիրողական մակարդակն այն է, որ ամբողջ Ջերմուկի, Կեչուտի և Գնդեվազի համայնքում մարդկանց պատուհաններին կավահողով անձրև է գալիս, պատուհանները փակվում են: Անձրևի հետ նրանց մեքենաները ծածկվում են հողածածկույթով: Ջրի խողովակները, որոնք անցնում են սարի լանջով, պայթել են արդեն մի քանի անգամ: Դրանք ոչ թե սիրողական են, այլ փաստեր են, որոնք մենք չենք կարող անտեսել»:

Գեղամ Օհանյանը ընդգծեց, որ ընկերության աշխատանքները կասեցված են մնալու այնքան ժամանակ մինչև տեսչական մարմնի և «Լիդիան Արմենիայի» հետ համաձայնություն ձեռք բերվի առնվազն ժամանակավորապես կասեցնել հանքի աշխատանքները: «Միլիարդները թող պահեն իրենց, մեր բնությունը մեզ համար անգին է»,- ասաց նա:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում