Ուշադրություն. հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է

Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրին և ձեռնարկվող միջոցառումներին: Ծառայության տնօրենը նշեց, որ օրերս Հայաստան-Նախիջևան սահմանին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100հա խոտածածկ տարածք, բայց հրշեջ-փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը և կանխել դեպի անտառածածկ տարածքներ հասնելը: Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները: Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում գրանցված այլ հրդեհների՝ գնդապետ Նահապետյանը նշեց, որ Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որից 4-ը սպասարկվել է Երևանի հրշեջ-փրկարարական ուժերով: Հրդեհների առաջացման պատճառ է հանդիսացել նաև հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքը:

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը ներկայացրեց առաջիկա եղանակի կանխատեսումը: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ինչպես նաև՝ ակտիվացնել տեղեկատվական աշխատանքները բնակչության շրջանում՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին:

Նշենք, որ միայն հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է 267 հրդեհի ահազանգ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում