Էրիկ Գրիգորյանը սխալ է զեկուցում Կառավարությանը. Ջերմուկցիների ուղերձը վարչապետին (տեսանյութ)

Ի պատասխան հունիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից Ամուլսարի ոսկու հանքի մասին արված հայտարարության, Ջերմուկ քաղաքի բնակիչները հրավիրեցին վարչապետին Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու խնդրին և լսելու բնակիչների խնդիրը: 

«Մենք նրան հրավիրում ենք Ջերմուկ՝ ծանոթանալու ժողովրդի խնդրին: Կառավարության հետ վերջին հանդիպմանը պարզ դարձավ, որ այն մարդը, ով պատասխանատու է այս ամեն ինչի համար, այսինքն՝ բնապահպանության նախարարը, ով պետք է զեկուցի մեր նորանշանակ կառավարությանը իրավիճակի, խնդիրների մասին, իրականում սխալ է զեկուցում: Մասնավորապես, հենց պարոն Տիգրան Ավինյանի հետ մեր հանդիպման ժամանակ փոխվարչապետը հեռախոսազրույց ունեցավ Էրիկ Գրիգորյանի հետ և նա ասաց, որ մեր փորձագետները, որոնք եկել են պարոն Հարութ Բռոնոզյանի հետ, Լիդիանի հետ հանդիպման ժամանակ կարծիք են փոխել, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Մենք չենք վստահում Էրիկ Գրիգորյանին, մենք միայն կվստահենք մեր վարչապետին»,- հայտարարում են ջերմուկցիները: 

Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, ինչ տեղի բնակիչները փակ են պահում դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները: Վարչապետն ասել է. «Ես անկեղծ եմ ասում չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում: Ես խնդիրներ ունեմ էտ գործողության նպատակը հասկանալու իմաստով, որովհետև այդ գործողության նպատակը կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ և մենք հիմա ուսումնասիրում ենք, թե որ մեկնաբանությունն է այնուամենայնիվ առավել ճշգրիտ: Ես էլի կոչ եմ անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության այդ բոլոր գործողությունները և հնարավորություն տալ, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա այդ խնդիրներով զբաղվել և փաստերի հիման վրա լուծել այդ խնդիրները: Հասկանո՞ւմ եք, մենք պետք է բոլոր խնդիրներին լուծումներ տանք փաստերի հիմման վրա: Մենք չենք կարող կայացնել չինֆորմացված որոշումներ, այնպիսի որոշումներ, որի ճշմարտացիության մեջ մենք ինքներս 100 տոկոսով համոզված չենք»:

Հիշեցնենք նաև, որ օրերս ՀՀ-ում էին քիմիական ինժեներ Հարութ Բռոնոզյանի կողմից հրավիրված միջազգային փորձագետները, որոնք այցելեցին նաև Ամուլսարի տարածք: Նշված հանդիպում հետո փորձագետները կրկին հանդիպեցին հանրության և ԶԼՄ-ների հետ և կրկին անգամ հայտնեցին իրենց մտահոգությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հետ կապված: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում