«Լիդիան Արմենիա»-ի «լավագույն տեխնոլոգիաներով» կառուցած խողովակաշարը՝ իրականում (տեսանյութ)

«Խողովակաշարը լինելու է շարժական և միայն առատ տեղումների ժամանակ է կիրառվելու, որպեսզի կարողանան տարանցել ջրահոսքերը»,- մեզ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ խոսելով «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերության կողմից վերջերս «Արևաձուկ» ձկնաբուծարանին պատճառած վնասի մասին:

Հիշեցնենք, որ օրերս Արփա գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կեղտաջրերի պատճառով: Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետևանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: 

Վրույր Պեպանյանը մանրամասնեց, որ ընկերությունից տեսչական մարմնին հաղորդել են. «Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունն ավարտին կհասցնի ընկերության լեռնահարթեցման տարածքից արտահոսող մակերևութային ֆիլտրացիոն ջրահոսքերի կառավարման ենթակառուցվածքների շինարարությունը, ինչն ամբողջովին կբացառի հետագա արտահոսքի նույնիսկ չնչին հնարավորությունը: Առաջիկա 3 շաբաթվա համար տեղադրվելու է այդ խողովակաշարը, որը լինելու է շարժական և կիրառություն է ունենալու միայն առատ տեղումների ժամանակ»: 

Ընկերության կառուցած վերոնշյալ խողովակաշարը նկարահանել է Ջերմուկ համայնքի Շիրակ Բունիաթյան անունով բնակիչը, ով արդեն մի քանի անգամ տեսանկարահանում է թույլ տրված շեղումները:

 

Տեսանյութում Շիրակ Բունիաթյանը ցույց է տալիս խողովակաշարը. որտեղից է այն սկիզբ առնում, դրա կառուցման անհարամարավետությունը, ինչպես նաև ուղղակի գետի քարերով կառուցված պատվարը: Այս միջոցառումները, ըստ նրա, խնդիրներ կառաջացնեն ձկների բնական միգրացիայի համար: 

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարբերաբար ընդգծում է, որ ընկերությունն աշխատում է միջազգային բարձր ստանդարտներով և կիրառում է լավագույն տեխնոլոգիաները: Թե արդյո՞ք խողովակաշարը կառուցվել է նշված եղանակով կարելի է եզրակացնել՝ դիտելով տեսանյութը:

Տեսանյութում նաև երևում է, որ խողովակաշարը, որից ենթադրաբար պետք է հոսեն պղտոր ջրեր, թափվում է ձկնաբուծարանին կից կառուցված ձկնուղու վրա, որը կառուցված է ձկների բնական միգրացիան ապահովելու համար: 

Հիշեցնենք նաև, որ այսօր՝ հունիսի 22-ին, տեղի բնակիչները կրկին փակել են դեպի հանք տանող բոլոր ճանապարհները:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում