Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները կրկին փակվել են

Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները կրկին փակվել են: Այս մասին տեղեկանում ենք Ջերմուկ քաղաքի բնակիչներից: Մեր զրուցակիցը նշեց, որ վաղն իրենց միանալու են նաև Եղեգնաձոր և Կապան քաղաքացիներից: Բնակիչները կոչ են անում բոլորին համախմբվել Ամուլսարի ոսկու հանքի խնդրի շուրջ, քանի որ այս հանքը վնաս է հասցնելու յուրաքանչյուրին: 

Նշենք, որ հունիսի 5-ի ուշ գիշերին, Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները հանդիպում են ունեցել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Բնապահպանների հստակեցումների և ծավալված քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ հնարավոր է տեսչական ստուգումներն իրականացվեն այլ ձևաչափով, քանի որ այդ ստուգումները նախատեսված են արդեն իսկ գործունեություն ծավալող հանքարդյունաբերական տարածքների համար, իսկ Ամուլսարի հանքի տարածքում դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ: Բացի այդ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունը, ըստ տարբեր փորձագետների պնդումների, իրականացված է օրենքի մի շարք խախտումներով և ընդհանուր գործընթացը պարունակում է բազմաթիվ կոռուպցիոն և այլ բնույթի ռիսկեր: Նշված գործընթացն իրականացնելու համար հնարավոր է ստեղծվի այլ մարմին, օրինակ՝ Կառավարական հատուկ հանձնաժողով: Հստակ ժամկետներ դեռ սահմանված չեն, քանի որ փաստացիորեն տեսչական մարմիններն էլ դեռ վերջնականապես ձևավորված չեն և կան փաստաթղթային գործընթացներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մոտակա 10 օրվա ընթացքում: 

Մայիսի 22-ի դրությամբ, որևէ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: 

Նշենք նաև, որ Հայաստանում այցով գտնվում են միջազգային փորձագետներ, որոնք իրենց գիտական հիմնավորումներն են ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի ռիսկերի վերաբերյալ: Քիմիական, բնապահպանական ճարտարագետ Հարութ Բռոնոզյանը, դոկտոր Էնն Մաեսթը (PhD) և դոկտոր Անդրե Սոբոլևսկին իրենց ուսումնասիրությունները հանրությանը ներկայացրեցին հունիսի 20-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում:

Մեր տեղեկությունների համաձայն, հունիսի 21-ին վերոնշյալ փորձագետները, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ միասին պետք է այցելեին Ամուլսար, ինչպես նաև հանդիպում ունենային «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման տեղի ունենալու մասին կամ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում