«Լիդիան Արմենիա» ՓԲԸ պատկանող տարածքից ցեխաջրերը լցվել են Արփա գետ. Տեսչություն

«Ինչ վերաբերում է Ջերմուկի «Մամարզա» կոչվող տարածքից հոսող Արփա գետի աղտոտվածությանը, ապա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ պատկանող տարածքից հորդառատ անձրևների ժամանակ առաջացած ցեխաջրերը լցվել են Արփա գետ». տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնել ենք, օրերս Ջերմուկ համայնքի բնակիչներից մեկը նկարահանել և հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է պղտորվել Արփա գետի ջուրը: Ըստ համայնքի բնակիչների՝ գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կավաջրի պատճառով:

Տուժած «Արևաձուկ» ՍՊԸ գլխավոր ձկնաբույծ Արամ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք իրենց ներկայացուցիչներին էլ դրա մասին ասել ենք: Իրենք հիմա հերքում են այդ տեղեկությունը, բայց եղել է այն, ինչ եղել է: Նրանք առավոտյան եկել են նստվածքը տեսել են ավազանների: Փորձել են լուծումներ գտնել, առաջարկել են, բայց միևնույն է մենք չենք հավատում, որովհետև իրենք անտեսել են այն հանգամանքը, որ իրենց գործունեությունից հետո այդ ամենն ուղղվելու է դեպի Արփա գետ: Իսկ այս գետը ժողովրդի ամեն ինչն է, մինչև Արենի օգտվում են ժողովուրդն այդ գետից: Քանի դեռ հանքը չի աշխատում ցեխաջուր է գալիս, իսկ հետագայում ի՞նչ կգա... »:

Վերջինս նաև տեղեկացնում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից այժմ աշխատանքներ են տարվում խողովակաշար կառուցելու ուղղությամբ: «Ինչ-որ խողովակ են բերել, որպեսզի տեղադրեն մեր տարածքից վերև, այդ ջրերը գան, շրջանցեն, բայց ես իրենց էլ եմ ասել, որ դա հարցի լուծում չէ»,- ասել է Արամ Հակոբյանը: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է նաև. «Ուսումնասիրությունը շարունակվում է, լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»: 

Մանրամասները՝ շուտով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում