Գետի հունը փոխելը տնտեսական հանցագործություն է. Եղեգիսի բնակիչներն ահազանգում են

Այսօր՝ հունիսի 15-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ է ստացել Եղեգիս գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի դեմ պայքարող քաղաքացիներից: Մասնավորապես, ֆերմեր Տիգրան Եղոյանը հայտնում է. «Հարգելի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան, հայտնում ենք ձեզ այն մասին, որ այս պահին, ավերելով բնությունը` շարունակվում են աշխատանքները Եղեգիս գետի հունի մոտ տեղակայելով խողովակներ, որոնք փոխել են գետի հոսքի ուղղությունը: 27 կմ ցամաքեցնելով կառուցվում են նոր ՀԷԿ-եր: Բարցրաձայնում եմ դժգոհությունը իմ և ամբողջ ազգաբնակչության անունից»:

Տեղեկատվությունը պարզաբանելու նպատակով դիմեցինք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ նշված տեղեկությունը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: ԲՆ-ից հայտնում են նաև, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ են իրականացվում և ո՞ր ընկերության կողմից, քանի որ կան ընկերություններ, որոնք ստացել են համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, սակայն չեն անցել ՇՄԱԳ փորձաքննություն: Կան նաև շինարարության փուլում գտնվող ՀԷԿ-եր, որոնք ունեն տվյալ գործողությունն իրականացնելու լիարժեք թույտվություն:

Մեզ հետ զրույցում Տիգրան Եղոյանը չհերքեց հավանականությունը, որ հնարավոր է նաև առկա է համապատասխան թույլտվություն, սակայն նշեց, որ դա բնակիչների համար էական չէ: «Տղաներն այսօր առավոտյան գնացել էին թթու ջուր կոչվող տարածք ու ասեցին, որ մոտ 10-12 տեխնիկա ահավոր թափով աշխատում են: Այդ տարածքը Եղեգիս գետի հենց ակունքում է գտնվում: Այսինքն, որտեղից սկիզբ է առնում Եղեգիս գետը: Իրենք ակունքից ջուրը տեղափոխում են: Անկախ թույլտվության արդյունքներից, գետի հունը 27 կմ խողովակի մեջ անցկացնելով տեղափոխելն արդեն հանցագործություն է, դրա համար մենք այդ թույլտվությունը հաշվի չենք առնում: Գետի հունը փոխելը տնտեսական հանցագործություն է, անկախ նրանից, թե ով է թույլ տվողը: Ես մոտ 15 օր առաջ խոսել եմ նախարարի հետ, ով ասաց, որ նման բան (գետի հունը փոխել, հեղ.) չի կարող լինել, ինքը կզբաղվի այդ հարցով և եթե նման բան կա, խնդիրը լուծում կստանա»,- մանրամասնեց նա: 

Վերջինիս խոսքով, ինքն այսօր էլ փորձել է կապ հաստատել նախարարի հետ: Տիգրան Եղոյանը պնդում է, որ եթե այս իրավիճակին լուծում չտրվի, համայնքի բնակիչները պատրաստ են փակել ճանապարհներն ու իրենց ուժերով պայքարել նշված ՀԷԿ-երի կառուցման դեմ: 

Հավելենք նաև, որ  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հայտնեց մեզ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կայցելեն նշված տարածք ու կճշգրտեն տեղեկությունը:

Մանրամասները՝ շուտով: 

Հիշեցնենք նաև, որ «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրով (2016թ.) ուսումնասիրվել է Եղեգիս գետի և դրա վտակների վրա առկա ՓՀԷԿ-երը: Եղեգիս գետի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով կազմել է 47 կմ/51.46 տոկոս: Այս տարվա մարտի 1-ին Կառավարությունը հավանություն է տվել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծին: Նախագծով սահմանվում է նաև հետևյալ չափորոշիչը. «Շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար նախատեսել հետևյալ չափորոշիչները՝ ... 3) դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի գետի ծանրաբեռնվածության առկայություն»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում