Առաջարկել ենք Սևանում սիգի փորձնական որս թույլատրել. Բարդուխ Գաբրիելյան

Օրերս Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սևանա լճի պահպանության, ապօրինի ձկնորսության հիմնախնդրի և արդյունագործական ձկնորսության հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննարկման մասնակիցները հնարավոր են համարել սահմանափակ չափաքանակով արդյունագործական որսի թույլտվությունը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է բացառվի, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, ոչ արդյունագործական մեծության /մինչև 500 գրամ/ ձկան որսը և արգելվի այդ նպատակով օգտագործվող որսագործիքների ներմուծումը Հայաստան։ Առաջնահերթ դիտարկվել են նաև Սևանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմները, որոնք հունիսի 8-ին քննարկվել էին նաև լճին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։

Այս մասին մենք զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հետ՝ խնդրելով պարզաբանել արդյունաբերական որսի արդյունավետությունը տվյալ պարագայում, քանի որ տարիներ շարունակ Սևանա լճում տեղի է ունեցել գերորս:

«Այո՛, գերորս եղել է, բայց վերջին տարիներին մի քիչ ավելացում է նկատվել: Հիմա, գոյություն ունեցող համակարգը համարվում է ոչ արդյունավետ և առաջարկվել է նոր համակարգ ստեղծել: Մենք դեռ նախորդ տարվա առաջարկներում նշել ենք, որ կարելի է կատարել փորձնական որս՝ ինչ-որ չափով: Օրինակ սիգի դեպքում կարելի է արդյունագործական պաշարի մինչև 50 տոկոսը որսալ, սակայն ելնելով այս իրավիճակից՝ ոչ կառավարվող որս և այլն, մենք առաջարկեցինք 20 տոկոս սահմանել թույլատրելի ձկնորսության ծավալը: Այսինքն, դա մոտավորապես կազմում է 130 տոննա, իսկ արդյունագործական պաշարը կազմում է մոտ 550 տոննա:

Մենք պայմանավորվեցինք նոր առաջարկված համակարգի սահմաններում փորձնական որս կատարել: Սակայն այս տարվա կեսն արդեն անցել է և ես չեմ կարծում որ որսն արժե այս տարվանից սկսել: Մենք դա առաջարկել ենք ամբողջ տարվա կտրվածքով»,- մանրամասնեց նա:

Բարդուխ Գաբրիելյանը նաև նշեց, որ պետք է խստորեն պահպանվեն մի շարք կարևորագույն կանոններ. որսի համար թույլատրելի ժամանահատվածը, ինչպես նաև պետք է արգելվի փոքր, ոչ հասուն ձկների որսը: Արդյունագործական չափսերին չհամապատասխանող ձկների որսի կանխարգելումը պետք է սկսել որոշ տեսակի որսագործիքների ներմուծման և կիրառման արգելքից:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում