Ծառագողերն առանց կողպեքը վնասելու մտել են Հաղարծին տեղամաս. հայտնաբերվել են հատված ծառեր (ֆոտո)

«03.06.18 երեկոյան մեր խմբերից մեկը կրկին տխրահռչակ Հաղարծին տեղամասի 3-րդ պահաբաժմի մոտ էր։ Այստեղ առկա 2 ուղեփակոցները զննելուց հայտնաբերեցինք, որ դրանցից մեկն արդեն մեկ շաբաթից ավել է գտնվում է անսարք վիճակում, իսկ ավելի կոնկրետ, կողպեքը կոտրած է, իսկ երկրորդ ուղեփակոցը առաջին հայացքից կարծես թե կարգին էր, սակայն մեր տղաները նկատել են ոտնահետքեր ու մեքենայի անվադողերի հետքեր: Հետևելով դրանց, մոտ 50մ խորանալով դեպի անտառ, ականատես են եղել հետևյալ պատկերին` թարմ կտրած երկու հսկայական ծառեր, որոնց տրամագիծը մոտավոր հաշվարկներով մոտ 80սմ էր։ Հատկանշական է այն հանգամանքը, որ տվյալ տարածքի ուղեփակոցի կողպեքը սարքին էր, վարկածներից մեկը, ըստ որի, հնարավոր էր, որ ծառագողերը օգտվելով տվյալ պահաբաժնում անտառապահի բացակայության փաստից, տեղադրել էին իրենց իսկ կողպեքը` ապահովելով անխափան անցուդարձ, սակայն գլխավոր անտառապահի օգնությամբ մեր տղաները արագ համոզվեցին, որ կողպեքը Դիլիջան ազգային պարկի կողմից է տեղադրված ու առկա բանալիները համապատասխանում են դրան։ Այսպիսով, կամ ծառագողերին ինչ որ կերպ հաջողվել է ձեռք բերել բանալիների կրկնօրինակը, կամ ... Հետևությունները թողնում ենք ձեզ»,- տեղեկանում ենք «Բնապահպանի տուն» նախաձեռնությունից։

Նշենք, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը նպատակ ունի անկախ մոնիթորինգ իրականացնել հատկապես «Դիլիջան» ազգային պարկի և մոտակա տարածքներում:  Նախաձեռնության ակտիվ մասնակից է «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը, նրա ընկերներն ու մի շարք այլ քաղաքացիներ: Նախաձեռնության կողմից արդեն իսկ հայտնաբերվել են մի շարք ծառահատումներ:

«Իսկ ոստիկանությանը պահանջում ենք ուշադրություն դարձնել այս փաստերին և պարզել թե ինչպես է ազգային պարկի ուղեփակոցի բանալին հայտնվել ծառագողերի մոտ, կամ թե ինչպես են ծառագողերը հայտնվել ազգային պարկի աշխատակազմում:

Որպես վերջաբան հավելենք, որ վաղվանից մեր տղաները անցնում են շուրջօրյա աշխատանքի: Նրանք զինված կլինեն համապատասխան գույքով և տեխնիկայով ու հնարավորին ամեն ինչ կանեն, որպեսզի տվյալ հատվածում այլևս ծառահատումներ չլինեն»,- ասված է գրառման մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում