«Խոսքը միլիարդավոր դրամների մասին է». նախարարը՝ չարաշահումների մասին

«Բնական ռեսուրսների շահագործման ոլորտում կան բազմապիսի շահեր, բազմապիսի մարդիկ, կարծիքներ, բնապահպաններ, բնասերներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ շարունակելով,- «Ինձ այս աշխատանքին անցնելու առաջարկությունը եղել է վարչապետի կողմից, երբևիցէ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել և չունեմ: 

Նախարարը խոսեց մետաղական հանքերում նախատեսվող ստուգումների մասին՝ ասելով. «Այսօր 28 մետաղական հանքերում նախատեսվում են ստուգումներ, որպեսզի վերջապես Հայաստանի բոլոր մետաղական հանքերը, որոնք ստացել են շահագործման թույլտվություններ, ստուգվեն: Բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո հանքարդյունաբերական կազմակերպությունների գործունեությունը որևիցէ ձևով չի ստուգվել և մոնիթորինգի չի ենթարկվել: Մոնիթորինգի համար ընդերքի օրենսգրքում եղել է կետ, բայց քանի որ հստակեցված չի եղել, թե այդ մոնիթորինգն ինչպես պետք է արվի, ինչպես ներկայացվի հասարակությանը, դա չի արվել: Դա սկսվել է այս տարվա հունվարից՝ օրենքի փոփոխությամբ: Ասեմ, որ այս կետին ես բացառիկ նշանակություն եմ տալիս, որովհետև արդեն այս եռամսյակից սկսած բոլոր մետաղական ընդերքօգտագործողները պարտավոր են հողի, ջրի, մթնոլորտի կենսաբազմազանության, պոչամբարի մասով իրականացնել ուսումնասիրություններ, հետազոտություններ արտոնագրված լաբորատորիաներում և ամբողջ տեղեկատվությունը պարտավոր են տրամադրել հասարակությանը»:

Մինչ ստուգումները արդեն իսկ հայտնի է, որ մետաղական ու ոչ մետաղական հանքերը ռեկուլտիվացիոն վճարների մասով բյուջե չեն վճարել շուրջ 500 մլն դրամ, սոցիալտնտեսական ծրագրերի մասով՝ ևս մի քանի հարյուր միլիոն: Խոսելով նշված հանքերում խախտումների առկայության կասկածների մասին, նախարարն ասաց. «Կասկածներ ունենք, որ նախատեսված գործունեությունը, ինչի համար նաև ստացել է թույնտվություն, կարող է չհամապատասխանել իրականացված և՛ ծավալների առումով, և՛ աղտոտման: Մասնավորապես, մենք այս պահին վերցրել ենք այդ 28 կազմակերպությունների լեռնահատկացման ակտերը և համեմատում ենք փորձաքննության տրված ծավալներին: Այսինքն, պրակտիկորեն կարող են լինել դեպքեր, երբ փորձաքննության շրջանակներում տրվել է շատ ավելի փոքր տարածքի համար հանքարդյունաբերական գործունեության թույլտվություն, սակայն հատկացման ակտը տվել է ավել: Հանքարդյունաբերության ծավալը դա մեխանիկական ծավալ չէ, եթե կազմակերպությունն ավել արդյունահանում է իրականացնում, նշանակում է ավել ջրառ, ջրի աղտոտում և այլ փոխկապակցված գործունեություն»:

Էրիկ Գրիգորյանը իրավախախտումների մասին հարցին անդրադառնալով նշեց. «Եթե մենք իրավախախտումների ամբողջական ծավալներին անդրադառնանք, միանշանակ խոսքը միլիարդավոր դրամների մասին է»:  

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում