ՀՀ-ում արտադրական թափոնների աղետն ահագնանում է. թվային վերլուծություն

ՀՀ-ում տարբեր կազմակերպություների տնտեսական գործունեության հետևանքով առաջացած թափոնների ծավալները հսկայական չափերի է հասնում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ուսումնասիրությունից հետո ակնհայտ է դառնում, որ 2003թ.-ից սկսած Հայաստանում «Տարվա ընթացքում կազմակերպություններում առաջացած թափոնների քանակի» ցուցանիշը գրեթե եռապատկվել է:

Ներկայացնենք տարվա ընթացքում կազմակերպություններում առաջացած թափոնների քանակն ըստ ժամանակագրական շարքերի:

 Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2003թ.-ին կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը կազմել է մոտ 16 մլն տոննա, 2004թ.-ին՝ 17.6 մլն տ, 2005թ.ին թափոնների քանակը նվազել է՝ կազմելով 11.2 մլն տ, այնուհետև՝ 2006թ.-ին կրկին աճել է՝ 12.4 մլն տ, 2007թ.-ին՝ 13 մլն տ, 2008թ.-ին՝ 11.4 մլն տ, 2009թ.-ին՝ 14.7 մլն տ, 2010թ.-ին՝ 17.3 մլն տոննա: 2010թ-ից սկսած Հայաստանում կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը կտրուկ աճ է գրանցել՝ մոտ 10 մլն տոննա մաքուր աճ: 2011թ.-ին թափոնների քանակը կազմել է 27 մլն տոննա, 2012թ.-ին՝ 39 մլն տ, 2013թ.-ին՝ 49 մլն տ, 2014թ.-ին՝ 46.5 մլն տ, 2015թ.-ին՝ 47 մլն տոննա: 

Թափոնների քանակի նման աճը նախատեսում է նաև ադ թափոնների վերամշակման բարձր արդյունավետություն, ինչը սակայն բացակայում է: Դիտարկենք ՀՀ ՀՆԱ կառուցվածքը, որը հնարավորություն կտա հասկանալու, թե որքանով են թափոնները ենթարկվում վերամշակման: 

ՀՆԱ-ում «արդյունաբերություն» սեկտորն ընդգրկում է՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում (2.1%), մշակող արդյունաբերություն (9.3%), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (4.5%), ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում (0.4%) ճյուղերը, որոնք միասին ապահովում են 817 526.8 մլն դրամ արդյունք (16%) (Ներկայացված են 2015թ.-ի տվյալները):

Ինչպես տեսնում ենք, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում սեկտորն ամենաքիչ արդյունքն է ապահովում ՀՆԱ կազմում: Առանձնացնենք թափոնների կառավարում և վերամշակում կետը, որը զարգացած երկրների տնտեսության մեջ մեծ տեղ է գրավում: Միջինում ԵՄ-ում վերամշակման է ենթարկվում թափոնների կեսից ավելին: Միայն 40 տոկոսն է ոչնչացվում, մյուս 40 տոկոսը վերամշակվում է վերածվելով այլ երկրորդային հումքի, իսկ 20 տոկոսը՝ էներգիայի: Ավելին, եվրոպական մի շարք երկրներում բնակիչները հնարավորություն ունեն օգտագործելու էժան էլեկտրաէներգիա հենց թափոնների վերամշակման արդյունքում: Իսկ Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում, պատկերն աղետալի է: Անգամ Ռուսաստանում դեռ շարունակում են ոչնչացնել թափոնների 80-90 տոկոսը: Սա ոչ միայն տնտեսության համար է հանդիսանում արգելակող գործոն, այլև հանդիսանում է բնապահպանական մեծ աղետ: 

Ըստ էության, տարիների ընթացքում թափոնների քանակի աճի հետ մեկտեղ չեն մշակվել և կիրառվել դրանց արդյունավետ վերամշակման մեխանիզմներ: Այս փաստի առաջին ապացույցն այն է, որ Երևանում հազվադեպ կարելի է հանդիպել տարանջատող աղբամանների, որոնց վրա նշվում է թե դրանք ինչի համար են նախատեսված: ՀՀ մարզերը, բնականաբար, ավելի վատ վիճակում են:

Դրա մասին է վկայում նաև վիճակագրական ցուցանիշների բացակայությունը՝ թե ՀՀ-ում ընդհանրապես թափոնների քանի տոկոսն է վերամշակվում, իսկ քանիսը ոչնչացվում: Ավելին, կուտակված աղբն ու թափոնները ՀՀ-ում մեծամասամբ այրվում են և, բնականաբար, ոչ պատշաճ, մարդկանց համար վտանգավոր եղանակով՝ բաց տարածության մեջ: Այս մասին են վկայում նաև բոլորովին վերջերս հրապարակված տեսանյութը Մերձավանի տարածքից, ինչպես նաև նույն տարածքի բնակիչների բողոքները:

Երևանի և թերևս Հայաստանի լրջագույն բնապահպանական խնդիրներից մեկն էլ շարունակում է մնալ Նուբարաշենի աղբավայրն ու Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը: Աղբավայրում կուտակված աղբն այրվում է, իսկ թունաքիմիկատների գերեզմանոցում մնացորդները թաղվում են: Դեռ 2010թ.-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվեց եզրակացություն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկերի և վտանգների մասին, որից հետևում էր, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել: Միայն վերջերս սակայն սկսվեցին քննարկումներ իրականացվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հայաստանը դեռ շատ հեռու է թափոնների արդյունավետ վերամշակմամբ զբաղվելու և ոլորտը տնտեսապես շահութաբեր դարձնելու նպատակից: Այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական և տեխնոլոգիական ներդրումներ: Առաջին հերթին, ոլորտի արդյունավետության բարձրացման մեջ պետք է շահագրգռված լինի պետությունը: Անհրաժեշտ է խթանել ոլորտը, տրամադրել արտոնություններ թե ֆինանսական, թե այլ տեսակի: Կարևոր է նաև խթանել երկրում ՏՏ ոլորտի զարգացումը և նորարարությունների, գյուտերի ստեղծման համար նպաստալի պայմաններ ստեղծել: Միգուցե, երիտասարդների մոտ գիտական առաջընթացի, նոր գաղափարների ստեղծման գործընթացը խթանելու արդյունքում որոշակիորեն կլուծվի նաև ՀՀ-ում հակասանիտարական և համաճարակի բուն հանդիսացող աղբավայրերի խնդիրը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում