Սևանն ու Ջերմուկը՝ որպես Ամուլսարի ոսկու ծրագրի գին
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում Սևանա լիճը կաղտոտվի քիմիական միացություններով, իսկ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կանհետանան հանքավայրի պայթյունների հետևանքով: Նման ահազանգ հնչեցրեցին իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը պատրաստվում է շահագործել Բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Lydian Armenia» (նախկինում Գեոթիմ) դուստր ձեռնարկության: Հանքավայրի շինարարության մեկնարկը տրվեց ս.թ. օգոստոսի 19-ին:
Առողջարանային Ջերմուկ քաղաքը ճանաչվեց որպես Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնք միայն 2016 թվականին: Մինչ այդ՝ մի քանի տարի շարունակ, բոլոր պահանջները՝ Ջերմուկը որպես ազդակիր համայնք ճանաչելու, մերժվում էին:
ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ՝ Ջերմուկ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Կառավարության այս որոշումն ու հանքավայրի գործարկումը, ըստ իրավաբան Նազելի Վարդանյանի, հակասում են իրար, քանի որ չի կարող մի կողմից լինել զբոսաշրջային կենտրոն, իսկ մյուս կողմից հանքավայր՝ ընդամենը 7-10 կմ հեռավորության վրա:
«Ջերմուկը մեր գանձն է: Աշխարհում Ջերմուկի հանքային ջրի բաղադրությունն ունի միայն Չեխիայի Կառլովի Վարիի հանքային ջուրը: Ջերմուկն իր բաղադրությամբ ավելի ուժեղ է, որովհետև ավելի խորքային է: Այսօր մենք կորցնում ենք Ջերմուկը, - բարձրաձայնեց Նազելի Վարդանյանը, - նախկինում, երբ մենք ասում էինք, որ հանքավայրի պայթեցումներն ու ցնցումները կազդեն Ջերմուկի ջրերի աղբյուրների գոյության վրա, որովհետև Ջերմուկում եթե անգամ շենք են կառուցում, պայթեցումներ չեն անում, տեխնիկայով են փորում, որովհետև ցանկացած ցնցում առաջացնում է աղբյուրի կորուստ, իրենք (ԷկոԼուր՝ «Lydian International» ընկերությունը) ասում էին՝ չէ, այնքան թեթև ցնցումներ են լինելու, որ 5 մետրի վրա կարող ես կանգնել և քեզ ոչ մի բան չի լինի: Հիմա՝ 2016 թվականի իրենց ներկայացրած փաստաթղթում պարզվում է, որ այնպիսի ցնցումներ է լինելու, որ այնտեղ և փոշու, և գարշահոտության, և աղմուկի ազդեցությունը լինելու է էական: Նույնիսկ այս տարվա մայիսի 5-ին ընկերության աշխատակիցները շրջայց են կատարել Գնդեվազի բնակիչների տները, նայել են՝ ինչ ճաքեր կան: Այսինքն, նախատեսվում է, որ ավելի շատ ճաքեր են լինելու այդ ցնցումներից: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու: Եթե շենքը պետք է ճաք տա, ապա այդ աղբյուրը հաստատ կկորի»:
Լևոն Գալստյանը ներկայացրեց Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը Որոտան, Արփա գետերի ջրհավաք ավազանների, Սպանդարյանի, Կեչուտի ջրամբարների և Սևանա լճի վրա:
«Ամուլսարը գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ձևավորվում են երկու հիմնական գետային ավազաններ: Մի կողմից՝ Որոտան գետի ավազանը, որը հոսում է դեպի Սյունիք, մյուս կողմից՝ Արփա գետը՝ իր Դարբ վտակով: Բաց հանքի շահագործման դեպքում այդ գետերի ջրերի քիմիական կազմը փոխվելու է: Քամիների միջոցով և այլ եղանակներով այդ ծանր մետաղները տեղափոխվելու են ջրային ավազաններ: Փոխվելու է Սպանդարյանի ջրամբարի քիմիական կազմը: Հնարավոր է՝ նաև Կեչուտի ջրամբարի, ինչպես նաև Սևան տեղափոխվող ջրերի: Չմոռանանք նաև, որ Գնդեվազից 500 մ հեռավորության վրա տեղակայվելու է նատրիումի ցիանիդով վերամշակման ֆաբրիկան և իր հարթակը, որը գտնվում է Արփա գետից ընդամենը 1 կմ հեռավորության վրա: Ցանկացած դեպքում՝ վթարային և ոչ վթարային պայմաններում, կարող են լինել արտանետումներ նաև Արփա գետի ավազան: Բացի այդ, Ամուլսարի հանքավայրը գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, որն ունի 8-9 բալանոց սեյսմիկ ֆոն: Այդպիսի տարածքում գործունեություն ծավալելը նույնպես լուրջ ռիսկեր է պարունակում», - ասաց Լևոն Գալստյանը:
Այնուհետև նա անդրադարձավ Որոտան-Արփա թունելին, որը պետք է գործարկվեր դեռևս 2004 թվականին, և որով տարեկան 165 միլիոն խ/մ ջուր Սպանդարյանի ջրամբարից պետք է տեղափոխվեր Կեչուտի ջրամբար, իսկ հետո՝ Սևան: «Անցել է 12 տարի, և այդ թունելով մի գրամ ջուր չի տեղափոխվել: Ինչի՞ համար են արվել այդ ծախսերը, եթե չպետք է տեղափոխվեր: Ես ենթադրում եմ, որ երբ 2006 թվականից նախատեսվեց Ամուլսարի ծրագրի իրականացումը, իրենք հասկացան, որ լուրջ խնդիրներ կարող են ունենալ և որոշեցին այդ կառուցված թունելը ուղղակի չօգտագործել, - ասաց Լևոն Գալստյանը և բացատրեց, - լուրջ խնդիրները, ըստ մասնագետների, հետևյալն են. քանի որ Ամուլսարը հրաբխային գոյացություն է և ունի շատ ճեղքային ապարներ, եթե այդտեղ բացվում է բացահանք, ինքը նաև թթվային ապարների հանքավայր է, երբ սկսվեն անձրևային, ձնհալների և մյուս հոսքերի առաջացումը, այդ ամբողջ հոսքերն անմիջապես այդ ճեղքային ապարներով կհոսեն դեպի ներքև: Այդ թթվային ջրերը շատ ռեակտիվ և ագրեսիվ ջրեր են, և, հոսելով ներքև, բնականաբար, ազդելու են ընդամենը 1 կմ հեռավորության վրա գտնվող այդ թունելի վրա: Նախևառաջ վնասվելու և ոչնչանալու են թունելի կառուցվածքները, և այդքան ծախսը լցվելու է ջուրը: Երկրորդը՝ ջուրը, որը տեղափոխվելու է Սևան, ունենալու է լրիվ այլ քիմիական կազմ, քան ունի այժմ»:
Նյութի աղբյուրը՝ ecolur.org: