Ինչու՞ է «Վալլեքս»-ը ֆինանսական աջակցություն ցուցաբերել «Գ.Նժդեհ» ֆիլմի ստեղծմանը

Ինչպես հայտնի է,  «Վալլեքս» խմբի ընկերությունները  ֆինանսական աջակցություն է ցուցաբերել  «Գարեգին Նժդեհ»  ֆիլմի ստեղծմանը, որի  պրեմիերան կկայանա  ս.թ.հունվարի  28-ին  «Մոսկվա» կինոթատրոնում: Իսկ  հունվարի 29-ից ֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում: EcoNews-ը  դիմել է «Վալլեքս»  խմբի ընկերությունների  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահրամ Ավագյանին` պարզելու  ընկերության հետապնդած նպատակը:

  1.      Հարց

Համացանցում  տեղ է գտել Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի թրեյլերը, որի վերջնամասում երևում է, որ «Վալլեքս»  գրուպը ֆիլմի հովանավորներից մեկն է: Խնդրում ենք մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ֆիլմը ֆինանսավորվել է հենց «Վալլեքս» խմբի ընկերությունների և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից:

 Պատասխան.

«Վալլեքս» խմբի ընկերությունները «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲ ընկերությունից ստացել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ստեղծմանը ֆինանսական օժանդակություն  ցուցաբերելու առաջարկ, որն ընդունվել է, քանի որ համահունչ է խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերին և առաջնահերթություններին:

2. Հարց.

Արդյո՞ք ավելի նպատակահարմար չէ ֆինանսներն  օգտագործել բնապահպանական խնդիրների լուծման համար:

 Պատասխան.

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում «Վալլեքս» խմբի ընկերությունները բնապահպանական ծրագրեր իրականացնում են:

Միևնույն ժամանակ մենք այն համոզմանն ենք, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունների գործողություներում սոցիալական պատասխանատվության համակարգի տարրերը պետք է լինեն հնարավորինս համաչափ ներկայացված, և բնապահպանական, կրթական կամ այլ ծրագրերի իրականացումը կամ օժանդակումը չի կարող նշանակել, որ մշակութային ծրագրեր չեն իրականացվելու կամ օժանդակվելու:

3. Հարց.

Խնդրում ենք նշել, թե որքա՞ն գումար եք նվիրաբերել ֆիլմի ստեղծման համար:

 Պատասխան.

Նպատակահարմար չենք համարում գումարի չափի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը մեր կողմից: Համարում ենք նաև, որ արդյունաբերողների սոցիալական պատասխանատվությամբ և (կամ) ազգանպաստ մշակութային ծրագրերի իրականացմամբ շահագրգիռ հանրությանն այս երևույթը պետք է հետաքրքրի ոչ այնքան հատկացված գումարների չափի, որքան՝ տնտեսական և մշակութային գործիչների կողմից ընդհանուր նպատակների գիտակցման ու ազգանպաստ համագործակցության պատրաստակամության տեսանկյունից:

4. Հարց.

 Սա միա՞կ ֆիլմն է, որի ստեղծմանն աջակցել է ընկերությունը: Եթե ոչխնդրում ենք թվարկել մյուսները:

 Պատասխան.

«Վալլեքս» խմբի ընկերություններն աջակցել են ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստագրական նաև այլ ֆիլմերի ստեղծման և (կամ) հանրությանը ներկայացման աշխատանքների: Կարող ենք մասնավորապես նշել գեղարվեստական «Ալավերդի» (ռեժիսոր՝ Մարիա Սահակյան), «Եթե բոլորը» (ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկենե), փաստագրական «Թեղուտ. զավակների հացը» (ռեժիսոր՝ Տիգրան Պասկևիչյան) և այլ ֆիլմեր:

5. Հարց.

Բնապահպան-ակտիվիստները կարծում են, որ հայրենասիրական բնույթի  ֆիլմերի հովանավորմամբ ընկերությունը ցանկանում է իր վարկանիշը բարձրացնել նախագահական ընտրություններից առաջԱրդյոք այդ խոսակցությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը:  Ինչպե՞ս  կմեկնաբանեք այդ խոսակցությունները:  

Պատասխան.

 Ինչպես արդեն նշվեց վերոշարադրյալում՝ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ստեղծմանը «Վալլեքս» խմբի ընկերությունները աջակցել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակութային ծրագրերի շրջանակներում: Եթե դրա արդյունքում ավելի կբարձրանա մեր ընկերությունների խմբի հասարակական վարկանիշը, ապա դա, բնականաբար, ցանկալի հետևանք կլինի մեզ համար: Միևնույն ժամանակ՝ չենք կարող մեկնաբանել այն, թե Ձեր նշած բնապահպան-ակտիվիստների կարծիքով, ի՞նչ կապ կարող լինել մասնավոր ընկերության վարականիշի բարձրացման և Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, մասնավորապես՝ նախագահական ընտրությունների ժամկետների միջև:

Սաթենիկ Աբրահամյան

ECOnews.am

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում