Որոտան և Արփա գետերն էլեկտրահարվում են. կարմրախայտը վտանգի տակ է

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրություն է դիմել Վայոց ձորի մարզի բնակիչ, ով անհանգստացած է մարզում իրականացվող ձկնագողության դեպքերով: Մեր զրուցակիցը ցանկացավ գաղտնի մնալ, բայց մեզ տրամադրեց տեղեկություններ թե ինչ եղանակով և որ գետերում են իրականացվում ձկնագողության այս դեպքերը: 

Ինչպես մեր զրուցակիցը նշեց, ինքն ու իր ընկերները զբաղվում են օրինական սիրողական որսով, սակայն այն ինչ տեղի է ունենում Որոտան և Արփա գետերում և դրանց վտակներում սարսափելի է: Ըստ նրա խոսքերի, այդ տարածքում շատ ակտիվ կերպով իրականացվում է ձկնագողություն էլեկտրահարման եղանակով: 

«Մենք ընկերներով պայքարում ենք որքան հնարավոր է: Շատ անգամներ վեճ ու կռվի ենք բռնվել այդ մարդկանց հետ, ովքեր նշում են «ինչ-որ մարդկանց» անուններ, ով իրենց թույլտվություն է տվել: Ձկնագողերը հիմնականում հոսանքահարում են կարմրախայտի համար: Անգամ մանրաձուկը բռնում են և վաճառում ռեստորաններին: Հոսանքը մտցնում են ջրի տակ, էլեկտրահարվում է ամեն ինչ, իսկ ձուկը երբ սկսում է թպրտալ ողնաշարը կոտրվում է այլևս չի կարողանում իրեն կառավարել կամ պաշտպանել: Դրանից հետո ցանցով բոլորին հավաքում են, իսկ ձկները, որոնք հասցրեցին փրկվել, դրանք ողնաշարը մնում է կոտրված և այլևս չի բազմանում: Էլեկտրահարվում է նաև ձկնկիթը, որը երբեք չի դառնում ձուկ:

Էլեկտրահարելը շատ հարմար է ձուկ հավաքելու համար և հիմնականում գետում ձուկ չի մնում: Օրինակ՝ պատահել է, որ ես Արփա, Որոտան գետերում կամ  դրանց վտակներում ձուկ եմ բռնել, դուրս եմ բերել ու ձուկը տձև է եղել, կարծես մուտանտ լինի, որը բացարձակ ձկան նման չի՝ ծռմռված ինչ-որ կենդանի: Ամենայն հավանականությամբ, այդ ձուկը մանրաձուկ եղած ժամանակ էլեկտրահարվել է: Հանդիպել է նաև ձուկ, որը չունի ներքին շրթունք կամ մեկ աչքը չկա: Ձուկ ենք բռնել նաև, որը ծալված է եղել՝ ողնաշարը կոտրված մի կերպ դիմացել է: Այսպիսի դեպքերը շատ-շատ են»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ըստ մեր զրուցակցի նրանք բազմակի անգամներ դիմել են Բնապահպանության նախարարությանը, սակայն ապարդյուն: 

«Դիմել ենք թե՛ բնապահպանության նախարարությանը, թե՛ ոստիկանությանը, սակայն ստացել ենք միայն անտարբերություն: Անկեղծ ասած, ոստիկանությունը նույնպես խառնված է այդ գործերի մեջ: Օրինակ՝ իմ ընկերները Որոտան գետի վրա «տոկողներ» են բռնել. վեճ, վիճաբանություն, մեծ պատմություն և նրանք տվել են Սիսիանի միլպետի անունը, որպես թույլատրող անձ: Նմանատիպ շատ դեպքեր կան: Ասեմ, որ նման բաներ հիմնականում անում են հենց անտառապահերը, անտառապետերը, գյուղապետերը, նախարարության տարածքային աշխատողները:

Մի քանի օր առաջ ինձ տեղեկություն հասավ, որ հոսանքով ձկնորսություն են արել Արտավան գյուղի փոքր գետում, որը Արփայի վտակներից է: Մինչև ակունք հոսանքահարել են: Դա էլ այնքան փոքր գետ է, որ ձուկն այդ փոքր ջրափոսերից փախչելու տեղ չունի: Երբ 2 տարի առաջ այդ գետի կողքով անցնում էի, ձկները տեսանելի շատ էին, մանրաձուկը լիքն էր, իսկ վերջերս մի քանի կիլոմետր քայլեցի անգամ մեկ հատ 4սմ-անոց ձուկ չտեսա: Այդ աստիճան վերացել է: Ես անգամ կարող եմ ասել ովքեր են անում: Մեկը հենց Արտավանի գյուղապետի եղբայրն է, մյուսն էլ՝ անտառապետը:

Հավատացնում եմ, հիմա կարմրախայտի վիճակն ահավոր է, մի քանի տարի հետո կարող է ընդհանրապես չլինել»:

Նշենք, որ համաձայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» II ԳԼԽԻ (ՈՐՍԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ) «ժե» կետի արգելվում է «էլեկտրական հոսանքով որս կատարելը», ինչպես նաև «կենդանիների ապրելավայրերը և հավաքատեղերը վնասելն ու ոչնչացնելը»: Ուստի ցանկանում ենք հրավիրել պատկան մարմինների, մասնավորապես ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության և ՀՀ Ոստիկանության ուշադրությունը նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում