Կատվային լեմուրներին այժմ կարող եք տեսնել Երևանի կենդանաբանական այգու գործարկվող տարածքում

Երևանի կենդանաբանական այգում բնակություն հաստատած կատվային լեմուրները (Lemur catta) մինչ շինարարության ավարտը ժամանակավորապես տեղափոխվել են այգու գործարկվող տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լեմուրների ընտանիքը վերաբնակեցվել է փղիկի ազատավանդակ տանող ճանապարհի ձախ կողմում տեղակայված ջրավազանի կղզյակում:

Երևանի կենդանաբանական այգին դեռ 2014 թվականի օգոստոսին կատվային լեմուրները ձեռք է բերել Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգուց:

5 կատվային լեմուրները Երևանի կենդանաբանական այգի են բերվել Երևանի և Երուսաղեմի կենդանաբանական այգիների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում:

Լեմուրներն, իրենց կենսապայմանների առանձնահատկություններին համապատասխան, կապրեն կենդանաբանական այգու ջրավազաններից մեկի կղզյակում:

Կատվային լեմուրները գրանցված են Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում՝ «վտանգված կարգավիճակով»: Վերջիններիս երկրից երկիր տեղափոխումը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով, որին Հայաստանը միացել է 2009 թվականին:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում