Ծառերի էտի և խնամքի չափորոշիչներն ու պահանջները կկանոնակարգվեն իրավական ակտով

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ գերատեսչությունում մեկնարկել են ծառերի էտը նորմատիվ իրավական ակտերով կանոնակարգելու աշխատանքները:

Նախատեսված միջոցառումների շրջանակում նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել քննարկում ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ:

Խաչիկ Հակոբյանը, շեշտելով հասարակության մոտ պարբերաբար քննարկումների առիթ դարձած` համայնքներում կատարվող ծառերի էտի խնդիրը, առաջարկել է վերանայել «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. թիվ 1318-Ն որոշումը և առանձին հավելվածով կանոնակարգել յուրքանչյուր ծառի առանձնահատկություններից բխող էտի և խնամքի չափորոշիչները ու պահանջները:

Մասնագիտական քննարկման ժամանակ առաջարկվել է փաստաթուղթը մշակելիս հաշվի առնել նաև ծառերի տեղադիրքը, հանրապետության տարբեր համայքներին բնորոշ կլիմայի առանձնահատկությունները:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն առաջնային է համարել նաև մշակվող իրավական փաստաթղթով առանձին համայքների բնակիլամայական առանձնահատկություններին հարմարվող ծառերի տեսակային կազմի կանոնակարգումը, որը որպես ուղենիշ հաշվի կառնվի պարբերաբար իրականացվող ծառատունկերի ժամանակ, քանի որ լինում են դեպքեր, երբ մի համայնքում տնկվում են այնպիսի ծառատեսակներ, որոնք չեն հարմարվում տեղի պայմաններին և նվազում է իրականացված աշխատանքների արդյունավետությունը:

Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում հնչել են բազմաթիվ մասնագիտական հիմնավորումներ, որոշվել է ներկայացնել գրավոր առաջարկներ` նորմատիվ իրավական ակտի հիմնադրույթների ձևավորման նպատակով: Նախարարի տեղակալը հանձնարարել է փաստաթուղթը մշակել սեղմ ժամկետներում` մինչև 2017թ. աշնանային էտի մեկնարկը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում