Սևանում այնպիսի իրավիճակ է, որ ո՛չ լողալ է լինում, ո՛չ հանգստանալ. Սիլվա Ադամյան

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է բնապահպան, «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը, ում հետ խոսեցինք Սևանա լճի կարևորագույն խնդիրների մասին:

Կարո՞ղ եք նշել Սևանի լճի հիմնական խնդիրները: Որո՞նք են դրանք:

Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Սևանի հատակը չի մաքրվում: Ջրի բարձրացման հետևանքով բոլոր ծառերը, շինությունները մնացել են ներսում, սկսվում էնեխման գործընթաց, ջրի որակի փոփոխություն: 

Հատակի մաքրման գործի համար ժամանակին ինչ-որ տեխնիկա էր գնվել, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով այդ տեխնիկան անհետացավ: Հետո ժամանակ առ ժամանակ համայնքի ներկայացուցիչները փորձում էին իրենց ափերը մաքրել, բայց դա գործ անելու «կուստառնի» ձև է: Պետք է համախմբված՝ և՛ համայնքի ժողովրդով, և՛ նախարարության համապատասխան ենթակառուցվածքներով, և՛ Սևանի ազգային պարկի օգնությամբ, այդ խնդիրը լուծել: Բայց ինչպես տեսնում ենք ակնհայտ է, որ դա չի արվում: Դրա համար էլ Սևանը որպես հանգստյան գոտի, որպես էկո-համակարգ չի ընկալվում: Այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ ոչ լողալ է լինում, ոչ հանգստանալ, էլ չեմ խոսում, թե ինչ խնդիրներ կան ձկների բազմացման հետ, ջրի որակի հետ: 

Իսկ ի՞նչ խնդիրներ են առկա Սևանա լճի կենդանական աշխարհում:

Եթե Սևանը ձմռանը սառչում է, առաջանում են խնդիրներ թռչնաֆաունայի հետ կապված: Այս տարի մենք լուրջ խնդիր ունեցանք՝ թռչունների անկում, որովհետև թռչունները ուղղակի չէին կարողանում սնունդ հայթայթել: Մարդիկ փորձում էին ինչ-որ բանով օգնել, թռչունները տեղափոխվում էին գետաբերանները, որտեղ էլ որսագողերն էին վրա տալիս: Այս խնդրի մասին պետք է մտածել: Հենց ձմեռը գալիս է, մենք պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք այն մեծ քանակությամբ թռչունների զանգվածի հետ: Ջրի բարձրացման հետևանքով ափերին ճահճային տարածքներ կան և այդ առափնյա տարածքներում մենք ունենք ջրաճահճային թռչունների գաղութներ: Դա շատ դրական երևույթ է կոնկրետ թռչնաշխարհի համար, իսկ ափերի ճահճացումը չմաքրման հետևանք է:

Թռչնաշխարհն այնտեղ բավական լուրջ բնադրավայրեր ունի: Պետք է Բնապահպանության նախարարությունը, պատկան մարմինները, Սևանի ազգային պարկը մտածեն այդ խնդրի շուրջ՝ թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի նման խնդրի առաջ չկանգնենք: Տարիներ շարունակ, երբ ջրի մակարդակը իջնում էր մենք ունեինք թռչունների տեսակային կազմի փոփոխություն Սևանա լճում: Այսինքն թռչունների մի մասն ուղղակի լճի տարածքներից հեռացել էին: Հիմա այնտեղ թռչունների մեծ քանակություն կարող եք տեսնել:

Այդ տարածքում կա՞ն կենդանիներ, որոնց գոյությունը վտանգված է:

Մեկ խնդիր կա նաև, որն ինձ շատ է անհանգստացնում: Դա Սևանի ազգային պարկի որորների կղզու խնդիրն է: Կղզու որոշ մասն անցել է ջրի տակ: Այդ տարածքը հայկական որորի համար կարևոր նշանակություն ունի: Այն մի քանի տարի առաջ էնդեմիկ տեսակ էր համարվում, իսկ հիմա արդեն բնադրվում է Թուրքիայում: Ասեմ ինչու՝ որովհետև բնադրավայրերի կրճատման հետևանքով նրանց մի մասն անցնում են հարևան պետություններ և այնտեղ են սկսում բնադրվել: Մի քանի տասնյակ տարի առաջ դա էնդեմ տեսակ էր հայաստանի համար: 90-ական թվականներին, երբ մենք ուսումնասիրություններ էինք անում այդ տարածքում և գրվում էր «Հյաստանի թռչունները» գիրքը, այդ տարիներին դեռ այն էնդեմիկ էր: Այժմ, Սևանա լճի կղզյակներն անցել են ջրի տակ: Ճիշտ է ստեղծվում են նոր կղզիներ, բայց թռչունները բնազդորեն լքում են այդ տարածքներն ու տեղափոխվում են ուրիշ տարածք: Քանակությունն իհարկե չի քչացել, բայց կա նման վտանգ: Պետք է շատ ուշադիր լինել և թույլ չտալ, որպեսզի թռչունների գաղութները Սևանա լճից հեռանան: Դա մեր բնական կենսաբազմազանության հարստությունն է, որը պետք է պահպանենք: Առանց դրան էլ մենք ունենք ջրաճահճային տարածքների խնդիր: Այսօր մենք արդեն որոշները չորացրել ենք, Արմաշի լճերում ունենք խնդիր: Այնտեղ բնադրվող 150 տեսակից ավելի ջրաճահճային թչունների մի մասը կտեղափոխվի դեպի Սևանա լիճ, իսկ մյուս մասն էլ անհայտ է: Ես Արմաշի լճերի խնդրի մասին այնքան եմ բարձրաձայնել նախարարությունում, որ արդեն չգիտեմ, թե ինչպես պետք է այդ խնդրի լուծմանը օգտակար լինեմ: Բազմիցս գնացել ենք, խոսել ենք, փորձել ենք հարցը լուծել: Հուսով ենք, որ լճի տերերը գոնե մի լիճ կթողնեն, որտեղ մեր թռչնաշխարհը կբնակվի: Սևանա լճում թռչնաֆաունայի մեծ ռեսուրս կա և այդ ռեսուրսը մենք պետք է պահենք, քանի որ ունենք առաջընթաց այս տեսանկյունից:

Սևանա լճում կան ձկնաբուծարաններ: Դրանք արդյո՞ք վտանգ են ներկայացնում լճի համար:

Մենք բոլորս գիտենք, որ այնտեղ կա ձկնաբուծական մի ֆաբրիկա, որը արտանետում է դեպի լիճ արհեստական կերեր, որոնց մեջ որոշ մաս GMO է պարունակվում: Այդ ամբողջ կերը ձուկը, իհարկե, չի կարող իրացնել: Այն նստում է լճի տակ, միանում է տիղմին, իսկ մյուս մասն էլ բարձրանում է դեպի ջրի երեսը և սա լուրջ խնդիր է դառնում ջրի աղտոտման, ջրի որակի տեսանկյունից: Գիտնականները սրա մասին խոսում են, ասում են, որ այդ մասերում՝ որտեղ ձկնաբուծություն է զարգանում պետք է տիղմի, ջրի անալիզ անել: Պետք է շատ նուրբ ու լուրջ վերաբերվել լճին: Եթե որպես բնապահպան ինձ հարցնեք, ես ճիշտն ասած կատեգորիկ դեմ էի այդ արհեստական ձկնաբուծությանը: Ես կարծում էի, որ հնարավոր է լիճը բերել այն մակարդակին, որ ձուկն ինքը սկսի բազմանալ: Պետք է ստեղծել այդպիսի իրավիճակ: Եվ շատ հիդրոէկոլոգներ, ձկնաբաններ կարծում են, որ հնարավոր է ոչ արհեստական ձևով Սևանա լճի վիճակն այնքան բարելավել, որ ձուկն ինքը բնական միջավայրում բազմանա: Ցավոք սրտի, մեզ ոչ ոք ականջ չդրեց և ունենք այն ինչ ունենք: Ժամանակ առ ժամանակ պետք է հետևել, մոնիթորինգի ենթարկել այդ տարածքները ու զգույշ լինել, հասկանալ թե այնտեղ ինչ է կատարվում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում