Դեպի Սևանա լիճ կարտանետվի GMO պարունակող նյութեր. «Սևան Ակվա» ՓԲԸ-ի վտանգավոր բիզնեսը

Օրերս հայտնի դարձավ, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ն նախատեսում է Փոքր Սևանում ձկնաբուծական 4 նոր տնտեսություն հիմնել: Ընկերությունը Բերդկունք համայնքին հարող հատվածում կունենա ընդհանուր թվով 48 ցանցավանդակ: «Սևան Ակվա» ՓԲԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքին հարող հատվածում նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: 

«Սևան Ակվա» ՓԲԸ մասին

Ընկերության մասին գրեթե ոչ մի տվյալ հայտնի չէ: Ընկերությունը չունի պաշտոնական կայք և տեղեկություն ստանալու որևէ այլ աղբյուր: ՀՀ կառավարության պետական ռեգիստրում բոլոր տվյալները ևս «գաղտնիացված» են: Ընկերության հարկային պարտավորությունների մասին ևս չկա ոչ մի տվյալ, քանի որ այն ասպարեզում է հայտնվել 2016թ.-ի մարտից միայն՝ օգտվելով Կառավարության կողմից տրամադրված արտոնություններից:

2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Կառավարության նիստում սահմանած կարգով ընտրված «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ըստ նույն ժամանակահատվածի տվյալների, ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1,75 մլրդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 0,9 մլրդ ՀՀ դրամ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 85 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.- 230 հազ. ՀՀ դրամ, 2018թ.- 220 հազ. ՀՀ դրամ և 2019թ.- 220 հազ. ՀՀ դրամ:

Ըստ էության Կառավարությունը նման արտոնություն է տրամադրել մի ընկերության, որի մասին տեղեկատվությունը պահվում է գաղտնի կամ հասանելի չէ հանրության լայն շերտերին:

Ինչպիսի՞ն են ռիսկերը

Ռիսկերը բազմաթիվ են: Հայտում նշված ռիսկերն են՝ ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում, գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ, ցանցավանդակները որպես ֆիզիկական վտանգ կամ պատնեշ այլ կենդանիների համար, տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում, տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ, շահագրգիռ կողմերի հակամարտություն:

Հայտում նշված են նաև բացասական ազդեցության բացառմանն ու նվազեցմանն ուղղված բնապահպանական միջոցառումներ:

Մասնագետի կարծիքը

«Ես դրանում վտանգ եմ տեսնում: Կոնկրետ իմ կողմից, որպես բնապահպանի, ես չեմ տեսնում որևէ դրական իրավիճակ»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում պնդում է բնապահպան Սիլվա Ադամյանը: 

«Սա բիզնես է, որը, ցավոք սրտի, հաշվի չառավ Սևանի բնական էկոհամակարգը, ինչպես նաև շատ-շատ գիտնականների խոսքը: Մարդիկ բիզնես են դրել և փորձում են դրա վրա փող աշխատել, բայց պետք է ոլորտը գոնե վերահսկողության տակ պահել: Նման գործունեության արդյունքում դեպի լիճ է արտանետվում արհեստական կերեր, որոնց մեջ որոշ մաս GMO է պարունակվում: Այդ ամբողջ կերը, իհարկե, ձուկը չի կարող յուրացնել: Այն նստում է լճի տակ, միանում է տիղմին, իսկ մյուս մասն էլ բարձրանում է դեպի ջրի երեսը և սա լուրջ խնդիր է դառնում ջրի աղտոտման, ջրի որակի տեսանկյունից: Գիտնականները սրա մասին խոսում են, ասում են, որ այդ մասերում՝ որտեղ ձկնաբուծություն է զարգանում պետք է տիղմի, ջրի անալիզ անել: Պետք է շատ նուրբ ու լուրջ վերաբերվել լճին: Եթե որպես բնապահպան ինձ հարցնեք, ես ճիշտն ասած կատեգորիկ դեմ էի այդ արհեստական ձկնաբուծությանը: Ես կարծում էի, որ հնարավոր է լիճը բերել այն մակարդակին, որ ինքը՝ ձուկը սկսի բազմանալ: Պետք է ստեղծել այդպիսի իրավիճակ: Շատ հիդրոէկոլոգներ, ձկնաբաններ կարծում են, որ հնարավոր է ոչ արհեստական ձևով Սևանա լճի վիճակն այնքան բարելավել, որ ձուկն ինքը բնական միջավայրում բազմանա: Ցավոք սրտի, մեզ ոչ ոք ականջ չդրեց և ունենք այն ինչ ունենք: Ժամանակ առ ժամանակ պետք է հետևել, մոնիթորինգի ենթարկել այդ տարածքները ու զգույշ լինել, հասկանալ թե այնտեղ ինչ է կատարվում:

Պատկան մարմինները, բնապահպանության նախարարությունը միշտ ուշադրության կենտրոնում պետք է պահեն այդ տարածքը, քանի որ կա նման վտանգ: Վերջերս փորձագետների կողմից տիղմի անալիզ է արվել, որը շատ վատ արդյունք էր ցույց տվել: Իսկ որոշ գիտնականներ էլ թաքուն են պահում իրենց հետազոտության արդյունքները: Երբ մենք իրենց ասեցինք՝ տվյալները դուրս բերեք մենք էլ տեսնենք թե ինչպիսի իրավիճակ է, մեզ ասեցին, որ դա ընկերության սեփականությունն է և իրենք չեն կարող: Ես կոչ եմ անում Բնապահպանության նախարարությանը, որպեսզի և գիտնականների, և իր ռեսուրսների միջոցով ուշադրության կենտրոնում պահի այդ տարածքը, այն դարձնի առավելագույնս անվտանգ: Չնայած, խիստ կասկածում եմ, քանի որ արդեն լճի աղտոտման պրոցեսը գնում է:

Այսպիսով համոզվում ենք, որ ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությունը, համաձայն որի առաջնային տեղ ունեն տնտեսական օգուտները, շարունակում է արդիական մնալ: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա «անհայտ» տերերի շահավետ բիզնեսը, մարդիկ կզգան իրենց սեփական օրգանիզմի վրա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում