Հենց պաշտոնյաներն են, ովքեր շրջանցելով բոլոր օրենքները, մտնում են անտառ և որս են անում. Բնապահպան

«Ես անձամբ չեմ հանդիպել, բայց որսագողությունը Հայաստանում առաջնային խնդիրներից մեկն է, որը նպաստում է գայլերի և արջերի կողմից տնտեսությունների վրա հարձակվելուն». այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը: 

«Մենք պարբերաբար տիկին Սիլվա Ադամյանի հետ անդրադառնում ենք գայլերի խնդրին և միշտ բարձրաձայնում ենք այս հարցը՝ ինչո՞ւ է գալը հարձակվում տնտեսության վրա, որովհետև նա չունի սննդային բազա: Իսկ ինչո՞ւ չունի, որովհետև բավական չէ ծառեր են հատվում, բավական չէ հանքեր են շահագործվում, որոնք շրջական միջավայրը բավական մեծ շառավղով թունավորում են, ՀԷԿ-եր են կառուցվում, որոնք կրկին բավական մեծ տարածքներ չորացնում, անապատացնում են, կենդանիները չունեն ապրելու տեղ և բնականաբար 4-րդ պատճառն էլ որսագողությունն է: Հիմնականում, չեմ վախենա նշել, որ հենց պաշտոնյաներն են, ովքեր շրջանցելով բոլոր այն օրենքները, որոնց ընդունմանը նաև իրենք են մասնակցում, մտնում են անտառներ և որս են անում»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեզ տրամադրած տվյալների համաձայն, 2015թ.-ի համեմատ 2016թ.-ին որսաքանակը կրճատվել է ավելի քան 2 անգամ: Ուսումնասիրելով վերոնշյալ փաստերը գալիս ենք 2 եզրահանգման. կամ ՀՀ կենդանական աշխարհի ներկայացուցիչներն այնքան են քչացել, որ դա արտացոլվում է անգամ պաշտոնական փաստաթղթերում, կամ էլ որսորդները տեղափոխվել են այլ՝ որսագողության դաշտ:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում