Մեր գյուղացիները որ չպայքարեին, նրանք հիմա իրանց գործն արել էին. «Վայկ Մետալ»-ի հայցը բավարարվեց

«Դատարանը փաստում է, որ վիճարկվող որոշումն ընդունվել է և միաժամանակ նույն որոշմամբ խախտվում է հայցվորի իրավունքը, որպեսզի փաստը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի կիրառմամբ որոշումն անվավեր ճանաչելու հիմք է»,- այս մասին հայտնում է ՀՀ վարչական դատարանը «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցի առընչությամբ: 

Փաստացի այսօր՝ մայիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը որոշեց բավարարել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության: Որոշումով նաև անվավար ճանաչեց Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ մերժումը: 

Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից շահագործման նախագծին տրված բացասական եզրակացությանը դատարանն անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ նախարարության կողմից փաստացի փորձաքննություն իրականացված չլինելու հանգամանքին: Ինչպես հայտնեց դատարանը. «Ըստ այդմ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացության, որպես վիճարկվող որոշման հիմքում վկայակոչված ապացույցի, որ իրավաչափ լինելու մասին ընկերության փաստարկների իրավական գնահատմանը՝ բանաձևելով, որ ընկերության հայտի հիման վրա կարող է իրականացվել պատշաճ փորձաքննություն, որն էլ կարող է գնահատվել վարչական մարմնի կողմից նոր վարույթի շրջանակներում»: 

Այսպիսով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 114-րդ հոդվածի 6-րդ մասով, 124-127-րդ, 130-րդ հոդվածներով՝ դատարանը վճռեց «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2016 թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 05/29.2/6994-16 մերժումը:

Նշենք, որ դատավորն էր Կարեն Ավետիսյանը, իսկ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: 

Նշենք, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ 2016թ.-ին ներկայացրել էր ՀՀ Վայոց Ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել էր բացասական եզրակացություն, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն այն մերժել էր: Հանքավայրը գտնվում է Գլաձոր և Վերնաշեն համայնքների վարչական տարածքում: Հայտը մերժվեց և «Վայկ Մետալ» ՍՊԸ որոշեց դատական կարգով վիճարկել իրեն տրված մերժումը և հայց ներկայացրեց ընդդեմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց Վերնաշեն համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանի հետ, ով ասաց. «Մեր ժողովուրդը համաձայն չի: Մենք բացասական ենք վերաբերում, որ մեր տարածքում հանք շահագործվի: Կարողա մի 3 տոկոսը համաձայն լինի, մի քանի ընտանիք, էն էլ անուղղակի ձևով կապեր ունեն դրանց հետ: 97-98 տոկոսը համաձայն չի չէ՞: Մեր ամբողջ խմելու ջրերն ընտեղից են գալիս, մեր արոտավայրերն են ընտեղ: Անցյալ տարի մենք էտ տարածքում ահագին աշխատանք ենք արել, գյուղնշանակության կառույցներ են սարքել, խմոցներ ենք տեղադրել: Մեր ամբողջ գյուղն էտ տարածքի հետ առընչություն ունի: Դրա ներքևի մասը սովետմիության ժամանակ պիտի ջրամբար կառուցեին, վաղն էլ մեր մոտ գալու են, որ ջրամբարի տեղը գծեն, չափեն, կառավարության միջոցներով կառուցեն: Գյուղերին որ վնաս չտար կարողա՞ ժողովուրդն էդքան հիմար էր, որ պայքարի մեջ մտներ: Արդեն 2 տարի է մեր գյուղացիները պայքարում են, որ չպայքարեին հիմա իրանք իրանց գործն արել էին»:

Նշենք, որ համայնքը ներկայացնում է զարգացման սեփական ծրագրեր գյուղատնտեսական ուղղվածությամբ, որոնք Կառավարությունը դրական է գնահատել: Վերնաշենի համայնքը ներկայացրել է մի քանի ծրագրեր, որոնցից է այծաբուծության ծրագիրը, «Վերնաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվ» ծրագիրը և այլն:

«Վայկ մետալս» ՍՊԸ-ն գրանցվել է 2015թ.-ին: Ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Արթուր Տեր-Սիմոնյանն է, ով կառավարության Վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է: Ըստ տարբեր լուրերի Արթուր Տեր-Սիմոնյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մտերիմներից է: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում