Բնապահպանության նախարարությունը խախտել է բազմաթիվ օրենքներ և մատների արանքով է նայում Ամուլսարի խնդրին

ՀՀ բնապահպանության նախարարությունն ամբողջությամբ «վստահում է» «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին: Համաձայն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գրավոր հարցմանն ի պատասխան ստացված գրության . «ՀՀ բնապահպանության նախարարությունը «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 29.04.2016թ. տվել է ԲՓ-35 դրական եզրակացություն»:

Այսինքն, ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել արդեն իսկ իրականացված փորձաքննության արդյունքին: Ավելին, 2016թ.-ին օգոստոսին «Գեոթիմ» ՓԲԸ-ն անվանափոխվեց՝ դառնալով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ: Ըստ էության, ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել մասնավոր կազմակերպության իրականացրած փորձաքննության, որը միաժամանակ հանդիսանում է շահագրգիռ կողմ և պետք է շահագործի նշված հանքավայրը: Առկա շահերի բախումը վկայում է, որ հնարավոր չէ ապահովել անկողմնակալ գնահատական և հավաստի տվյալներ:

Մեր կողմից հղված հարցերին տրված թռուցիկ պատասխանները վկայում են, որ բնության պահպանման նպատակով ստեղծված կառույցն ընդհանրապես հետաքրքրված չէ և մատների արանքով է նայում ՀՀ բնության ավիրմանն ուղղված այս ծրագրին:

Նույն գրությունում նշվում է նաև. «ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված փորձաքննական գործընթացին ներգրավված են եղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը /01.03.2016. NՓ-03/2016թ./, ՀՀ առողջապահության նախարարությունը /04.04.2016. ԱԿ/3462-16/, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեն, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որոնցից ստացվել են դրական եզրակացություններ համապատասխան առաջարկություններով, ինչը նախագծի լրամշակումներում հաշվի է առնվել»:

ՀՀ քաղաքացիները պարտավոր են հիշել այս կառույցներն ու դրանց ղեկավարներին անուն առ անուն, քանի որ տարիներ անց, երբ Հայաստանի բնակչությունը կկանգնի լրջագույն աղետի առջև պատասխանատուներին փնտրելու կարիք չի լինի:

Գրությամբ նաև տեղեկանում ենք, որ իրականացվել են հանրային իրազեկումներ և քննարկումներ: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու են անարձագանք մնում բազմաթիվ բնապահպանների և փորձագետների ահազանգերը տվյալ նախագծի կործանարար լինելու մասին: Ըստ էության, հանրային քննարկումներն իրականացվել են միակողմանի և միայն «ցանկալի» փորձագետների մասնակցությամբ: Բազմաթիվ գիտնականներն ու փորձագետները, ովքեր անդադար աղաղակում են և ներկայացնում ապացույցներ այս ծրագրի կործանարար լինելու մասին, մնում են նախարարության ուշադրությունից դուրս:

«Համաձայն նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության` գործունեության իրականացման արդյունքում բոլոր հնարավոր ազդեցությունները թույլատրելի նորմերի սահմաններում են»,- հայտարարում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Այս նախադասության ճշմարտացիությունը ցույց կտա ժամանակը: Այժմ փաստն այն է, որ տարիների փորձ և մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետները դեմ են արտահայտվում նախագծի իրականացմանը՝ պնդելով, որ այն աղետալի է:

«Ես, իհարկե, բացասական կարծիք ունեմ առհասարակ հանքարդյունաբերության մասին: Այդ փոքր տարածքում ինտենսիվ զարգացումը վատ հետևանքներ կունենա: Ոչ մի բանի չնայելով միայն քանդենք, հանենք ինչ հնարավոր է: Այդ տարբերակով, որղղակի երկիրը հիմքից կտրում ենք»,- մեզ հետ զրույցում ասել է ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը:

Իսկ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը պնդում է. «Բոլոր այդ հարցերը պետք է ունենան հիմնավոր պատասխան, ոչ թե այն հեքիաթները, որ իրենց եզրակացություններում գրված է: Ակնհայտ երևում է, որ իրենք ոչ մի գնահատում, ոչ մի վերլուծություն, ոչ մի մասնագիտական մոտեցում չեն ցուցաբերել այդ խնդրի նկատմամբ»:

Ինչպես նշված է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի ստորգրությամբ ստացված գրության մեջ. «Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքները գտնվում են շահագործման նախապատրաստական փուլում»:

Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, իսկ մասնագետների կողմից բարձրաձայնվող հարցերն ու ահազանգերը այդպես էլ մնացել են անպատասխան:

Ինչպես պնդում է իրավաբան Նազելի Վարդանյանը, մեր Բնապահպանության նախարարությունը խախտել է ՀՀ գրեթե բոլոր բնապահպանական օրենքները: «Այն ժամանակ «Գեոթիմ»-ը թաքցրել է շատ մանրամասներ և չէին գրում իրենց ՇՄԱԳ-ի մեջ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ: 2016թ.-ի ՇՄԱԳ-ի և բնապահպանական ու սոցիալական հաշվետվության մեջ «Լիդիան Արմենիա» մանրամասն նշել է այն բոլոր ազդեցությունները, որոնք կարող են ունենալ շրջական միջավայրի վրա իրենց գործունեության ընթացքում, բայց զարմանալին այն է, որ մեր պետական մարմինն ընդհանրապես դրան չի անդրադարձել, չի գնահատել, այսինքն, ըստ էության փորձաքննություն չի արել և տվել է դրական եզրակացություն: Այս փաստաթուղթն ընդհանրապես օրինական չէ»,- ասել է նա մայիսի 18-ին տեղի ունեցած հեռուստակամուրջ – քննարկման ժամանակ:

Ներկայացնենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ:

Թե ինչպիսի հետևանքներ կունենա այդ ծրագրի իրականացումը ՀՀ բնակիչների վրա, կարող եք ծանոթանալ այս հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում