Նոր մոդա է դարձել՝ «օբյեկտ» ունեցողները որոշել են արջ պահել. Լևոն Գալստյան

«Միայն 4-5 ահազանգ մենք ենք փոխանցել նախարարությանը, մոտ 20 անգամ էլ տարբեր օգտատերեր են ահազանգել, տեսանյութեր փոխացել, որոնցում ցույց է տրվում, որ տարբեր տեղերում հիմնականում արջ են պահում, ինչպես նաև այլ կենդանիներ». այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան Լևոն Գալստյանը: 

«Այնինքն, հիմա էլ նոր մոդա է դարձել. ինչ-որ մեկը, ով «օբյեկտ» ունի, կլինի գազալցակայան, ռեստորան թե հանգստյան գոտի, որոշել է այնտեղ արջ պահի: Արջը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանի է ու հեչ պարտադիր չի, որ ինքն ինչ-որ մարդկանց մոտ, ինչ-որ տարածքում պահվի ինչ-որ վանդակի մեջ անհայտ նպատակով: Ինչի՞ համար են գազալցակայանում արջ պահում, մեկը կարո՞ղ է պատասխանել, նպատակը ո՞րն է: Ոչ մի որոշումով չկա համապատասխան նպատակային բան արջին պահելու համար: Կարմիր գրքում գրանցված արջին իրավունք ունեն պահելու միայն որոշակի նպատակներով այն էլ օրենքով սահմանված կարգով ու պայմաններում: Օրինակ՝ վերարտադրության, գեղագիտական նպատակներով, ինչպես Կենդանաբանական այգում, կամ գիտական հետազոտությունների նպատակով: Չկա այդպիսի բան, որ գազալցակայանում պահելը համապատասխանի ինչ-որ սահմանումների: Ինչ-որ հանգստյան գոտում 2 քմ տարածքի մեջ արջին քցում են, որ մարդիկ գան, նայեն այդ արջին: Իմաստը ո՞րն է»,- մանրամասնեց նա:

Ըստ նրա կարծիքի, այդ պրակտիկան պետք է ընդհանրապես վերացնել ու պետք է հստակ օրենսդրական փոփոխություններ արվեն, որ ոչ մեկը, բացի համապատասխան պայաններ ապահովող մարմնից, իրավունք չունենա վայրի կենդանիներ պահելու, հատկապես՝ Կարմիր գրքում գրանցված:

«Եթե ավելի խորը գնանք, մենք ընդհանրապես դեմ ենք կենդանիներին որևէ ձև, ինչ-որ տեղ անազատության պայմաններում պահելու»,- ասում է Լևոն Գալստյանն ու շարունակում,- Մեր կարծիքով կենդանաբանական այգի էլ չպետք է լինի. վայրի կենդանին պետք է ապրի վայրի բնության մեջ»:

Մեր հարցին, թե ինչպիսին է եղել իրենց ահազանգերի արդյունքը պարոն Գալստյանը պատասխանեց. «Առաջին 2 դեպքում, գնացին նախարարությունից պարզեցին, որ մեկի պայմանները համապատասխանում են, մյուսինը՝ ոչ: Այն մեկը, որ գազալցակայանում էր, նրան տուգանել են ու ասել, որ մեծ վանդակ սարքի: Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի գազալցակայանում արջ պահելը: Հաջորդ դեպքերում էլ նախարարությունը հայտնեց, որ գնացել ենք, բայց արջերն այնտեղ չէին: Մեկը «Կանաչ դրախտի» արջի քոթոթն էր, որ սկզբից ասեցին տեղափոխել ենք Կենդանաբանական այգի, հետո հասկացան, որ մենք Կենդանաբանական այգու հետ կապ ունենք ու իմացել ենք, որ ոչ մի քոթոթ չեն տեղափոխել: Ասացին, որ իրենց մոտ ոչ մի քոթոթ էլ չի եղել, այլ հանգստացողներն են բերել իրենց հետ, խաղացել են, հետո նորից հետ են տարել: Մանկապարտեզ էլի:

Ավելի մեծ արջ էլ Տավուշի մարզի Դրախտավան գյուղում էին պահում: Տեսուչները գնացել են, բայց արջը տեղում չի եղել: Ահազանգը չի համապատասխանել իրականությանը, արջը չի հայտնաբերվել: Մարդիկ դա նկարել էին ապրիլի 22-ին ու բնականաբար, արջին տարել, ուրիշ տեղ էին պահել: Այսինքն, մենք հասկացանք, որ պայքարելու եղանակն էլ պետք է փոխենք: Երևի գնանք արջի կողքը կանգնենք ու զանգենք, ասենք՝ եկեք, արջը տեղում է: Ցանկացած եղանակով պտտացնում են էլի ինչպես միշտ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում