Ցավոք, մեր հասարակությունը կենդանիների նկատմամբ ունի առարկայական վերաբերմունք. բնապահպան Կարինե Փանոսյան

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է բնապահպան, «Pro Paws» (Փրո Փոուզ) կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը, ում հետ կխոսենք ՀՀ-ում մարդկանց վերաբերմունքի մասին դեպի կենդանիները:

Վերջերս մի քանի հրապարակումներ եղան տարբեր հաստատություններում բանտարկված կենդանիների մասին: Որքանո՞վ է օրինական պահել կենդանուն բանտարկված ռեստորաններում և սրճարաններում: Դուք նման դեպքեր գրանցե՞լ եք:

Ես ինքս պարբերաբար ստանում եմ նամակներ, տեսանյութեր: Դրանք հիմնականում անանուն մարդկանցից են լինում, որովհետև նրանք ցանկանում են ստվերում մնալ: Մարդիկ վախենում են, քանի որ նրանք ապրում են այդ տարածքներին մոտ և չեն ուզում խնդիրներ ունենալ «օբյեկտ» կոչվածի տերերի հետ, որոնք սովորաբար ազդեցիկ մարդիկ են լինում: Մենք տեղեկությունը փոխանցում ենք բնապահպանության նախարարության համապատասխան տեսչությանը, բայց շատ հաճախ խնդիրը կայանում է նրանում, որ կենդանիները պահվում են գործող օրենքով բավարար պայմաններում: Այսինքն, գործող օրենքը, ենթադրենք, թույլ է տալիս 80 քմ վրա պահել արջ և տեսչությունը գնում է, ստուգում է, գալիս է, ասում է՝ «գիտեք տվյալ օրենքով որևէ խախտում չկա, կենդանուն տվյալ օրենքին համապատասխան են պահում և ոչինչ անել չենք կարող»: Տվյալ դեպքում մեզ համար կարևորագույն խնդիրը օրենսդրական փոփոխությունն է և, եթե հիշում եք, մենք նախորդ տարի օրենսդրական փաթեթ տարանք Ազգային ժողով և մինչ այժմ մենք չգիտենք՝ գործընթացը, որ փուլում է գտնվում: Հույս ունենք, որ օրենքի փոփոխությունը տեղի կունենա և մենք վերջապես կկարողանանք վերահսկողություն սահմանել: Ես չգիտեմ խնդիրը ինչումն է՝ գուցե այս ազդեցիկ մարդիկ են, կամ էլ բնապահպանության տեսչության ոչ պատշաճ աշխատանքը, ամեն դեպքում որոշ խնդիրներ շատ հաճախ մնում են անլուծելի:

Տեղյա՞կ եք, ահազանգից հետո նախարարության տեսչությունը ստուգայց անցկացնում է:

Իրենք անմիջապես արձագանքում են: Ես իմ անունից ասեմ, որ չի եղել դեպք, երբ տեղեկությունն ուղարկեմ և արձագանք չլինի նախարարությունից:

Իսկ Ձեզ նման մարդիկ շա՞տ են Հայաստանում:

Ինձ նման մարդիկ բավականին կան: Խնդիրը մարդկանց մեր տեղեկությունները, գիտելիքները, գաղափարը հասցնելու մեջ է: Ցավոք սրտի մեր հասարակությունը կենդանիների նկատմամբ ունի առավելապես առարկայական վերաբերմունք, թեև վերջին տարիներին այս վերաբերմունքը քայլ առ քայլ փոխվում է, որովհետև ինձ նման մարդկանց քանակը շատանում է, ինչպես նաև լրագրողների շնորհիվ տեղեկությունը սկսվում է տարածվել: Այսպիսով, բավականին ակտիվացել են կենդանասերները և նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչ այժմ առանձնապես հետաքրքրված չէին եղել կենդանական աշխարհի կամ անտառների խնդիրներով սկսում են հետաքրքրվել և ակտիվանալ: Նույնիսկ դեպքեր են լինում, երբ մարդիկ ահազանգում են ասում են՝ «գիտեք ես այնպես չէ, որ բուսակեր կամ կենդանասեր եմ, բայց աչքիս առաջ կենդանին տանջվում էր, որոշեցի ձեզ դիմել, մեղքս եկավ»: Եվ, բնականաբար, մարդու մոտ արդեն գիտակցության փոփոխություն է եղել: Ինքը մտածում է, որ ինքը կենդանասեր չի, բայց արձագանքում է կենդանու խնդրին:

Այս առումով ինչպիսի՞ փոփոխություններ եք տեսնում նոր սերնդի ներկայացուցիչների մոտ:

Ես տեսնում եմ 2 ծայրահեղ վերաբերմունք: Ծայրահեղ դաժան, ագրեսիվ վերաբերմունք, որը գալիս է, ենթադրում եմ՝ մուլտֆիլմերից, ֆիլմերից կամ դաստիարակությունից, երկրորդը՝ ծայրահեղ կենդանասեր երեխաներ, ովքեր տանը ունեն կենդանի կամ ծնողները կենդանասեր են և երեխային անընդհատ քարոզում են կենդանիների նկատմամբ սեր ու հոգատար վերաբերմունք: Կան երեխաներ, ովքեր պարբերաբար լինում են բնության մեջ և նրանց վերաբերմունքը բացարձակապես տարբերվում է առաջինների վերաբերմունքից: Միջին կարծես թե չկա: Քանի որ ես տարբեր դպրոցներում, տարբեր խավի, դասակարգի երեխաների հետ եմ աշխատում և՛ Երևանում, և՛ մարզերում, ես տեսնում եմ այդ ծայրահեղ երկու խմբի երեխաներին և, ցավոք սրտի, նկատել եմ, որ առավելապես գերակշռում է ոչ կենդանասեր երեխաների թիվը: Ասեմ նաև, որ մեր էկոլոգիական կրթության դասընթացները, որոնք իրականացնում ենք, նույնիսկ այդ ագրեսիվ երեխաների մոտ են կոտրում այդ կարծրատիպը: Երեխայի մոտ հենց տեղում վերաբերմունքի փոփոխություն է լինում, որովհետև նա չի պատկերացնում, նրան չեն ասել, որ կա այսպիսի խնդիր: Երբ նա իմանում է, վերաբերմունքը փոխվում է:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում