Այս պարագայում անտառապահներն էլ կարող են ձուկ գողանալ, պետք չէ զարմանալ. Ապրես Զոհրաբյան

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը: 

Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ հատուկ պահպանվող տարածքների վիճակը: Համացանցում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել ծառահատումների և որսագողությունների մասին վկայող լուսանկարների և տեսանյութերի:

- Այդ դեպքերը պետք չէ դիտել պետական կառավարման ոլորտում թույլ տվող սխալներից, բացթողումներից կամ բարձիթողի վիճակից առանձին: Վերջին հաշվով դա արդյունք է ընդհանուր առմամբ Հայաստանում իշխանության ուզուրպացիայի: Կան մարդիկ, ովքեր վերցնում են իշխանությունն ապօրինի ձևով և դրանից բխող բոլոր հետևանքներով: Դա վերաբերում է նաև Ձեր մատնանշած ոլորտին:

Խոսենք վերջերս տեղի ունեցած դեպքի մասին: Օրերս «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի աշխատակիցը ձերբակալվել էր ձկնագողության կասկածով: Տեղյա՞կ եք այդ դեպքից:

- Մամուլից եմ տեղյակ: Կոնկրետ քրեական գործ է: Մանրամասներին տեղյակ չեմ, բայց մամուլում, ինչպես սկզբում գրված էր, ինձ անհավանական թվաց: Նախիջևանի սահմանը հատելու հետ կապված միայն:

Տեղեկությունը հետագայում ճշտվեց: Անտառապահի մեքենայում հայտնաբերվել էր ձկնորսական ցանց և 78 հատ ձուկ:

- Ես էլի եմ ասում, դա չպետք է առանձին դիտել երկրում տիրող իրավիճակից: Կա կոնկրետ իշխանության յուրացում: Այս պարագայում անտառապահներն էլ կարող են ձուկ գողանալ, ոչնչի վրա պետք չէ զարմանալ:

Իսկ տարածքի ստեղծումն ու գոյությունը ֆինանսավորող դոնոր կազմակերպություններն, ըստ Ձեզ, ինչո՞ւ են լռում:

- Մարդիկ ուղղակի ֆինանսավորում են, իսկ մնացածն իրականացվում է այն ռեսուրսի կողմից, որն այսօր առկա է պետական կառավարման համակարգում: Ինչպես ասացի այս համակարգը չի փայլում իր կոմպենտետությամբ: Իսկ պատճառների մասին արդեն ասացի. երկրի ներսում իշխանության վարած քաղաքականությունն է: 

Ըստ Ձեզ, ֆինանսավորողները տեղյակ չեն արձանագրվող խախտումներից:

- Բնականաբար տեղյակ կլինեն, գոնե մամուլի հրապարակումներից: Բայց, վերջին հաշվով, չեմ կարծում, որ անտարբեր են, ուղղակի կարծում եմ իրենք էլ նույն խնդիրների առաջ են, որոնք ես նշեցի: Օրինակ՝ Դիլիջան ազգային պարկում տեղի ունեցող ծառահատումները: Դրա վերահսկողությունը պետք է իրականացնի Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը ու քանի որ իրենք լավ չեն աշխատում, հետևաբար վերահսկողությունը լավ չի իրականացվում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում