Ստորագրահավաք պոլիէթիլենային տոպրակների արգելմանն ուղղված

Քաղաքացի Միքայել Հովհաննիսյանը Change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել հանուն մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը առևտրի կետերում արգելելու: Պահանջագիրն ուղղված է ՀՀ կառավարությանը։ Բոլոր մարդիկ, ովքեր համաձայն են այս գաղափարի հետ կարող են անցնել հղումով, ստորագրել և տարածել այս նախաձեռնությունը։

Ստորագրահավաքի տեքստում մասնավորապես ասվում է․

«Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը մեր օրերում համամոլորակային խնդիր է դարձել: Աշխարհում աղբի 75 % կազմում են պոլիէթիլենային տոպրակները: Դրանք բնության մեջ շատ երկար են քայքայվում՝ 100-400 տարվա ընթացքում: Միջինում այդ տոպրակների օգտագործելիության ժամկետը կազմում է 20 րոպե, բայց հետագայում այն դեռ պիտի քայքայվի դարերի ընթացքում:

Հայաստանում պոլիեթիլենային տոպրակներն աղբի տեսքով ամենուր են՝ քաղաքներում, գյուղերում, պատմամշակութային վայրերում, դաշտերում, ճանապարհների եզրերին, լճերում, գետերում, իսկ քամու ժամանակ ականատես ենք լինում տհաճ տեսարանի՝ թռչող տոպրակների ալիքի: Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ, ինչից գոյացած աղբը գրեթե չի վերամշակվում: Աղբանոցներում դրանք քամու միջոցով տարածվում է շրջակայքում, իսկ այրելու դեպքում արտադրվում է միջավայրն աղտոտող խիստ թունավոր, քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին:

Այս խնդիրները հաշվի առնելով՝ Հայաստանում պետք է արգելվեն մեկանգամյա օգտագործման տոպրակների տրամադրումը խանութներում, իսկ փոխարենը վաճառվեն որակյալ, բազմամյա օգտագործման տոպրակներ (գնում եք մեկ անգամ, օգտագործում ամեն անգամ առևտուր անելիս): Կարելի է կիրառել նաև կտորե կամ թղթե պայուսակներ և արկղեր: Գուցե սկզբում դժվարություններ առաջանան բնակչության շրջանում, բայց եթե մի շարք երկրներ (ինչպես օրինակ՝ Իտալիա, Գերմանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, ԱՄՆ-ի մի շարք նահանգներ, այս սեպտեմբերից նաև Վրաստան, և այլն) կարողանում են ապրել առանց մեկանգամյա օգտագործման տոպրակների, ապա մենք նույնպես կարող ենք: Կարևորը հասարակության գիտակցումն է և սերը բնության ու հայրենիքի նկատմամբ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում